Կիպրոսյան փաստաթղթեր (անգլ.՝ Cyprus Papers), Կիպրոսի ներդրումային ծրագրի (CIP) հետ կապված պետական փաստաթղթերի արտահոսք, որը ձեռք է բերել «Ալ-Ջազիրան» և թողարկել 2020 թվականի օգոստոսին[1]։ CIP-ը թույլ է տալիս քաղաքացիություն չունեցող անձանց դիմել և ստանալ Կիպրոսի անձնագիր՝ ներդնելով առնվազն 2 միլիոն եվրո Կիպրոսում։ CIP-ի միջոցով ձեռք բերված անձնագրերը կրում են «Ոսկե անձնագրեր» մականունը։

«Ալ-Ջազիրաn» հետաքննություն է անցկացրել՝ հիմնվելով գաղտնազերծված փաստաթղթերի վրա և, իբր, պարզել է, որ Կիպրոսի Հանրապետությունը CIP-ի միջոցով քաղաքացիություն է տրամադրել հանցագործության և կոռուպցիայի հետ կապված մի քանի անձանց[2]։

2020 թվականի հոկտեմբերի 12-ին «Ալ-Ջազիրան» հրապարակել է «Կիպրոսյան փաստաթղթերի» հետ կապված գաղտնի հետաքննության տեսանյութ, որում բացահայտվում է, թե ինչպես են Կիպրոսի իրավաբանները, գործարարները և բարձրաստիճան քաղաքական գործիչները պատրաստ օգնել և աջակցել դատապարտված հանցագործներին Կիպրոսի քաղաքացիություն ստանալու գործում՝ հանցագործներին թույլ տալով մուտք գործել Եվրամիության ներքին շուկաներ և առանց վիզայի ճանապարհորդել[3]։ Ի թիվս այլոց, տեսանյութում հայտնված մարդկանց շարքում են Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, խորհրդարանի անդամ Քրիստակիս Յովանիսը, փաստաբան Անդրեաս Գ. Պիտադյիսը և Giovannis Group ընկերության անշարժ գույքի կառավարիչ Անտոնիս Անտոնիուն։ Հատկանշական է, որ տեսանյութում Դեմետրիս Սիլուրիսը հանդիպում է «Ալ-Ջազիրայի» լրագրողների հետ, որոնք ներկայանում են որպես փողերի լվացման համար դատապարտված իրականում գոյություն չունեցող չինացի գործարարի ներկայացուցիչներ, որը փորձում է Կիպրոսի անձնագիր ստանալ CIP-ի միջոցով։ Տեսանյութում Սիլուրիսը խոստանում է աջակցել, որպեսզի չինացի գործարարը ստանա Կիպրոսի քաղաքացիություն, թեև դատապարտված հանցագործներին քաղաքացիություն տրամադրելը հակասում է CIP-ի և Կիպրոսի օրենքի պահանջներին։

Ի պատասխան «Ալ-Ջազիրայի» մեղադրանքների՝ Սիլուրիսը պնդել է, որ ինքը իրականում մտել է տեսանյութում ցուցադրված մյուս մարդկանց խաղի մեջ՝ հանցագործ չինացի գործարարի մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու և գործը վերջապես Կիպրոսի իշխանություններին զեկուցելու համար[4]։

«Ալ-Ջազիրայի» տեսանյութը բողոքի ցույցեր է առաջացրել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։ Ցուցարարները պահանջել են լիարժեք, արագ և թափանցիկ հետաքննություն և Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի և խորհրդարանի անդամ Քրիստակիս Յովանիսի անհապաղ հրաժարականը։ Արդյունքում և՛ Դեմետրիս Սիլուրիսը, և՛ Քրիստակիս Յովանիսը հրաժարական են տվել իրենց պաշտոններից։ Ավելին, Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից կվերացնի CIP-ը[5]։

2022 թվականի սեպտեմբերին «Ալ-Ջազիրայի» տեսահոլովակում հայտնված չորս տղամարդիկ կանգնել են Նիկոսիայի քրեական դատարանի առաջ[6]։ 2023 թվականի հոկտեմբերին Անդրեաս Գ. Պիտադյիսի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Cyprus Papers». Al Jazeera. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «Understanding The Cyprus Papers». The Organization for World Peace. 2020 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Cyprus officials implicated in plan to sell passport to criminals». Al Jazeera. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Psyllides, George. «House president denies wrongdoing in latest Al Jazeera revelations | Cyprus Mail». Cyprus Mail (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Cyprus abolishes citizenship through investment programme». Al Jazeera. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Kambas, Michele (2022 թ․ սեպտեմբերի 12). «Four go on trial for graft over Cyprus passports scheme». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «Twist in golden passports case as lawyer in Al Jazeera video is cleared of all charges». in-cyprus.philenews.com (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 15-ին.