Կարմիր քամի
Կարմիր քամի (լեհերեն roza, բառացի՝ վարդ), վարակիչ հիվանդություն. առաջանում է հեմոլիտիկ ստրեպտոկոկերով ախտահարվելիս և բնորոշվում է մաշկի, մաշկի ավշային անոթների, լորձաթաղանթների սուր բորբոքային երևույթներով։
Նպաստող գործոններն են օրգանիզմի անհատական նախատրամադրվածությունը, ալերգիան (հեմոլիտիկ ստրեպտոկոկի հանդեպ)։ Կարմիր քամին լինում է առաջնային (վարակումը տեղի է ունենում վնասվածքների, քերծվածքների և քորվածքների դեպքում) և երկրորդային՝ զարգանում է որպես տեղային թարախային պրոցեսների (օրինակ, ֆուրունկուլ, ինֆեկցված վերք) բարդություն։
Ընթացք
խմբագրելԿարմիր քամին ընթանում է հետևյալ ձևերով։
- Էրիթեմատոզ ձև, որի դեպքում նկատվում է հյուսվածքների տեղային ավշային այտուց, մազանոթային ցանցի լայնացում, որով պայմանավորված է մաշկի ուռածությունը և կարմրությունը։
- Բշտային ձև. այտուցային հեղուկի մեծ քանակության կուտակման դեպքում մաշկի մակերեսային շերտը շերտազատվում է՝ առաջացնելով բշտեր։
- Ֆլեգմոնոզ ձև. ընթանում է մաշկի ախտահարված հատվածների թարախակալումով։
- Գանգրենոզ ձև. բնորոշվում է հյուսվածքների մեռուկացումով (առավելապես թույլ հիվանդների մոտ)։
Ախտանշաններ
խմբագրելՋերմության հանկարծակի բարձրացում՝ 40-41 °C, դող, թուլություն, գլխացավ, փսխումներ։ Օրգանիզմի ուժեղ արտահայտված թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ։ Ախտահարումն առավելապես տեղակայվում է դեմքի կամ ստորին վերջույթների վրա և առաջացնում այրող ցավեր։ Մոտակա ավշահանգույցները մեծանում են, դառնում ցավոտ։
Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ, հաճախ կրկնվում է (ռեցիդիվ)։
Բարդություններ
խմբագրելԱխտահարման պրոցեսի տարածում հարևան հյուսվածքների վրա, արյան միջոցով հարուցիչների տարածում այլ օրգանների և հյուսվածքների մեջ և արյան վարակում (սեպսիս)։
Բուժում
խմբագրելԲուժումը տարվում է հիվանդանոցներում. տեղական ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների կիրառում, հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, անկողնային ռեժիմ, ախտահարված վերջույթի հանգիստ։
Կանխարգելում
խմբագրելՔերծվածքների, միկրոտրավմաների ժամանակին և պատշաճ մշակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 336)։ |