Կնոջս սիրեկանները (անգլ.՝ My Wife’s Lovers), ավստրիացի գեղանկարիչ Կարլ Կահլերի (1855-1906) յուղանկարը, որը ստեղծվել է 1891-1893 թվականներին ամերիկացի միլիոնատեր Քեյթ Բերդսել Ջոնսոնի պատվերով (1833-1893)։ Հավանաբար կտավն այդպես է անվանել Քեյթի ամուսինը՝ Ռոբերտ Ջոնսոնը, թեև նա մահացավ 1889 թվականին Փարիզում՝ նախքան կտավի վրա աշխատանքներն սկսվելը[3]։

Կնոջս սիրեկանները
տեսակգեղանկար
նկարիչԿարլ Կահլեր[1]
տարի1891[1]
բարձրություն1,8 մետր[1] և 177,8 սանտիմետր[2]
լայնություն2,6 մետր[1] և 258,4 սանտիմետր[2]
հավաքածուանհայտ[1]
պատվիրատուKate Birdsall Johnson?[1]
մասն էCarl Kahler: My Wife’s Lovers?
Ծանոթագրություններ

Կտավը, որտեղ պատկերված է բնական չափերից մեծ 42 կատու, ամենամեծ կտավն է համարվում, որտեղ այս կենդանիներն են պատկերված[3]։ Չափսը՝ 180 × 260 սմ, ընդհանուր քաշը՝ 103 կգ[4]։ Cat Magazine ամսագիրը կտավն անվանել է «աշխարհի մեծագույն կտավը, որտեղ կատուներ են պատկերված»[5][6]։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Սուլթան կատուն, որը Ջոնսոնը գնել էր 3000 դոլարով Փարիզ այցելության ժամանակ[7]։

Սոնոմայի մոտ գտնվող իր Բուենա Վիստա ամառանոցում Ջոնսոնը պահում էր բազմազան թռչուններ, ինչպես նաև 350 կատու[7], որոնցից 50-ը ազնվացեղ պարսկական և անգորական կատուներ էին (ըստ այլ աղբյուրների՝ կատուների ընդհանուր թիվը չէր գերազանցում 50-ը[8], իսկ տիրուհու մահվան պահին 32 էր)։ Տանը հետևող ծառաների հատուկ խումբը խնամում էր նաև կենդանիներին։ Կտավն ավարտվեց 1893 թվականի մարտին։ Քեյթը մահացավ թոքաբորբից նույն տարում՝ 1893 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ըստ լեգենդի՝ իր կտակում Քեյթը 500000 դոլար է կտակել իր հեռավոր մի բարեկամուհու՝ որպեսզի վերջինս խնամի իր կենդանիներին իր մահվանից հետո։

Ջոնսոնը պատվիրեց կտավը ավստրիացի գեղանկարիչ Կարլ Կահլերին 1891 թվականին։ Կահլերը, որ վերջերս էր ժամանել ԱՄՆ, նախքան այդ 7 տարի աշխատել էր Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ հիմնականում նկարում էր ձիեր և ձիարշավի տեսարաններ[7]։ Նախկինում երբեք կատուներ չնկարած Կահլերը գրեթե 3 տարի անցկացրեց Ջոնսոնի կալվածքում՝ ուսումնասիրելով կատուների կեցվածքը և նկարելով էսքիզներ[3]։ Արդյոք նա սիրային հարաբերություններ ուներ Քեյթի հետ․ հայտնի չէ։ Որպես հոնորար նկարիչը ստացավ 5000 դոլար[4]․ բացի մեծ կտավից Կահլերը վրձնեց ևս մի քանի գործ․ մասնավորապես «Ձերդ պայծառափայլություն» մականունով կատվի նկարը։ Կտավի ավարտից հետո այն 1893 թվականին ցուցադրվեց Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում, որտեղ ցնցող տպավորություն թողեց[7]։

Ջոնսոնի մահից հետո նրա ունեցվածքն աճուրդի հանվեց, քանի որ վերջինս երեխաներ չուներ և ամուսնու մահից առաջ էլ կորցրել էր խորթ դստերը։ Աճուրդի ժամանակ՝ 1894 թվականին, կտավը ձեռք բերեց Էռնեստ Հաքեթն իր՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող արվեստի սրահի համար[4]։ Արվեստի սրահը կործանվեց երկրաշարժից 1906 թվականին։ Կտավը չվնասվեց[4], սակայն հեղինակը՝ Կարլ Կահլերը մահացավ կատակլիզմից[9]։

20-րդ դարում կտավը հայտնվել է բազում ձեռքերում։ 1940-ական թվականներին այն պատկանում էր Ջուլիան ամուսիններին՝ Julian Art Galleries պատկերասրահի տերերին։ Նրանք ցուցադրում էին կտավն ամբողջ երկրով մեկ, այդ թվում՝ Նյու Յորքում, Մեդիսոն Սքուեր Գարդենում։ Կտավը մեծ ճանաչում ձեռք բերեց․ այդ ժամանակաշրջանում վաճառվեց մոտ 9000 վերարտադրանկար։

2015 թվականի նոյեմբերին «Սոթբիս» աճուրդի ժամանակ կտավը վաճառվեց 826000 ԱՄՆ դոլարով Լոս Անջելեսից մի անհատ գնորդի[4][10]․ ընդ որում ծանր քաշի պատճառով կտավը ստիպված էին հատուկ պատի վրա կախել՝ որպեսզի հնարավոր լինի դրա ցուցադրությունը աճուրդի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 World’s largest cat painting sells for $826KNew York Post, 2015.
  2. 2,0 2,1 https://www.artnet.com/artists/carl-kahler/my-wifes-lovers-Exjx8veTR8ZMm6aphcCNKw2#:~:text=Size%3A,(70%20x%20101.7%20in.)
  3. 3,0 3,1 3,2 Emily Saul (2015 թ․ նոյեմբերի 3). «World's largest cat painting sells for $826K». New York Post. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «How a Painting of One Woman's 42 Cats Earned More than $820,000 at Auction». Architectural Digest. 2015 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Reed, Robert. «Inside Antiques: Cat Collectibles, A Purr-fect World». Wayback Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  6. ««World's greatest cat painting» by Carl Kahler sells for $826,000 at Sotheby's New York» (անգլերեն). ArtDaily.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Karl Kahler — My Wife's Lovers» (անգլերեն). Sotheby’s.
  8. Layla Morgan Wilde (2015 թ․ նոյեմբերի 6). «The Truth About My Wife's Lovers Cat Painting» (անգլերեն).
  9. «Carl Kahler» (անգլերեն). National Portrait Gallery, Canberra, Australia.
  10. «Картина «Любовники моей жены» кисти Калера продана на аукционе в Нью-Йорке за $826 тыс». TACC. 2015 թ․ նոյեմբերի 5.

Արտաքին հղումներ խմբագրել