«Հազար չքնաղ արևներ»[1] (A Thousand Splendid Suns) 2007 թվականի վեպ, գրված ազգությամբ աֆղան Խալեդ Հոսեյնիի կողմից։ "Օդապարուկ թռցնողը" վեպից հետո նրա երկրորդ վեպը, որի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց դեմ բռնությունն ու դաժանությունը։

Հազար չքնաղ արևներ
անգլ.՝ A Thousand Splendid Suns
ՀեղինակԽալեդ Հոսեյնի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱֆղանստան
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչRiverhead Books և Simon & Schuster
Հրատարակման տարեթիվ2003 թ.

Գիրքը գովասանքի է արժանացել Kirkus-ի, Publishers Weekly-ի, Booklist-ի, Library Journal-ի կողմից՝ դառնալով New York Times բեսթսելլեր. Lույս ընծայումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է վեպի մոտ մեկ միլիոն օրինակ։

Վեպը հայ ընթերցողին է ներկայացրել «Զանգակ» հրատարակչու­­­­­­թյունը 2020 թվականին, թարգմանության հեղինակ՝ Մարիա Սադոյան (կարդալ հարցազրույցը

Ստեղծման պատմություն խմբագրել

Խալեդ Հոսսեինին վերնագիրը վերցրել է 17-րդ դարի պարսիկ գրող Սաիբ- Էլ-Թաբրիզիի՝ Քաբուլին նվիրված բանաստեղծությունից.

«Անթիվ են նրա տանիքներին փայլող լուսինները,

Անթիվ են պատերի հետևում ծպտված հազար չքնաղ արևները»

Հոսեյնին 2003 թ. այցելել է Աֆղանստան և տեսել կանանց ծանր առօրյան, դաժան սահմանափակումները և սեռական խտրականությունը։

Երբ Հոսսեյնիին հարցրին իր երկու վեպերի ընդհանուր թեմաների մասին, նա պատասխանեց. «Երկու վեպերն էլ «բազմասերնդային» են, առաջնային թեմա է ծնողի և երեխայի միջև հարաբերությունը՝ իր բարդություններով և հակասություններով... Ինձ հետաքրքրում է, թե ինչպես են ծնողն ու երեխան իրար սիրում, հիասթափվում իրարից և ի վերջո հարգում միմյանց... Առաջին վեպը հայր-որդի պատմություն էր, իսկ այս վեպը կարող է դիտվել որպես մայր-դուստր պատմություն»։

Քաբուլում Հոսեյնին տեսել էր բուրքաներով կանանց, որոնք քայլում էին հինգ, վեց ցնցոտիովոր երեխաների ուղեկցությամբ, շատերի հետ զրուցել էր, լսել նրանց սրտաճմլիկ պատմությունները։ Չնայած ոչ մի կոնկրետ կին նկարագրված չէ Լեյլայի և Մարիամի կերպարներում, այդ կանանց ձայնը, դեմքերը և գոյատևելու անհավանական պատմությունները մեծապես ոգեշնչել են նրան վեպը գրելիս։

Հոսեյնին խոստովանել է նաև, որ «Հազար չքնաղ արևներ» վեպն ավելի բարդ էր գրելը, քան իր առաջին վեպը, քանի որ առաջին վեպին ոչ ոք չէր սպասում, մինչդեռ երկրորդից ակնկալիքներն արդեն մեծ էին։

Համառոտ բովանդակություն խմբագրել

Դեպքը տեղի է ունենում Աֆղանստանի Հերաթ քաղաքի արվարձաններում։ Հերոսուհիներից մեկը՝ Նանան ծնել էր Մարիամին, որը Ջալիլի ապօրինի դուստրն է։ Նրանք ապրում են համայնքից հեռու՝ քոլբայում (հյուղակ)։ Ջալիլը հարուստ բիզնեսմեն է, ապրում է գեղեցիկ տանը իր մի քանի կանանց և զավակների հետ։ Ջալիլը պարբերաբար այցելում է Մարիամին, բայց Նանան պնդում է, որ նա անարժան հայր է։

Աֆղանստանում «հարամի» նշանակում է արտամուսանական կապից ծնված երեխա։ Մարիամը կրում է այդ խարանը, բայց, չնայած նվաստացմանն ու վիրավորանքի, ծածուկ հույս ունի, որ այս աշխարհում «հարամին» էլ ունի սիրված լինելու իրավունք։ Սակայն երբ մայրը մահանում է, տանսհինգ տարեկան Մարիամին ամուսնացնում են իրենից երեսուն տարով մեծ և կյանքից դառնացած Ռաշիդի հետ։ Քսան տարի անց տանսհինգամյա Լեյլան ստիպված է միանալ Մարիամի ընտանիքին։

Ներանձնական խնդիրներից և ընտանեկան բռնությունից բացի կանայք փորձում են գոյատևել պատերազմի, սովի, բռնության, վախի պայմաններում, որոնք դարձել են աֆղանական կյանքի մշտական ուղեկիցները։ Փորձություններին օգնում է դիմակայել անհնարին թվացող ընկերությունը և անխորտակելի սերը, իսկ չլսված դաժանությունը հաղթահարում է հոգու վեհությունն և ինքնազոհությունը։

Գլխավոր կերպարներ խմբագրել

Մարիամ - ազգությամբ տաջիկ, "հարամի"՝ ապօրինածին։

Նանա - Ջալիլի ծառան, որի հետ սեռական կապի արդյունքում ունեցել է Մարիամին։ Մինչ իր կյանքի վերջ մեղադրում է Ջալիլին՝ իր հետ անարդարացի վարվելու համար։

Մոլլա Ֆայզուլլա - սուֆի կրոնական, Մարիամի՝ Ղուրանի ուսուցիչը։

Ջալիլ - Հերաթի մեծահարուստ բիզնեսմեն, Մարիամի հայրը։

Ռաշիդ - ազգությամբ փաշթուն, կոշկակար, վեպի գլխավոր հակահերոսը, Մարիամի և Լեյլայի ամուսինը։ Ամբողջ հոգով սիրում է միայն իր որդուն՝ Զալմային։

Լեյլա - ազգությամբ տաջիկ, աղջիկ՝ ոսկե մազերով և կանաչ աչքերով, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև առաջադեմ և կրթված։ Լեյլան նաև ըմբոստ է և կամային, ինչպես նաև հայրենասեր. չնայած իր տեսած դաժանությունների, ընտանիքի և իր ապագան կապում է Քաբուլի հետ։

Թարիք - փաշթուն, ականի պայթյունից կորցրել է մի ոտքը։ Քաջ և անձնվեր է։ Սիրում է Լեյլային և ի վերջո ամուսնանում նրա հետ։

Հաքիմ - Լեյլայի հայրը։ Կրթված և առաջադեմ մարդ։

Ֆարիբա - Հաքիմի կինը, Լեյլայի մայրը։ Որդիներին՝ Ահմադին և Նուռին կորցնելուց հետո ներփակվում է և չի մասնակցում ընտանեկան ոչ մի իրադարձության, ամբողջովին խզում է կապն ամուսնու հետ։

Թալիբների իշխանությունն Աֆղանստանում և կանայք խմբագրել

Թալիբանը իշխանության գալով՝ կտրուկ սահմանափակեց կանանց ամենատարրական իրավունքները՝ տեղաշարժվելու, ուսման, աշխատանքի։

Տարածվել էին հետևյալ թռուցիկները.

Ուշադրությո՛ւն կանանց։

  • Դուք պետք է միշտ ձեր տանը մնաք։ Կանանց հարիր չէ աննպատակ շրջել փողոցներով։
  • Եթե դուրս եք գալիս, ձեզ պետք է ուղեկցի մահրամը՝ արական սեռի ազգականը։ Եթե ձեզ մենակ գտնեն փողոցում, ծեծի կենթարկեն ու տուն կուղարկեն։
  • Դուք ոչ մի դեպքում չպետք է ցույց տաք ձեր դեմքը։
  • Դրսում պետք է հագնեք բուրքա։ Եթե չհագնեք, դաժան ծեծի կենթարկվեք։
  • Շպարվելն արգելվում է։ Զարդեղենը արգելվում է։
  • Հմայիչ հագուստ հագնել չի կարելի։
  • Չի կարելի խոսել, եթե ձեզ հետ չեն խոսում։
  • Տղամարդկանց աչքերի մեջ նայել չի կարելի։
  • Հանրային վայրում ծիծաղել չի կարելի։ Եթե ծիծաղեք, ծեծի կենթարկվեք։
  • Եղունգները ներկել չի կարելի։ Եթե ներկեք, կկորցնեք մատը։
  • Աղջիկներին արգելվում է դպրոց հաճախել։ Աղջիկների համար բոլոր դպրոցները անմիջապես փակվելու են։
  • Կանանց արգելվում է աշխատել։
  • Եթե դուք դավաճանեք ձեր ամուսնուն, կքարկոծվեք մինչև մահ։

Գրախոսություն խմբագրել

«Գրքի վերջում ձեզ կմնան ոչ միայն արցունքներ, այլև ներսից վառվող կրակ։ Սա ամենից առաջ պատմություն է հույսի և կյանքի, հերոսության մասին, որը սկիզբ է առնում սիրուց և կյանքն ուղեկցող անխուսափելի կռվից։ Ոգեշնչող, բացառիկ՝ յուրաքանչյուր տղամարդ և կին պետք է կարդա այս պատմությունը»։ — The Guardian  

«Հոսեյնին պատմելու շնորհ ունի... Այս վեպը վառ և գրավիչ է դարձնում Հոսեյնիի սուր աչքը, որի օգնությամբ  նա պատկերում է առօրյա կյանքն ու մարդկային հույզերի ամբողջ սպեկտրը՝ բռնության ենթարկված կնոջ մոլեգնող կատաղությունից մինչ մայրական սիրո վաղ ապրումները, երբ կինը հայտնաբերում է, որ հղի է... Հոսեյնիի աչք բացող գիրքը «Օդապարուկ թռցնողի» արժանի շարունակությունն է»։ —Los Angeles Times

Մեջբերումներ խմբագրել

«Ինչպես կողմնացույցի սլաքը միշտ հյուսիսն է ցույց տալիս, այնպես էլ տղամարդու մեղադրող մատը միշտ կնոջն է գտնում»։

«Ամերիկան էլ թքած ունի։ Ի՞նչ պետքներն է, որ փաշթունները, խազարները, տաջիկներն ու ուզբեկները սպանում են իրար։ Քանի՞ ամերիկացի կա, որ կարող է մեկին մյուսից տարբերել»։

"Ոչ մի երկիր բարգավաճելու ապագա չունի, եթե կանայք անկիրթ են եւ կեղեքված":

«Միակ թշնամին, ում աֆղանցին չի կարող հաղթել հենց ինքն է»։։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հազար չքնաղ արևներ». Զանգակ.