Կուրգան–Տյուբեի մարզ խմբագրել

Տաջիկական ՍՍՀ կազմում։ Առաջին անգամ կազմվել է 1944 թ.-ի հունվարի 7-ին, լուծարքի ենթարկվել՝ 1947 թ.-ի հունվարի 23-ին, վերակազմվել՝ 1977 թ.-ի ապրիլի 4-ին։ Գտնվում է Վախշի հովտում (հանրապետության հարավ–արևմուտքում)։ Տարածությունը 11,44 հազ. կմ² է, բնակչությունը՝ 703 հազ. (1979 թ.)։ Բաժանվում է 8 շրջանի, կա 2 քաղաք, 13 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Կուրգան–Տյուբե։

Բնությունը խմբագրել

Ռելիեֆը լեռնային է՝ կազմված մերձմիջօրեական ուղղությամբ ձգվող լեռնաշղթաներից և լեռներից (Բաբադաղ, Տույունաաու, Ակտաու, Կարատաու, Տերիկլիտաու), ինչպես նաև միջլեռնային իջվածքներից։ Բացարձակ բարձրությունը 2100 մ է, դեպի հարավ իջնում է մինչև 300 մ։ Օգտակար հանածոներից կան գազ, նավթ, քարաղ, շինանյութեր, դոլոմիտ, կրաքարեր։ Խոշոր գետերն են Վախշը և Կաֆիռնիգան։ Կլիման չոր մերձարևադարձային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –4°Շ–ից 2 °C է, հուլիսինը՝ 28-32 °C: Տարեկան տեղումները՝ 100-200 մմ։ Լանդշաֆտը անապատային, կիսաանապատային է։

Բնակչություն խմբագրել

Հիմնականում տաջիկներ են (53%-ից ավելին), բնակվում են նաև ուզբեկներ, ռուսներ, գերմանացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 59,6 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 19,1%: Քաղաքներն են Կուրգան–Տյուբեն և Կալինինաբադը։

Տնտեսություն խմբագրել

Վախշի հովիտը, որտեղ գտնվում է Կուրգան–Տյուբեի մարզը, դարձել է զարգացած ագրարային–ինդուստրիալ շրջան։ Արդյունաբերության մեջ մեծ է բամբակազտիչ ձեռնարկությունների (Վախշի, Կոլխոզաբադի, Շաարտուզի, Կուրգան–Տյուբեի շրջաններում և բամբակազտիչ միավորում՝ Կուրգան–Տյուբեում) դերը։ Մարզում կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, ազոտական պարարտանյութերի, տրանսֆորմատորների գործարաններ, ձկնատնտեսություններ, «Գերան» սովետական տնտեսություն–գործարան, ագրոարդյունաբերական միավորում, ՀԷԿ–եր են։

Գյուղատնտեսության մեջ առավել զարգացած է բամբակենու, ցիտրուսայինների մշակումը, այգեգործությունը, բանջարաբուծությունը (ոռոգվող հողերի վրա), անասնապահությունը։ Կառուցվել են Վախշի ջրանցքը, մի շարք պոմպակայաններ և ջրամբարներ։ Բամբակենու ցանքատարածությունը 121,3 հազ․ հա է։ Հանրապետությունում մշակվող բամբակի հումքի 40,3%-ը տալիս է Կուրգան–Տյուբեի մարզը։ Կուրգան–Տյուբեի մարզը հանրապետության կիտրոնի մշակության հիմնական կենտրոնն է։ Արտադրվում են նաև կարակուլ, խորդենու յուղ, բրինձ, խաղող և այլն։ Անասնապահությունն ունի մսա–կաթնա–բրդատու ուղղություն։

Տրանսպորտը խմբագրել

Հիմնականը ավտոտրանսպորտն է։ Կա նեղգիծ երկաթուղի, օդային հաղորդակցություն։ Կառուցվում է լայնուղի երկաթգիծ։

Լուսավորությունը խմբագրել

1977–1978 թթ. ուսումնական տարում Կուրգան–Տյուբեյի մարզում կար 463 հանրակրթական, 2 գիշերօթիկ դպրոց, 10 պրոֆտեխնիկական ուսումնարան, գյուղատնտեսական և էներգետիկ տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ։ 1978 թ.-ին մարզն ուներ 301 գրադարան, 234 ակումբ, 257 կինոկայանք, 49 հիվանդանոց, 707 բժիշկ։ [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6,Երևան, 1980