Կոռիկոս (Ադանայի նահանգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոռիկոս (այլ կիրառումներ)

Կոռիկոս, բերդաքաղաք (բերդ, նավահանգիստ) Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգում[1]։ Գտնվում էր Սելևկիա քաղաքից 45 կմ հյուսիս֊արևելք, լեռներով շրջապատված գեղատեսիլ հովտում, որի միջով անցնում են լեռնալանջերի քարայրներից սկիզբ առնող Դառն ջուր ու Նուս գետակները ծով թափվելով Կոռիկոսի մոտ։

Բերդաքաղաք
Կոռիկոս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
ԲԾՄ10±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0324
Փոստային ինդեքսներ33790
Կոռիկոս (Ադանայի նահանգ) (Աշխարհ)##
Կոռիկոս (Ադանայի նահանգ) (Աշխարհ)

Թ․ Ալիշանը քաղաքը նույնացնում է միջին դարերում հիշատակվող Կալոնոռոսի հետ։

Անվանումներ խմբագրել

Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները․ Ալայո, Բալդո, Գորիգոս, Գորհիգոս, Գուրիգոս, Կալոնոռոս, Կալոնորոս, Կոլկո, Կոռակեսիոն, Կոռակիսիոն, Կոռիկուս, Կորակեսիոն, Կորթ, Կորիկոս, Կորիկուս, Կորկ, Կորուկոս, Կոուրիկոս, Կոուրկ, Կռիկոս, Կոսկս, Կուլսուս, Կուլքուս, Կուռիկոս, Կուռկ, Կուրե, Կուրկ, Կուրկո, Կուրկուս, Կուրտա, Կուրքո, Կուրքուս, Ուբալդո, Քյուրֆվեշ, Քուռկո։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Բերդաքաղաքն իր անվանումը ստացել է մոտակայքում գտնվող Կոռիկոս լեռան անունից, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «քրքում»։

Օգտակար հանածոներ խմբագրել

Կոռիկոսը հարուստ է քրքումով, որից կարմիր ներկ են պատրաստել։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ (մթա III-II դարեր) և դարձել առևտրի կենտրոն։ II֊I դարերում խիստ տարածված էր ծովահենությունը։

Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում մտնում էր Տարսոնի նահանգի մեջ և եպիսկոպոսական թեմի կենտրոն էր։ Արաբա֊բյուզանդական պայքարների ժամանակ հիշատակություններ չկան։

VII-VIII դարերում ավերված և աղքատացած էր։ Կոռիկոսի դերը սկսեց բարձրանալ խաչակրաց արշավանքների ժամանակ (XI-XIII դարեր)։ Թորոս II֊ի ժամանակներից (XII դար) բերդաքաղաքը գտնվել է Կիլիկիայի կազմում և պատկանել է թագավորներից վասալական իշխանությունների մեջ գտնվող առանձին իշխանների։ Բերդաքաղաքի տեր իշխաններից Օշին Պայլի (Լևոն IV֊ի խնամակալը) սպանությունից հետո Կոռիկոսը դարձավ արքունի կալվածք։ XIV դարում նվիրվեց արքայորդու որդի Բոհեմունդ Լուսինյանին։ 1448 թվականին անցավ կարամանյան թուրքմենների ձեռքը, որից հետո բնակավայրին տիրեցին եգիպտական մամլուկները, իսկ XVI դարում՝ օսմանյան թուրքերը։

Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանում հանդիսանում էր երկրի ամենակարևոր նավահանգիստը և Այասի հետ կարևոր դեր ուներ երկրի տնտեսական կյանքում։ Մինչև XVII դարը եղել է հայոց եպիսկոպոսանիստ։

Թուրքերի բռնության հետևանքով քաղաքն աստիճանաբար ամայանում է։

Կոռիկոսի մասին արժեքավոր տեղեկություններ են տվել նաև օտար հեղինակներ Բենիամին Դուդելան, Վիլլեբրանդը, Ռուբրուքը։ XVII դարի իտալացի պատմիչ Տերցին հաստատել է, որ իր ժամանակ Կոռիկոսի բնակիչները հայեր էին

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կոռիկոսում եղել է Հերմես աստծուն նվիրված տաճար, որի պատկերով այստեղ դրամ է հատվել։

Նշանավոր հնություններից են Կոռիկոսի ցամաքային և ծովային բերդերը։ Ցամաքայինը քաղաքի միջնաբերդն է, որը կառուցված է դժվարամատույց ժայռի վրա՝ շրջապատված աշտարակավոր կրկնապարիսպով և ջրի խոր խրամատով։ Բերդն ունեցել է 4 մեծ ջրանբար և ջրհոր։ Միջնաբերդի արևելյան դարպասի մոտ գտնվել են քանդակազարդ սյուներով եկեղեցին և մատուռը։ բերդի վրա կար հայերեն արձանագրություններ։ XX դարում այս ամենը կիսավեր էր։

Ծովային բերդը գտնվում էր բերդաքաղաքի դիմաց՝ Կոռիկոս կղզու վրա և ձգվում էր նրա տարածքով մեկ։ Բերդը շրջափակված էր բոլորակ, եռանկյունի, քառակուսի աշտարակներ ունեցող ամուր պարիսպներով։ Պահպանվել է XIX դարում արված մի լուսանկար, որտեղ երևում է բերդի արևմտյան դղյակ֊աշտարակին զետեղված խաչարձանի 7 տողանոց արձանագրություն։ Դրա ընթեռնելի 4 տողում գրված էր, որ բերդը կառուցել է Լևոն II թագավորը։ Մեկ այլ արձանագրություն էլ վկայում էր Հեթում I թագավորի կողմց 1251 թվականին բերդի վերակառուցումներին։ XX դարասկզբին բերդի աշտարակներն ու պարիսպները դեռևս կանգուն էին։

Քաղաքը նույնպես եղել է պարսպապատ՝ ամրացված բարձր աշտարակներով։ Քաղաքը հյուսիս֊արևելքից ուներ ընդարձակ արվարձան։ Քաղաքում պահպանվել են եկեղեցական կառույցների մատուռներ, գմբեթավոր տաճարներ, եռանավ բազիլիկների մնացորդներ։

Անվանի մարդիկ խմբագրել

Կոռիկոսում է ծնվել Հեթում պատմիչը (XIII դար)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 217-218

Աղբյուրներ խմբագրել