Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձան (Մոսկվա)

Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Константину Рокоссовскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զորահրամանատարներից մեկին, Խորհրդային Միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկուն։ Տեղադրվել է 2015 թվականի ապրիլին Բոգորոդսկոյե շրջանում, Մարշալ Ռոկոսովսկու բուլվարում, թիվ 11 և 12 շենքերի միջև։

Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՁիարձան
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Konstantin Rokossovsky in Moscow Վիքիպահեստում

Արձանի բացումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։ Ձիարձանի՝ մրցույթում հաղթած նախագծի հեղինակներն են Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետներ Ս. Շարովն ու Մ. Կորսին։ Հուշարձանը տեղադրել է Ռուսաստանի ռազմապատմական ընկերությունը՝ ժողովրդի նվիրատվություններով։

Նկարագրություն խմբագրել

Կոնստանտին Ռոկոսովսկու հուշարձանը զորավարին պատկերում է ձիու վրա 1945 թվականի հունիսի 24-ի Հաղթանակի լեգենդար զորահանդեսի ժամանակ, երբ մարշալը ղեկավարում էր շքերթը[1]։

Հուշարձանի բացում խմբագրել

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2015 թվականի մայիսի 6-ին։ Բացմանը ելույթ են ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, մարշալի ծոռնուհի Արիադնա Ռոկոսովսկայան։ Ներկա են եղել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ։ Բացման արարողությանը հրավիրվել էր ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Կատաժինա Պելչինսկա-Նալենչը, որը չէր ներկայացել, քանի որ մարշալի գործունեությունը Լեհաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում 1949-1956 թվականներին ժամանակակից Լեհաստանում ընդհանուր առմամբ գնահատվում է բացասական։

Հուշարձանի բացման արարողության ժամանակ վարչապետ Մեդվեդևը հրամանատարի մասին ասել է. «Ռոկոսովսկին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր խոշոր մարտերին. նրա 16-րդ բանակը գերմանացիներին կանգնեցրել է Կրյուկովո-Իստրա սահմանագծին, որտեղ թշնամին կենտրոնացրել էր հիմնական ուժերը, հուսալով հասնել մայրաքաղաքին»։ Հուշարձանի բացման արարողության ավարտին վարչապետը ալ վարդերի զամբյուղ է դրել հուշակոթողի մոտ, ապա շփվել է վետերանների հետ, որոնց թվում էին նաև նրանք, ովքեր անձամբ ճանաչել են մարշալ Ռոկոսովսկուն[2]։

Ավելի վաղ՝ 2014 թվականին, Մոսկվայի մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկայա գծի «Պոդբելսկու փողոց» կայարանին շնորհվել էր «Ռոկոսովսկու բուլվար» անվանումը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել