Կոացերվացիա
Կոացերվացիա (<լատ. coacervatio—կուտակում), բարձրամոլեկուլային միացությունների լուծույթում լուծված նյութով հագեցած կաթիլների առաջացումը։ Կոացերվատ կաթիլների միացումը (կոալեսցենցիա) կարող է նախորդել դրա հետևանքով գոյացած փուխր փաթիլանման ագրեգատների առաջացմանը (ֆլոկուլացիա) և բարենպաստ պայմաններում հանգեցնել համակարգի բաժանմանը խիստ սահմանազատված 2 շերտերի՝ հավասարակշռված հեղուկի շերտ և խիտ կամ պոլիմերով հարուստ կոացերվային շերտ։ Կոացերվացիան տեղի է ունենում ջեր մաստիճանի կամ համակարգի փոփոխումից, երբ բաղադրիչ նյութերը կորցնում են միմյանց մեջ լուծվելու ունակությունը։ Տարբերում են պարզ և բարդ կոացերվացիաներ։ Պարզ կոացերվացիան լուծված պոլիմերի և ցածրամոլեկույային նյութի (օրինակ, ժելատինի և սպիրտի) փոխազդեցության արդյունք է։ Բարդ կոացերվացիա դիտվում է 2 պոլիմերների փոխազդեցության դեպքում, որոնց մակրոմոլեկուլները տարբեր լիցքերով են լիցքավորված (օրինակ, ժելատինի և արաբական խեժի ջրային լուծույթները խառնելիս)։ Կոացերվատների առաջացումը շատ կարևոր որակական փուլ է հանդիսացել մեր մոլորակի վրա կյանքի ծագման ժամանակ։ Ըստ Ա. Օպարինի կյանքի ծագման հիպոթեզի, կոացերվացիան սկզբունքորեն կարևոր դեր է խաղացել շրջապատող միջավայրի մեկուսացած հատվածներում սպիտակուցային նյութերի կուտակման համար։ Համաձայն նշված հիպոթեզի, առանձին հիդրատացված մակրոմոլեկուլների միավորումը և հաջորդական կուտակումը կոացերվատ կաթիլներում հանգեցրին նախնական կենսաբանական համակարգերի առաջացմանը առաջնային օվկիանոսի ջրերում։ Այդ պատճառով հեռավոր երկրաբանական դարաշրջանում կոացերվացիան հանդիսացավ կյանքի ծագման ընթացքի կարևորագույն որակական աստիճաններից մեկը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Coacervate_droplets_example.png/220px-Coacervate_droplets_example.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 500)։ ![]() |