Հայատյացությունը Ադրբեջանում

Հայատյացությունը Ադրբեջանում․ Ադրբեջանում շուրջ երեսուն տարի տարածված գաղափարախոսություն, որի նպատակն է էթնիկ հայերի նկատմամբ ատելության, ագրեսիայի սերմանումը, պատմական ու մշակութային արժեքների կեղծումն ու յուրացումը։ Նման քաղաքականության մասին բազմիցս նշել և շարունակում է իր «խոսքից հետ չկանգնել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր նպատակը համարել և համարում է Ադրբեջանի «պատմական հողերի և տարածքների» վերականգնումը[1], որին հասնելու համար Ադրբեջանի օգտագործած «մեթոդներից» են հայատյացության սերմանումը Ադրբեջանում և այլոց պատմությունը յուրացնելու միջոցով սեփական պատմության ստեղծումը։ Այս աղաքականության անբաժան մասն է նաև հայատյացության սերմանումը, որի ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ի. Ալիևի՝ վերջերս արած հայտարարությունն է, որում նշվում է. «Երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողերի վերադարձի գաղափարով` ներառյալ Հայաստանը»[1]։

Ադրբեջանի վարած քաղաքականության նպատակային հիմքերն առավել դիպուկ ներկայացնում է Ա. Սարգսյանը. «Ադրբեջանում նկատվող բազմաբովանդակ կեղծարարությունները նպատակ ունեն խարխլել արցախահայության ինքնորոշման պատմաիրավական ու քաղաքական հիմքերը, ձևավորել Արցախի հանդեպ պահանջատիրոջ ինքնություն ունեցող ադրբեջանցի, ինչպես նաև շիկացնել հակահայկականության մթնոլորտը»[2]։ Այլատյացության սերմանման առավել տարածված և լայնամասշտաբ հարթակներ են գրականությունը, դպրոցական դասագրքերը, ԶԼՄ-ները և այլն։ Ինձ ասա, գրում է Բերկը,- թե ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին»։ Այստեղից էլ պարզ է դառնում, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական դպրոցական դասագրքերը։ Միաժամանակ պետք է ընդգծել ադրբեջանական «խավիարային և նավթադոլարային քաղաքականության» գործոնը, որի շնորհիվ եվրոպական մի շարք բարձր ամբիոններից խեղաթյուրվում են առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակին տրվում են, մեղմ ասած, կողմնակալ գնահատականներ։

Բայց պետք է արձանագրել մի քանի փաստ ևս.

  • Ադրբեջանական ռեսուրսներն անսահմանափակ չեն, և, ի վերջո, սպառվելու են նավթադոլարները[3], որոնց հաշվին ստեղծվում է Ադրբեջանի «գրասենյակային հիմքեր» ունեցող պատմությունը։
  • Հայաստանը հակաքարոզչական ներկա պայքարում զիջում է Ադրբեջանին, և միանշանակ, մեր ռեսուրսներն այս ոլորտում, չնայած հարցի օրակարգային բնույթին, սահմանափակ են։
  • Մենք առավելություն ունենք միայն այնքանով, որ փորձում ենք պաշտպանել մեր սեփականը, իսկ Ադրբեջանը փորձում է խմբագրել պատմությունը և հետին տարեթվով պատմություն կերտել։

Մինչ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության սաստկացումը Ադրբեջանը նորանկախ Արցախին փորձեց դեռ չծնված խեղդել արյան մեջ` աշխատելով զենքով սեփականացնել հայի պատմությունն ու պատմական տարածքը։ Արդյունքը եղավ հայ ազգին պարտադրված պատերազմը։ Երևույթը հանգամանալից պարզաբանում է Ա. Մանասյանը. «Զենքի ուժով նորանկախ հանրապետությանը փորձում էր ծնկի բերել, նրա ազգաբնակչությանը ոչնչացնել միջազգային իրավունքի սկզբունքների և ԽՍՀՄ օրենքների խախտումով հռչակված Ադրբեջանական Հանրապետությունը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում շարունակելով Սումգայիթյան ցեղասպանության ռազմավարությունը` վարում էր ապրելու իր իրավունքը պաշտպանող ժողովրդի բնաջնջման քաղաքականություն։ Արցախն ընդունեց մարտահրավերը և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, պատվով դուրս եկավ փորձությունից»[4]։ Հարկ է ընդգծել, որ ադրբեջանական կողմի այն պնդումները, թե հայերը հաղթանակ ենք տոնել այլազգիների, գրոհայինների ու վարձկանների շնորհիվ, մեղմ ասած, անհեթեթ են, քանի որ ՀՀ և ԼՂԻՄ-ում այնպիսի ծանր սոցիալ-տնտեսական վիճակ էր տիրում, որ չկային կենսական անհրաժեշտության առաջին պարագաների բավարարման միջոցներ, ուստի ակնհայտորեն անհնար էր վարձկանների օգտագործումը։ Անտեսել չենք կարող չեչեն գրոհային Շամիլ Բասաևի խոսքերը. «Արցախում (Ղարաբաղում) կռվելը նպատակահարմար չէ, ադրբեջանցիները չեն կարող, հայերին չես հաղթի։ Մենք եկել էինք կռվելու Ղարաբաղում ոչ թե տիտղոսների համար, այլ ջիհադի գաղափարի, բայց երբ հասանք և տեսանք իրավիճակը, մենք հասկացանք, որ ջիհադի ոչ մի նշույլ չկար։ Ադրբեջանական բանակում շատ քիչ էին բարձրաստիճան սպաները, ում կարելի էր վստահել։ Հայերը պատերազմին ավելի լավ էին պատրաստված։ Տվեք ինձ քսան հայ ֆիդայի, և ես կնվաճեմ ողջ Ռուսաստանը»[5]։

Ինքնության կերտման կամ նրա բնույթի փոփոխման հարցում էական դեր են կատարում անուն-անվանումները, որի մասին Հ. Պետրոսյանը գրում է. «…անվանել նշանակում է ստեղծել»[6]։ Վերոնշյալ երկու մեջբերումների արդյունքում կարող ենք նշել, որ, անվանվելով Ադրբեջան, իրենք «ստեղծեցին» Ադրբեջան ու ադրբեջանցի, սակայն դա առնվազն ծիծաղելի է։ Այլ խոսքով ասած, րոպեների ընթացքում անվանելու միջոցով ազգ, այն էլ՝ նրա դարավոր մշակույթ, պատմություն ու ինքնություն չեն ստեղծում։ Իսկ ինքնության ճգնաժամը հաղթահարելու համար սկսեցին օգտագործել հնարավոր և անհնարին բոլոր միջոցները։ «Ադրբեջանցու» ինքնության ճգնաժամի հաղթահարման ճանապարհին նրանց վարած քաղաքականության մեջ կարող ենք առանձնացնել երկու հիմնական մեթոդ Վեհանալ նվաստացնելու միջոցով։ Այս մեթոդն ամենատարածվածն է մերօրյա Ադրբեջանում, քանզի նրանք, փորձելով ցույց տալ սեփական ազգի բարեպաշտությունը, օրինակելիությունը, մնացյալ ազգերի համեմատությամբ որակապես գերադրական աստիճանին գտնվելը և հնարավոր բոլոր դրական հատկանիշները, որ կարելի է վերագրել իրենց, ցանկանում են մեծացնել հայերի նկատմամբ իրենց կարծիքով ունեցած «որակական առավելությունը»` վատաբանելով, նվաստացնելով և խեղաթյուրելով հայի ինքնությունը:Սինուսոիդային քաղաքականություն կամ պրպտումներ անցյալի քառուղիներում։ Այս մեթոդի օգնությամբ նրանք գտնում են պատմության մեջ որևէ դրական երևույթ, որ չունի միանշանակորեն հաստատագրված տեր, ապա փորձում են յուրացնել և ներկայացնել որպես իրենցը, անհաջողության մատնվելու դեպքում էլ հոգ չէ, քանզի, մեծ հաշվով, ոչինչ չեն կորցնում։

Հարկ համարելով ազգային ինքնության քննության շրջանակում կարևորել էպոսը, որպես տվյալ ժողովրդի աշխարհընկալման ու արժեքային համակարգի լավագույն «հանրագիտարան», պետք է փաստել, որ, հիմնվելով թեկուզ միայն տրամաբանության վրա, ադրբեջանցի կոչվող ժողովուրդը պարզապես չունի էպոս, սակայն, չանտեսելով նրանց թուրքական ցեղ լինելու հանգամանքը, Թուրքիայի հանդես գալը որպես Ադրբեջանի «ավագ եղբայր», թուրքական երկու ժողովրդի ու պետության վերաբերյալ իրենց իսկ պնդումները և մի շարք այլ փաստեր` օղուզական էպոսի[7] մոտեցումները կարող ենք որոշ մասով վերագրել նաև ներկայիս ադրբեջանաբնակների նախնիներին, որտեղ, ինչպես կտեսնենք, ինքնության կերտման հիմնարար սկզբունքներն են գլուխներ կտրելը, արյուն հեղելը, մարդ սպանելը և այլն։ Այս մասին պրոֆեսոր Հ. Միրզոյանը գրում է. «Գաղտնիք չէ և այն, որ բոլոր էպոսներում տեղի են ունենում և՛ մարդասպանություն, և՛ արյան հեղում, բայց այդ ամենն արվում կամ ցուցադրվում է ռազմի դաշտում հարկադիր ուժերի անմիջական բախման ընթացքում։

Մյուս բոլոր էպոսների նման օղուզական էպոսը նույնպես հարուստ է այդօրինակ իրողություններով։ Սակայն մյուս բոլոր էպոսներից տարբերվում է հատկապես այն բանով, որ նրանում մարդկանց գլուխ կտրելն ու արյուն հեղելը կատարվում են ոչ միայն ռազմի դաշտում թշնամիների հետ բախման ընթացքում, այլև սովորական կենցաղային պայմաններում, այսինքն` մարդկանց գլուխ կտրելն ու արյուն հոսեցնելը դիտվում են որպես տղա երեխայի հասունացման ու առնականացման չափանիշ, իսկ հասուն տղամարդու համար` քաջության, պատվի ու արժանապատվության պայման»[8]։ Հ. Միրզոյանի այս հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանում բարձրացած աղմուկի վերաբերյալ տեղին է մեջբերել հայկական ժողովրդական ասացվածքը.«Գողն առաջինն է գոռում` բռնե՛ք գողին»։ Բոլորիս են հայտնի հայկական էպոսում`«Սասնա ծռեր»-ում, տղայի՝ տղամարդ դառնալու, մարդկային արժանապատվության, փառքի ու պատվի ձեռքբերման և պահպանման միջոցները, ինչպես նաև մարդ սպանելու կամ արյուն թափելու իրավիճակները, պայմանները և պատճառները։ Փայլուն օրինակ և ադրբեջանական իրականության ու էպոսի հակադրություն են (դրական իմաստով) Հայաստանի կրթական համակարգում ուսուցանվող թեմաները և դրանց բնույթը։ Բնականաբար, «Սասնա ծռեր» էպոսից որոշ հատվածներ զետեղված են տարրական և միջին դասարանների գրականության մեջ, մասնավորապես՝ 6-րդ դասարանի «Գրականություն» առարկայի դասագրքում, որտեղ մեջբերված հատվածում ասվում է.

Ով քնած է, արթո՛ւն կացեք,

Ով արթուն է, ձիե՛ր թամբեք,

Ով թամբեր է, զենքե՛ր կապեք,

Ով կապեր է, էլե՛ք, հեծե՛ք,

Չ’ասեք՝ Դավիթ գող-գող էկավ, գող-գող գնաց[9]։

Այստեղ հատկանշական է մի հանգամանք` վերը նշված «ով քնած է, արթո՛ւն կացեք»-ն առավել քան դիպուկ պատասխանն է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արարքին[10]։ Մեր էպոսի մի շարք այլ հատվածներում էլ ի ցույց են դրվում հայերի արժեքային համակարգի ու ինքնության բազմաթիվ կողմեր, որոնցից առավել ընդգծված են մեծի նկատմամբ հարգանքն ու խաղաղ բնակչությանը, եթե, իհարկե, կարելի է նրանց կոչել խաղաղ, չկոտորելու միտումը:Լսելով Մելիքի բանակում գտնվող ծերունու հորդոր-խնդրանքը՝ Դավիթը չի սպանում հասարակ գյուղացիներին, ովքեր զոռով բերվել էին կռիվ, այլ շարունակում է կռիվը Մելիքի հետ[11]։ Գյուղացիներին չկոտորելուն էլ հակադրվում են եռակողմ հրադադարի ռեժիմի համաձայնագրի՝ ադրբեջանական կողմից պարբերաբար խախտումները, որոնց արդյունքում հակառակորդը կրակ է բացում սահմանամերձ շրջանի գյուղերի խաղաղ, անզեն ու անպաշտպան բնակիչների վրա, իսկ դրա վառ վկայությունն են հենց վերջերս տեղի ունեցած հարձակումները ԼՂՀ դիրքապահների ուղղությամբ, որոնց հաջորդած օրերին հակառակորդը հրետակոծության էր ենթարկում սահմանամերձ շրջանները[12]։

Ինչպես արդեն նշել ենք, ադրբեջանական կողմը նենգափոխում է իրականությունը, հետին թվով խմբագրում սեփական պատմությունն ու հայոց էպոսը, նենգափոխում և համատեքստից դուրս մեկնաբանում աշխարհահռչակ բանաստեղծ Ալ.Պուշկինի հետևյալ խոսքերը. «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» («Ты трус, ты раб, ты армянин»): Այս միտքը շատ է շահարկվել անգամ ԽՍՀՄ կործանման հետ կապված հանրահավաքներում, պաստառների վրա, գրքերում, մամուլում տեղեկատվական հնարավոր բոլոր միջոցներով։ Մեջբերումը բազմիցս վերլուծվել և լուսաբանվել է, սակայն ադրբեջանական տարբեր աղբյուրներում ակնհայտ է թյուրըմբռնվածությունն ու կողմնակալությունը։ Առավել պարզ ու կոնկրետ ներկայացնենք վիճակն ու համատեքստը։ Տազիտը չեչեն պատանի էր, ում դաստիարակությունը հայրը վստահել էր մի չերքեզի (ըստ պոեմի սևագրերից մեկի` քրիստոնյայի)։ «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» խոսքերով էր Տազիտից հրաժարվել ավազակաբարո հայրը, երբ որդին, ըստ նրա, չեչենին անվայել երեք մեղք էր գործել։ Տազիտը չէր սպանել ու կողոպտել ճամփորդ անպաշտպան հային, չէր բռնել ու օղապարանը վզին հոր մոտ տարել իրենցից փախած ստրուկին և, ամենակարևորը` միայնակ, վիրավոր ու անզեն ոսոխից եղբոր արյան վրեժը չէր առել։ Այդ պատճառով կատաղած հայրը որդուն վախկոտ էր համարել, որովհետև, ըստ նրա, միայն վախկոտը չի սպանի ու կողոպտի անպաշտպան մարդուն, ստրուկ, քանզի լոկ ստրուկն է ունակ գնահատել իր նմանի ազատությունը, և, վերջապես` հայ, որովհետև միայն հայն իրեն թույլ չի տա վրեժ լուծել վիրավոր ու անզեն ոսոխից։ Այսպիսով, Ալ. Պուշկինը ոչ թե վատաբանել ու նվաստացրել է հայերին, այլ ի լուր աշխարհի բացահայտել է հայի ինքնության եզակիությունն ու դրական կողմերից մի քանիսը։ Առավել քան ակնհայտ է դառնում հայերի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը բոլոր ոլորտներում, ինչպես նաև նման քաղաքականության թիկունքում պետական ապարատի կանգնած լինելու հանգամանքը։ Ակնհայտ է, որ ապագա սերունդը ՀՀ-ում չի դաստիարակվում այլատյացության գաղափարախոսությամբ և թշնամանքի մթնոլորտում։ Ասվածը առավել քան հաստատվեց, երբ քնած հայ սպային կացնահարած մարդասպանին Հունգարիայի ղեկավարությունն արտահանձնեց Ադրբեջանին, որի պատճառով էլ Հայաստանում սկսված բողոքի ակցիաների ժամանակ, երբ այրում էին Հունգարիայի պետական դրոշը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց ժողովրդին կոչով` չայրելու պետական դրոշը։

Ի վերջո, մեծ հաշվով, ներկայիս սանձարձակությունը կարելի է համարել միայն որպես սկիզբ, քանզի հակահայկական լոբբինգը գնալով ավելի մեծ թափ է հավաքում։ Ուստի պետք է օր առաջ պատրաստվել հակահարված տալու այս նենգ քաղաքականությանն ու այս անգամ վերջին և կործանարար հարվածը[13] հասցնել լոկ փաստաթղթերով, հիմնական մասն էլ՝ շինծու, պետությանը[14]։

Արտաքին հղումներ խմբագրել

1․ Թորոսյան Դ․, Հայատյացությունը Ադրբեջանում, Երևան, ISSN 1829-4367, ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 1.7 (10), http://www.ysu.am/files/SSS_Journal_New_7,%20pp.103-108.pdf Արխիվացված 2017-12-09 Wayback Machine Արխիվացված 2017-12-09 Wayback Machine։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հատված հունվարի 22-ին Գյանջայում (Գանձակ) Ալիևի ելույթից։ Առավել մանրամասն տե՛ս։». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին.
  2. Սարգսյան Ա., Հայատյացությունը Ադրբեջանում. ռեսենտիմենտի և ավտորիտարիզմի խաչմերուկում, Երևան, 2013, էջ 13։ 104
  3. Մանուկյան Ս., Ադրբեջանի պետական բյուջեի երեք քառորդը սնվում է նավթային ոլորտից. http://times.am/?l=am&p=4456,
  4. Մանասյան Ա., Ղևոնդյան Ա., Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել…, Երևան, 2011, էջ 5
  5. Թորոսյան Դ., Շամիլ Բասաևը հայերի և Արցախի մասին, http://azatatenchhayer.blogspot.com/2014/-(չաշխատող հղում) 01/Shamil-Basaevy-hayeri-ev-Arcaxi-masin.html
  6. Պետրոսյան Հ., Հայ ինքնության ավանդական խորհրդանշանները և դրանց մերօրյա դրսևորումները. տապանակիր լեռը և կորուսյալ դրախտը, «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում. գիտաժողովի նյութեր», Երևան, 2013, էջ 132։
  7. Մասնագիտական գրականության մեջ առավել հայտնի է որպես «Քորքութի գիրք»` «Դեդա Քորքուտ» կամ «Книга моего деда Коркута» անվանումներով
  8. Միրզոյան Հ., Էպոսը որպես տվյալ ժողովրդի ինքնության ուսումնասիրության աղբյուր (օղուզական էպոսի օրինակով), «Հայոց ինքնության հարցեր» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2012, էջ 28
  9. Մնացականյան Լ., Ներսիսյան Վ., Գրականություն, դասագիրք հանրակրթական դպրոցի VI դասարանի համար, Երևան, 2001, էջ 25։
  10. Տեր-Սահակյան Կ., Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գազանային սպանությունից 10 տարի է անցել, http://www.panarmenian.net/arm/details/176025/:
  11. Մնացականյան Լ., Ներսիսյան Վ., էջ 25-26,31-32։ 107
  12. Ղազարյան Լ., ՀՐԱՏԱՊ. Չինարին ու Մովսեսը գնդակոծվում են.մարդիկ տան խորքերում են պահվում, http://henaran.am/news_view.php?post_id=34981(չաշխատող հղում)
  13. «Հարվածը կլինի կործանարար և վերջինը», http://www.aravot.am/2010/11/16/344970
  14. Թորոսյան Դ․, Հայատյացությունը Ադրբեջանում, Երևան, ISSN 1829-4367, ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, 1.7 (10), http://www.ysu.am/files/SSS_Journal_New_7,%20pp.103-108.pdf Արխիվացված 2017-12-09 Wayback Machine։