Կենդանիների գույն, կենդանիների թույր, գունավորումը պայմանավորված է մաշկի և մաշկածածկույթի (ծածկող մազերի, բրդի, խոզամազի) գունավորմամբ։ Վայրի կենդանիների գունավորումն ունի հարմարվողական բնույթ և տեսակի սահմաններում, սովորաբար, միևնույնն է՝ մասնակի շեղումներով, այդ պատճառով «գույն» եզրույթը վայրի կենդանիների համար չի օգտագործվում։ Ընտանի կենդանիների համար գույնի հարմարվողական բնույթը հիմնականում կորցրել է իր նշանակությունը՝ արհեստական ընտրության և զույգընտրության հետևանքով։ Գյուղատնտեսական կենդանիների շատ ցեղեր ունեն իրենց բնորոշ գույները, քանի որ երկարատև տոհմային աշխատանքների ընթացքում ընտրությունը և զույգընտրությունը կատարվել է նաև ըստ գույնի, և այն դարձել է ցեղային հատկանիշ։ Կենդանիներին բնորոշ գույները ձևավորվում են զարգացման ընթացքում և տարիքի հետ որոշ չափով փոփոխվում են։ Գույնի երանգները կարող են տարբերվել՝ կախված կլիմայական պայմաններից, տարվա սեզոնայնությունից, կերակրման ու պահվածքի պայմաններից, առողջական վիճակից։ Գույնը հաճախ ժառանգվում է իր երանգներով ու նշաններով։ Կենդանիների յուրաքանչյուր ցեղին բնորոշ են որոշակի, գերակշռող գույներ։ Կենդանիների անասնաբուծության փաստաթղթերը կազմելիս կարևոր է ճիշտ ճանաչել և նկարագրել գույնը։ Անասնաբուծության յուրաքանչյուր բնագավառում մշակված է գույնի որոշակի տերմինաբանություն։ Առավել բազմազան են ձիերի գույները (տարբերում են 14 հիմնական թույրեր՝ ավելի քան 40 երանգներով)։ Սևաթույր ձի՝ ամբողջ մաշկածածկը սև է, մուգ շագանակագույն՝ նույն սևաթույրն է, սակայն աչքերի շուրջը, դնչի ծայրին ու աճուկների շրջանում՝ շագանակագույն բծերով, աշխետ՝ գլուխը և մարմինը դարչնագույն են, բաշը, պոչը սև են։ Ոչխարաբուծության, ճագարաբուծության և գազանաբուծության բնագավառներում գույնն ունի տնտեսական նշանակություն, քանի որ այլ հատկանիշներից բացի, բրդի, գառնենու և մուշտակամորթու արժեքը պայմանավորված է նաև դրանով։ Ճագարաբուծության, գազանաբուծության և շնաբուծության մեջ «գույն»-ի փոխարեն օգտագործում են գունավորում եզրույթը։ Սև գույնի խեկների ամբողջ մազածածկը համասեռ սև է, սպիտակ գույնը՝ լրիվ սպիտակ, կարմիր գույնը՝ բաց կարմրից մուգ բալագույն, շիկակարմիր գույնը՝ բաց շիկավունից (ավազագույն, մարմնագույն) մուգ շիկակարմիր։ Խայտաբղետ (սև, կարմիր,ավազագույն խայտաբղետ) գույնի դեպքում իրանը սպիտակ մազածածկով է՝ վրան վերոհիշյալ գույների բծեր, կամ հակառակը՝ մուգ իրանի վրա՝ սպիտակ բծեր։ Մոխրագույն գույնը բնորոշ է ամբողջ մարմնին՝ մուգ և բաց մազերի համաչափ խառը բաշխվածությամբ։ Կենդանու մազի անհամաչափ գունավորումը, երբ մազարմատի մոտ գույնը մուգ է, իսկ ծայրերն ավելի բաց, հանդիպում է գորշ գույնի անասունների մոտ։ Չալ գույնի կենդանիներն ունենում են խառը սև (կամ կարմիր) և սպիտակ գույնի մազածածկույթ, ընդ որում՝ հաճախ գլուխը, վիզն ու վերջույթներն ավելի մուգ գույնի են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։