Կեղծափուչիկ մատնաձև

բույսերի տեսակ
Կեղծափուչիկ մատնաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Կեղծափուչիկ (Pseudovesicaria)
Տեսակ Կեղծափուչիկ մատնաձև (P. digitata)
Միջազգային անվանում
Pseudovesicaria digitata

Կեղծափուչիկ մատնաձև (լատին․՝ Pseudovesicaria digitata), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկամյա թխակապույտ մերկ բույս է, որի բարձրությունը 5-10 (20) սմ է։ Տերևները մսալի են և վերին մասում ունեն 3-5 կլորացած բլթակ։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ սպիտակ ու ամբողջական։ Պտուղը փքված, էլիպսաձև կամ հակաձվաձև պատիճակ է, որը ունի 7-10 (15-25) մմ երկարություն, պտղի բները 2-4 (6) սերմերով են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (խառնարանում՝ հյուսիսային լեռնագագաթի ստորոտին և հյուսիսային ու արևմտյան լեռնագագաթների միջև գտնվող լեռնաթմբի վրա)։ Աճում է Կովկասում՝ ընդգրկելով Մեծ Կովկասը և Հարավային Անդրկովկասը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3600-3900 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներում և քարափլուզումներում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղակալում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Հայտնի է միայն Արագած լեռնազանգվածից։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.