Հակոբոս Այվազյան (անհայտ, Կոստանդնուպոլիս - 1918), երաժիշտ։

Հակոբոս Այվազյան
Ծնվել էանհայտ
Կոստանդնուպոլիս
Մահացել է1918
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունՆարեկյան վարժարան և Չարխափան Սուրբ Աստվածածին վանք

Կենսագրություն խմբագրել

Հակոբոս Այվազյանը սովորել է Կոստանդնուպոլիսի Նարեկյան վարժարանում, ապա՝ Արմաշի դպրեվանքում, ավարտել է Բրուսայի շերամապահության ուսումնարանը։ Տիրապետել է քաղաքային մասնագիտացված երաժշտության հիմունքներին, Հայ եկեղեցու տարեկան շրջանի երգասացություններին, նոր հայկական ձայնագրությանը։ Ինքնուրույն յուրացրել է եվրոպական նոտային համակարգը, սովորել նվագել ուդ, ջութակ։

Ուսումնառության վաղ տարիներից մասնակցել է ժամերգությունների և իր գեղեցիկ ձայնով ու երաժշտական լսողությամբ արժանացել Համբարձում Չերչյանի ուշադրությանը։

1891-1915 թվականին (ընդմիջումով) եղել է Արմաշի դպրեվանքի երաժշտության ուսուցիչ, նպաստել է եկեղեցական գործիչների երաժշտական կրթությանն ու ճաշակի ձևավորմանը։

1915 թվականին ձերբակալվել է, տարագրվել, հալածանքների ենթարկվել և մահացել բանտում։

Աշխատություններ խմբագրել

Այվազյանի ձեռագրերը փրկել է որդին՝ Գեղամը, որը հայրենադարձել է 1959 թվականին․ դրանք հանձնել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ձեռագրերից կարելի է առանձնացնել «Արևելյան երաժշտության ձեռնարկը» և դրան առնչվող «Հայ եկեղեցական ձայնագրության դասագիրքը», որն անավարտ է։ Այստեղ հայ երաժշտական համակարգի ձայնաստիճանները, 8 ձայնեղանակներն ու դրանց դարձվածքները ներկայացված են համապատասխան մերձավորարլյան անվանումներով ու համարժեքներով (հայկական ձայնագրության նշաններով)։ Այվազյանի 1901 թվականի արևմտահայերեն ձեռնարկը, որը հարում է նախակոմիտասյան շրջանի հայ եկեղեցական երաժիշտների տեսական գործնական թեքումով սակավաթիվ աշխատություններին (ուշագրավ է Թամբուրի Հարութինի «Արևելյան երաժշտության ձեռնարկը»), որտեղ հաստատագրված և դասակարգված են շուրջ 100՝ սերնդեսերունդ բանավոր փոխանցված ավանդական եղանակներ, չափակշռույթային տիպական բանաձևեր (ուսուլներ)՝ իրենց ձայնելևէջները կանոնների տեսական և գործնական արժեքավոր պարզաբանումներով ուշմիջնադարյան երաժշտության մշակույթի յուրատիպ դսևորումներից է։ Այվազյանի «Ձեռնարկը» մանրամասն մեկանաբանություններով և առաջաբան հոդվածով արևմտահայերենից ռուսերեն է թարգմանել և հրատարակել է Նիկողոս Թահմիզյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։