Կոննոտացիա (լատին․՝ connotatio լատին․՝ con-միասին, լատին․՝ noto-նշագրում, հարիմաստություն, հարանշանակություն), լեզվական միավորի հուզական-գնահատողական կամ ոճական երանգավորում։ Լեզվական միավորներն ունեն դենոտատիվ իմաստ և կոննոտատիվ իմաստ։ «Դենոտատը մեզ շրջապատող իրականության առարկան կամ երևույթն է, որի հետ հարաբերակցվում է տվյալ լեզվական միավորը, որ կարող է լինել սովորական՝ տվյալ լեզվի համակարգում հաստատված, ընդունված կամ դիպվածային»։

Ստուգաբանություն

խմբագրել

Ուսումնասիրողները տարբեր կերպ են սահմանում կոննոտացիան։

  Կոննոտացիա ասելով նկատի ունենք այն լրացուցիչ զուգորդությունները (ասոցիացիա), որոնք տվյալ բառն առաջացնում է լեզվակիրների գիտակցության մեջ  

Ըստ Վերոնիկա Տելիայի՝ կոննոտացիան լեզվական միավորի հուզական, գնահատողական կամ ոճական երանգավորումն է, որն ամրագրված է տվյալ լեզվի համակարգում կամ ունի դիպվածային բնույթ։ Լայն իմաստով կոննոտացիա է համարվում ցանկացած բաղադրիչ, որը լրացնում է լեզվական միավորի դենոտատիվ իմաստը և հուզարտահայտչական ֆունկցիա հաղորդում նրան[2]։ Կոննոտացիան կարող է լինել․

  1. դրական (բարենպաստ, favorable) կոննոտացիա. բառը մարդկանց մոտ դրական ազդեցություն է թողնում․ եղնիկ – նրբակազմ աղջիկ․
  2. բացասական (անբարենպաստ, unfavorable) կոննոտացիա. բառը մարդկանց մոտ բացասական ազդեցություն է թողնում․ օրինակ՝ խոզ – փնթի մարդ․
  3. չեզոք կոննոտացիա. բառը էմոցիոնալ ոչ մի ազդեցություն չի թողնում։

Օրինակներ

խմբագրել

Օրինակ՝ դենոտատիվ իմաստից զատ՝ հայերենում լրացուցիչ, հարակից իմաստ ունեն մի շարք կենդանիների անուններ․ էշ (փխբ․՝ հիմար, անհասկացող և այլն), հավ (խեղճ, ծեղճուկրակ, նաև մոռացկոտ), որոշ բուսանուններ՝ դդում (բութ), խիար (խսկց․) տղամարդկանց ուղղված վիրավորական, արհամարհական բառ), չինարի (բարձրահասակ, թեև կարող է գործածվել նաև հեգնական իմաստով՝ ցածրահասակ մարդու նկատմամբ) և այլն։ Կոննոտատիվ իմաստները հատկապես լավ են երևում հոմանիշային շարքերում․ երբ նույն կամ մոտ իմաստ ունեցող բառերը տարբերվում են արտահայտած վերաբերմունքով․ մահանալ (չեզոք)-սատկել (գռհ․, արհմ․)-ոտները տնկել, խմել (չեզոք)-լակել (գռհ․, արհմ․) և այլն[3]։

Բառերի կոննոտատիվ իմաստները սովորաբար տարբերվում են լեզուներում, անգամ եթե դենոտատիվ իմաստները համընկնում են։ Օրինակ՝ նույն դենոտատիվ իմաստն ունեն հայերեն «այծ» և ռուսերեն «козел» բառերը, սակայն հայերեն բառն ունի լրացուցիչ, հարակից «կամակոր» իմաստը, իսկ ռուսերենի «козел»-ը գործածվում է իբրև վիրավորական բառ տղամարդկանց հասցեին, ունի «տհաճ, անտանելի մարդ» հարակից իմաստը, իսկ բանտային ժարգոնում այդպես են անվանում պասիվ հոմոսեքսուալին։

Ժամանակի ընթացքում բառի կոննոտատիվ իմաստը կարող է փոխվել։ Պատճառները տարբեր են՝ տաբուներ, սնահավատություն, քաղաքական, պատմական, սոցիալական հանգամանքներ և այլն։ Ժամանակին չեզոք կոննոտացիա ունեցող բառը կարող է ստանալ գռեհիկ, արհամարհական, վիրավորական կամ հեգնական իմաստ, ինչպես, օրինակ, թուրք - փխբ․ արյունարբու, դաժան, քարտուղարուհի (խորհրդային տարիներին ստացել էր հեգնական-արհամարհական իմաստ), կամ հակառակը՝ բացասական կոննոտացիայով բառը դադարում է իբրև այդպիսին գիտակցվելուց․ օրինակ՝ վարժապետը ժամանակին հեգնական-արհամարհական էր, այսօր ավելի շատ ուղղակի հնաբանություն է գիտակցվում։ Ժամանակին բժշկական տերմիններ էին դեբիլ, իմբեցիլ, իդիոտ բառերը, սակայն այսօր դրանք համարվում են ոչ պոլիտկոռեկտ, քանի որ ստացել ընդգծված հեգնական, ծաղրական իմաստներ։


Չնայած կոննոտացիայի համապարփակ և ընդհանուր սահմանման բացակայությանը, այն մեծ ազդեցություն ունի ուսումնասիրության ամենատարբեր ոլորտների վրա, ինչպիսիք են հոգեբանությունը, մաթեմատիկան, լեզվաբանությունը, գրականության տեսությունը` այսպիսով հանգեցնելով բավական տարբեր և հաճախ հակասական սահմանումների։ Բեթրիս Գարսա-Սուարոն «Կոննոտացիա և նշանակություն» (Connotation and meaning) (1991) աշխատության մեջ կոննոտացիայի սահմանումների քննարկման բազմակողմանի և ժամանակագրական ընդհանուր պատկերն է տալիս` ներառելով ուսումնասիրության տարաբնույթ ոլորտներ։ Խոսակցական համատեքստում կոննոտացիան սովորաբար սահմանվում է որպես դենոտացիայի հակադրություն, որն էլ իր հերթին հաճախ դիտարկվում է որպես բառի բառարանային իմաստ։ Այս առումով կոննոտացիա կարող է լինել այն ամենը ինչը ասոցացվում է բառի բառարանային իմաստից դուրս եկող հստակ բառի հետ։ «Դենոտացիան բառի հստակ սահմանված իմաստն է, որը ընդունվում է լեզվաբանների խմբի կողմից, բառարանային իմաստը` իր կիրառման բարձր մակարդակով, որը իր մեջ կրում է բառի մեջ պահվող հիմնական տեղեկատվությունը։ Կոննոտացիան բառի փոփոխական իմաստն է, որը ամրագրված է մշակույթում, կախված է կոնտեքստից և խոսքային իրավիճակից, կարող է նորմայից շեղվել, ունի կիրառման ավելի ցածր մակարդակ»։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бархударов Л. С. Язык и перевод, М., 1974, էջ 123
  2. Մեջբերում ըստ Большая российская энциклопедия. (https://bigenc.ru/ )
  3. Лингвистический энциклопедический словарь. /Под. Ред. В.Н. Ярцевой; М., 1990. (Էլեկտրոնային տարբերակը՝ http://lingvisticheskiy-slovar.ru/ Արխիվացված 2020-08-09 Wayback Machine):