ՀՀ գյուղատնտեսության նյութատեխնիկական հենք և հողային պաշարներ

Գյուղատնտեսության նյութատեխնիկական հենքը և հողային պաշարները

Գյուղատնտեսական մշակահողեր

Մինչև խորհրդային կարգերի հաստատումը գյուղտնտեսություններում հողը մշակել են պարզունակ գործիքներով՝ ձեռքի աշխատանքով կամ կենդանի քարշող ուժով (հիմնականում՝ եզներով ու ձիերով)։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսվել են գյուղատնտեսության տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Գյուղատնտեսական ձեռնարկությունների ՄՏԿ-ների պարկը համալրվել է արդիական տեխնիկայով ու գործիքներով, որոնց, ինչպես նաև պարարտանյութերի ու քիմիական այլ նյութերի և անասնաբուժական դեղամիջոցների մատակարարումն իրականացվել է կենտրոնացված կարգով։

Հողի սեփականաշնորհման ժամանակ լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների տեխնիկայի և գործիքների հիմնական մասը վաճառվել է մեխանիզատորներին։ Գյուղատնտեսական մեքենայական աշխատանքների մոտ 95 %-ը կատարել են գյուղտեխնիկայի սեփականատեր ֆիզիկական անձինք՝ հիմնականում մաշված ու հնացած տեխնիկայով։ 1990-ական թթ-ի վերջերից գյուղատնտեսական մեքենայական պարկը համալրվել է Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների դրամաշնորհներով հատկացված 935 տրակտորով (իրենց գործիքներով) և հացահատիկահավաք 116 կոմբայնով։ 2010 թվականին հանրապետությունում կային 14777 տրակտոր, 1412 հացահատիկահավաք և 307 խոտահավաք կոմբայններ։

Պարարտանյութերի և թունաքիմիկատների մատակարարումը հիմնականում իրականացնում են մասնավոր ընկերությունները։ 2011 թվականին գյուղատնտեսական նշանակության հողերը 2100,9 հազար հա էին, այդ թվում՝ վարելահողերը՝448,5 հազար, բազմամյա տնկարկները (առանց տնամերձ տնկարկների)՝ 32,9 հազար, խոտհարքները՝ 127,1 հազար, արոտավայրերը՝ 1104,3 հազար, անտառային հողերը՝369,76 հազար, այլ հողեր՝ 388,1 հազար հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։