ՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն
ՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն, կազմակերպվել է 1998 թվականին Հողերի, հողագիտության և ագրոքիմիայի ԳՀհ (1958) հիմքի վրա։ Հիմնական խնդիրներն են հողերի ծագման, զարգացման, աշխարհագրական տեղաբաշխվածության օրինաչափությունների, ագրոարտադրական խմբավորման, հողերի շրջանացման, դասակարգման, ագրոկլիմայական բացահայտման, հողատարման շարժընթացների, հանքաբանական առանձնահատկությունների, հողաբարելավման, հողի կենսաքիմիայի և ֆերմենտատիվ ակտիվության ուսումնասիրումը, բերրիության բարձրացումը և այլն։ Ունի հողերի ծագման և աշխարհագրության, հողաբարելավման, էրոզիայի, ագրոքիմիայի, տեղեկատվության բաժիններ, փորձահողաբարելավող կայան (Արմավիր), հողաէրոզային (Սպիտակ, Սիսիան), ագրոքիմիական (Հրազդան, Արթիկ) հենակետեր։ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում ուսումնասիրվել և քարտեզագրվել է ՀՀ մարզերի, պետական և անտառային ֆոնդերի հողային ծածկույթը, կատարվել են նոր պարարտանյութերի փորձարկումներ (սահմանվել են մշակաբույսերի պարարտացման արդյունավետ չափաբաժիններ), հողերի հակաէրոզային, բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման միջոցառումներ, նաև սոդային աղուտ-ալկալի հողերի բարելավման նոր տեխնոլոգիաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 526)։ |