Կրիստինա Պիպեր

շվեդ կոմսուհի, քաղաքական գործիչ և ձեռնարկատեր

Կրիստինա Պիպեր (շվեդերեն՝ Christina Piper, ծնունդով` Törne, հունվարի 1, 1673(1673-01-01)[1], Ստոկհոլմ, Շվեդիա - մարտի 25, 1752(1752-03-25)[1], Իստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ կոմսուհի, քաղաքական գործիչ և ձեռնարկատեր։

Կրիստինա Պիպեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1673(1673-01-01)[1]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էմարտի 25, 1752(1752-03-25)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԻստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինԿառլ Պիպեր
Ծնողներհայր՝ Օլոֆ Հանսոն Թյորնֆլայխտ, մայր՝ Margareta Andersen?[2]
ԵրեխաներԿառլ Ֆրեդրիկ Պիպեր, Ulrika Eleonora Piper?, Սոֆյա Կառոլինա Պիպեր[2], Grevinna Charlotta Christina Piper?[2] և Hedvig Maria Piper?[2]
Commons-logo.svg Christina Piper Վիքիպահեստում

ԸնտանիքԽմբագրել

Ծնվել է 1673 թվականին Ստոկհոլմում։ Մարգարետա Անդերսենի (շվեդերեն՝ Margareta Andersen) և հարուստ առևտրական, գործարար Օլոֆ Հանսոն Թյորնֆլայխտի (շվեդերեն՝ Olof Hansson Törnflycht) ավագ զավակն էր։ Ինքը` Օլոֆ Հանսոնը մինչև 1698 թվականն ունեցել է Թյորնե ազգանունը (ծնվել է 1640 թվականի ապրիլի 5-ին Քեփինգում, Շվեդիա-մահացել 1713 թվականի ապրիլի 9-ին Ստոկհոլմում, 73 տարեկան հասակում)։

Որպես մեծածախ առևտրով զբաղվող` Թյորնեն Ստոկհոլմում զգալի կարողություն է ձեռք բերել և 1683 թվականին դարձել խորհրդական, իսկ 1694 թվականին` Ստոկհոլմի առևտրի քաղաքապետ։ Խորհրդարանական մի քանի օրերի ընթացքում նա եղել է բուրժուազիայի անդամ։ 1697-1705 թվականներին եղել է Tjärkompaniet-ի տնօրենը։ Նա 1698 թվականին արժանացել է ասպետի կոչման և ստացել Թյորնֆլայխտ ազգանունը։ Նա արքայական խորհրդի անդամ կոմս Կառլ Պիպերի աներն էր։

Նրա անունով է կոչվել Ստոկհոլմի Սեդերմալմ քաղաքի քաղաքապետի աստիճանները։ Օլոֆ Հանսոնը Ստադսգորդենի աստիճաններին կից քարե տուն ուներ։

Երբ նրա հայրը 1698 թվականին կարգվել է ասպետ և սկսել է կրել Թյորնֆլայխտ ազգանունը, Քրիստինեն չի ստացել այդ անունը, քանի որ նա դրանից 8 տարի առաջ ամուսնացել էր կոմս Կառլ Պիպերի հետ։

Նրա տատիկը պատկանում էր Hising ընտանիքին և արքեպիսկոպոս Պետրուս Քենիսիուսի ընտանեկան շրջանակի ժառանգն էր։ Մայրը նույնպես ազնվական շոտլանդական արմատներ ուներ։ Կրիստինայի եղբայրները` Ուլոֆն ու Մայքլը, դարձել են մասոններ 1719 թվականին և 1731 թվականին համապատասխանաբար։

Կրիստինա Թյորնեն տասնյոթ տարեկան է եղել, երբ 1690 թվականի փետրվարի 13-ին ամուսնացել է կոմս Կառլ Պիպերի հետ, որը նրանից մեծ էր 26 տարով` դառնալով Պիպեր ազգանվան ամբողջ ապագա սենդի նախամայրը։

Ամուսիններն ունեցել են 5 երեխա.

  • Շառլոտա Կրիստինա Պիպեր,
  • Հեդվիգ Մարիա Պիպեր,
  • Ուլրիկ Էլեոնորա Պիպեր,
  • Կառլ Ֆրեդրիկ Պիպեր,
  • Սոֆյա Կառոլինա Պիպեր։

ԳործունեությունԽմբագրել

Կրիստինան իր ամուսնուն պատերազմի ժամանակ այցելել է երկու անգամ։ 1705 թվականի գարնանը, երբ Կառլ XII-ն իր բազան ուներ Լեհաստանի Ռավիչ քաղաքում, նա այցելության է գնացել ամուսնուն, և ինչպես մյուս շվեդ ազնվականները` մասնակցել է բալերի, դիմակահանդեսի և Լեհաստանի թագավորի ընդունելությանը։ Իր առաջին այցի ընթացքում նա ընդունվել է Լեհաստանի թագուհի Եկատերինա Օպալինսկայայի կողմից և այցելել է Ռիձինյան դղյակ, ուր տարել է իր քրոջը` Ինգային, որին կարողացել է ամուսնացնել ազնվականության ներկայացուցիչ Արվիդ Հորնի հետ։ Երբ Կառլ Պիպերը այդ պահին որոշել է վերադառնալ Շվեդիա հիվանդության պատճառով, նա համոզել է Կառլին մնալ հանուն իր կարիերայի։ Երկրորդ անգամ նա այցելել է ամուսնուն Ալտրանշտադտի թագավորական ճամբարում 1707 թվականի փետրվար-օգոստոս ամիսներին։ Նա նաև մյուս քրոջը` Աննա Մարիային է բերել ու նույնպես կարողացել է ամուսնացել ազնվական Յոհան Օգոստոս Մեյերֆելդտի հետ։

Այդ ժամանակ Կառլ Պիպերին մեղադրել են այն բանում, որ նրան կաշառել է բրիտանացի դեսպանորդ Ջոն Չերչիլը` Մալբորոյի I-ին դուքսը, որպեսզի համոզի Կառլ XII-ին հարձակվել Ռուսաստանի վրա։ Կառլ Պիպերին կաշառք են առաջարկել, սակայն նա հրաժարվել է ընդունել այն, այնուամենայնիվ նա թույլ է տվել մի քանի թանկարժեք ականջօղ հանձնել Կրիստինային։ Նա նաև մի քանի ձի է նվեր ստացել Դանիայի թագավորից։ Տունդարձի ճանապարհին նրան ուղեկցում էր Վյուրտեմբերգի արքայազնը և 10 հոգուց բաղկացած խումբը Լայպցիգ, Շչեցին, Բեռլին, Գրայֆսվալդ և Շտրալզունդ ճանապարհին։ Բեռլինում նա ընդունվել է պրուսական թագավոր Ֆրեդրիկ I-ի կողմից, որը նրան նվիրել է ապարանջան և արձանիկ, որն արտացոլում էր Պրուսիայի հաղթանակը շվեդների նկատմամբ Ֆերբեռլինի ճակատամարտում 1675 թվականին, սակայն նա հրաժարվել է արձանիկից[3]։ Նրան ջանասիրաբար այցելել են ոչ միայն դիվանագետներ և սովորական խնդրատուներ, այլև թագավորական ընտանիքի անդամներ։

Այդ նույն 1707 թվականին Ալտրանշտադտից վերադառնալուց հետո նա հազիվ էր հասցրել հագնվել, իսկ նրա ննջասենյակը արդեն լի էր հայցորդներով։ Ժամանակակիցը գրել է. «Ոչ մի իշխող թագուհի երբեք ավելի հռչակավոր ու պահանջված չի եղել, որքան կոմսուհի Պիպերը` շտաբ-բնակարանից Ստոկհոլմ մայրաքաղաք վերադառնալուց հետո։ Առաջին օրերին նա մտածում էր իր իսկ գործերի կարևորության մասին։ Բավականին շատ էր արթուն մնացել, քանի որ նրա տունը պաշարված էր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր»։

Կառլ Պիպերը գերեվարվել է 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտից հետո, և դա խուճապ է առաջացրել Ստոկհոլմում, որտեղ Ricksbank-ը դատարկվել է հաճախորդների կողմից։ Կառլ Պիպերին մեղադրել են այն բանում, որ նա թագավորին համոզել է հարված հասցնել Ռուսաստանին և Դանիայի ու Ֆրանսիայի դեսպանների խոսքով` Կրիստինա Պիպերի վրա է հարձակվել կատաղած ամբոխը, և նա ստիպված էր փախչել Ստոկհոլմից։ Ամուսնու գերեվարումից հետո Պիպերը կորցրել է իր ողջ ազդեցությունը արքունիքում։

Երբ Կառլ Պիպերը 1709 թվականին դարձել է ռուս ռազմագերի, նա սկսել է զբաղվել այն հաշիվներով, որոնք Կառլը ուղարկել էր իր և Ռուսաստանում եղած շվեդ այլ ռազմագերիների ծախսերը հոգալու համար։ Նա նաև Հյուսիսային Մեծ պատերազմի խոշորագույն ֆինանսիստներից մեկն էր, երբ նրան բազմիցս ստիպել են ռազմական դրամաշնորհներ անել։ 1710 թվականին նա փորձել է հրաժարվել դրանից, ինչը ստիպում էր նրան վատը թվալ թագավորական արքունիքի և արիստոկրատիայի աչքերում։ 1714 թվականին նա սպառնացել էր գործ հարուցել պրեստ Յոհաննես Էկենդալի դեմ, որը քարոզի ժամանակ ասել էր, թե նրա ամուսինը Կառլ XII-ին համոզել է հարձակվել Ռուսաստանի վրա` 1707 թվականին Մալբորոյի դուքսից ստացված կաշառքից հետո։ Դա ավարտվել է նրանով, որ Էկենդալը ստիպված էր իր խոսքերը հետ վերցնել։

Ամուսնու գերության մեջ գտնվելու ընթացքում Կրիստինան հանդես է եկել որպես նրա գործակալ ազատ արձակման բանակցությունների ժամանակ և մասնակցել է ռուս ռազմագերիների բանակցություններին ու փոխանակումներին` իր ամուսնուն ազատ արձակելու համար։ 1714 թվականին Կառլ Պիպերին փոխանակման համար փոխարինել են նրա ազգանվանակից Գուստավ Աբրահամ Պիպերով (Gustaf Abraham Piper), որը Կրիստինային տեղեկացրել է, որ սովի պատճառով ռուսները նրա ամուսնուց փող են շորթել և պահանջել, որ նա կնոջն ուղարկի այն հաշիվը, որը ինքը պետք է վճարեր Ռուսաստանին. նա խնդրել է նրան չվճարել և խնդրել է Կառլ XII-ին, որպեսզի վերջինս արգելեր նրան վճարել։ Թագավորն այնպես է արել, ինչպես իրեն խնդրել էին, և Կրիստինան հրաժարվել է վճարել հենց այդ հաշիվը։ Դա առիթ է դարձել, որպեսզի լուրեր տարածվեն այն մասին, թե Կրիստինան հրաժարվել է Կառլ Պիպերին գերությունից ազատել, որովհետև չի ցանկացել կորցնել անկախությունը, որից օգտվել է նրա բացակայության ժամանակ։ Այդ դեպքից հետո Կառլ Պիպերին Մոսկվայից տեղափոխել են Շլիսելբուրգ ամրոց, որտեղ պայմաններն այնքան վատ են եղել, որ դա հանգեցրել է նրա մահվանը 1716 թվականի մայիսի 29-ին։ Ի պատասխան շանտաժի` Կառլ XII-ը ազատ չի արձակել շվեդ ռազմագերի գեներալ Իվան Տրուբեցկոյին ու նրա ընտանիքին և նրան տեղափոխել է Յենչեպինգի կալանավայր (գերեվարվել էր 1700 թվականին Նարվայի մոտ։ Ի վերջո նրան 1718 թվականին փոխանակել են շվեդ գերի ֆելդմարշալ Ռենշյոլդի հետ։ Սա այն նույն Ռենշյոլդն է, որը հրամայել է սպանել բոլոր ռուս ռազմագերիներին Ֆրաուշտադտի մոտ 1707 թվականին, նա նաև մեղադրվում է Պոլտավայի մոտ կրած պարտության մեջ, երբ նա կանգնեցրել է շվեդների հեծելազորային հարձակումը, որի արդյունքում ամբողջ ռուսական հեծելազորը կարող էր նետվել կիրճը)։

Կառլ Պիպերը մահացել է 1716 թվականին, իսկ հետո Կրիստինան փորձել է տուն բերել նրա մասունքները։ Դրանք տեղ են հասել միայն 1718 թվականին, և 1719 թվականին կազմակերպվել է հուղարկավորությունը։

Պիպերը Ստոկհոլմից ընդմիշտ տեղափոխվել է 1712 թվականին։ Պատճառը, ըստ նրա, խնայողությունն էր. նա վաճառել էր ամուսնու մեդալները։ Նա բնակություն է հաստատել Սկոնայում գտնվող Կրագեհոլմ ամրոցում, որտեղ նա ապրել է մինչև մահ, բացառությամբ 1745-49 թվականների, երբ նա ապրում էր Հասսելբիհոլմում։ Այդուհանդերձ նա ճանապարհորդել է իր ամրոցներում, թեև Կրագեհոլմ ամրոցը նրա հիմնական բնակավայրն էր։

Ամուսնու գերությունից հետո նա կորցրել է ազգային քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը, բայց մյուս կողմից, դարձել է տեղական իշխանության առաջնորդը։ Որպես ընդարձակ սեփականության սեփականատեր` նա օգտագործել է իր ազդեցությունը քահանաների, տեղական պաշտոնյաների և ծխերի նշանակման հարցում։

Անձնական կյանքում նա խիստ վերահսկողություն է սահմանել իր երեխաների և փեսաների վրա. նա հատկապես մոտ է եղել իր տալոջ` Ակսել Լևենի հետ, և այդ կապն ընդհատվել է, երբ նրա դուստրը` Սոֆյա Պիպերը, մահացել է 1731 թվականին, ենթադրաբար, ինքնասպանության հետևանքով` դժբախտ ամուսնության պատճառով։ Երկու կանայք` Հելենա Քիլանդերն ու Աննա Մարիա Ռիդբեկը (վերջինս նրա զարմուհին էր), նրա հետ ապրել են մինչև մահ։ 1727 թվականին` իր դստեր` Շառլոտայի մահից հետո, նա նաև խորթ մայր է դարձել իր թոռնուհիների` Եվա Շառլոտայի, Նիլս Ադամ Բիլկեի և Քրիստինե Սոֆյա Բիլկեի համար։

1725 թվականին Կրիստինան հող է ձեռք բերել Անդրարումում և ալյումինի ու շինանյութերի տեղական խոշոր արտադրություն է կազմակերպել կավահողի ու թերթաքարային կվասցների հիման վրա։ Նա Անդրարումում իր աշխատողների համար կառուցել է դպրոց, ծերանոց, բանտ և հիվանդանոց։ 1740 թվականին իր կալվածքում կառուցել է Christinehofs slott նոր ամրոցը և նույնիսկ թողարկել է իր սեփական մետաղադրամները` «CP» սկզբնատառերով, որոնք կարելի էր օգտագործել միայն կալվածքի խանութներում։

Կրիստինան մահացել է 1752 թվականին Սկոնե նահանգի Կրագեհոլմ ամրոցում։

ԳրականությունԽմբագրել

  • Norrhem, Svante. Kvinnor vid maktens sida : 1632—1772. Lund: Nordic Academic Press, 2007. Libris 10428618. ISBN 978-91-89116-91-7.
  • Norrhem, Svante. Christina och Carl Piper: en biografi, Historiska media, Lund, 2010.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  3. Norrhem, Svante, Christina och Carl Piper: en biografi, Historiska media, Lund, 2010

Արտաքին հղումներԽմբագրել