Կանաչ դուռը (անգլ.՝ The green door), ամերիկացի գրող Ուիլիամ Սիդնեյ Փորթերի նովելներից է։ Փորթերը հանդես է եկել Օ. Հենրի գրական անվամբ։ Այս ստեղծագործությունն առաջին անգամ լույս է տեսել 1906 թվականին «Չորս միլիոն» անթոլոգիայում։ Պատմվածքում մի երիտասարդ վաճառողի, ով երեկոյան զբոսանքի էր դուրս եկել Նյու Յորքի փողոցներով, պատահաբար տալիս են մի քարտ, որի վրա ձեռագրով գրված էին երկու բառ՝ առեղծվածային «Կանաչ դուռ» բառերը։ Լինելով արկածների սիրահար և առաջնորդվելով արկածային բնավորությամբ` երիտասարդը գտնում է մի կանաչ դուռ, որը տանում էր դեպի մի կիսամութ սենյակ։ Իր թակոցին ի պատասխան՝ դուռը բաց է անում մի աղջիկ, ով ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ։ Եվ մինչ երեկոյի ավարտը տղան համոզվում է, որ նրանք հանդիպեցին ճակատագրի բերումով։ 1917 թվականին պատմվածքի հիման վրա նկարահանվել է կարճամետրաժ համր ֆիլմ։ Չնայած որ սա Օ․ Հենրիի ամենահայտնի պատմվածքներից չէ, այնուամենայնիվ այն հաճախ է մեջբերվում նրա ստեղծագործությունների սիրահարների կողմից։

Կանաչ դուռը
անգլ.՝ The Green Door
ՀեղինակՕ. Հենրի
Տեսակպատմվածք
ԺանրԱրկածային
Մասն էՉորս միլիոն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրատարակված էThe Four Million?
Հրատարակման տարեթիվ1906 թվական
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/o-henry/short-fiction/text/the-green-door

Սյուժե խմբագրել

Ռուդոլֆ Սթեյները երիտասարդ վաճառող է, ով ապրում և աշխատում է Նյու Յորքում։ Նա ռոմանտիկ է և ունի արկածներ որոնելու հազվագյուտ ու յուրահատուկ ոգի։ Հաճախ են լինում երեկոներ, երբ նա դուրս է գնում՝ փնտրելու անսպասելին։ Նրա արկածները միշտ չէ, որ հաճելի ավարտ են ունենում, դրանք երբեմն նույնիսկ դժբախտությամբ են ավարտվում։ Մի երեկո, երբ Ռուդոլֆն անցնում է մայթով՝ ատամնաբույժի ցուցանակի կողքով, մի բարձրահասակ սևամորթ, ով գովազդային քարտեր է բաժանում անցորդներին, հասցնում է մի քարտ էլ տալ Ռուդոլֆին։ Սովորաբար Ռուդոլֆն ուշադրություն չի դարձնում նման գովազդներին, բայց այս անգամ նա, նայելով քարտին, տեսնում է ձեռագրով գրված երկու բառ՝ «Կանաչ դուռ»։ Իրենից առաջ մի անցորդ դեն է նետում իր ձեռքի քարտը։ Ռուդոլֆը վերցնում է այն․ դրա վրա տպված է լինում ատամնաբույժի անունը, հասցեն, մատուցվող ծառայությունների ցանկը։ Խիստ հետաքրքրված՝ Ռուդոլֆն անցնում է փողոցը, ետ է գալիս ու նորից մի քարտ վերցնում։ Ու նորից իր քարտի վրա միայն երկու բառ է լինում՝ «Կանաչ դուռ»։ Նա ստուգում է մայթին թափված քարտերը․ դրանց վրա միայն ատամնաբույժի գովազդն է լինում։ Նա փորձում է երրորդ անգամ անցնել սևամորթի կողքով և մեկ անգամ ևս ճշտել քարտի վրա եղած բառերը, բայց հանդիպում է նրա սառը, արհամարհական հայացքին։ Նրա հայացքից խոցված՝ Ռուդոլֆը որոշում է, որ իր համար սկսվում է մի նոր արկած և որ ինքը պիտի սուզվի դրա մեջ։ Նա մտնում է այն մուտքով, որտեղ ատամնաբույժի աշխատասենյակն էր և, վեր բարձրանալով կիսամութ աստիճաններով, հայտնվում է մի կանաչ դռան դիմաց։ Նա թակում է դուռը, այն բաց է անում մոտ քսան տարեկան, չափազանց գունատ մի աղջիկ, այնքան թույլ, որ հազիվ է ոտքի կանգնում և կընկներ, եթե Ռուդոլֆը չբռներ նրան։ Ներս տանելով աղջկան, Ռուդոլֆը պառկեցնում է նրան մահճակալին և նայում շուրջը․ ակնհայտ է, որ աղջիկն ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ։ Երբ աղջիկն ուշքի է գալիս և բաց է անում աչքերը, Ռուդոլֆը հասկանում է, որ նա հենց այն մեկն է, որին ինքը այդքան երկար փնտրել է իր արկածներում։ Նա ապշում է, իմանալով, որ աղջիկը երեք օր ոչինչ չի կերել ու, վազելով դուրս, քիչ անց ետ է գալիս՝ բերելով այնքան ուտելիք, ինչքան կարող էր։ Նա օգնում է աղջկան նստել սեղանի շուրջ, մի քիչ կաթ է տալիս նրան, ապա թեյ, հետո այլ ուտելիքներ։ Աղջիկը նախ ուտում է որպես քաղցած գազան, ապա, ուժ հավաքելով, սկսում է խոսել։ Ռուդոլֆը շատ է ազդվում նրա պատմություններից ցածր աշխատավարձի, հիվանդության, կորցրած աշխատանքի մասին։ Ուտելուց և մի քիչ հանգստանալուց հետո աղջիկը սկսում է ննջել։ Ռուդոլֆը բարի գիշեր է մաղթում նրան և խոստանում է հաջորդ օրն էլ գալ։ Ճանապարհելիս աղջիկը հարցնում է, թե նա ինչպես իմացավ իր տեղը։ Ռուդոլֆը հիշում է քարտերը, բայց որոշում է երբեք չասել իր`այդտեղ հայտնվելու իրական պատճառը և ասում է, թե բնակարանն էր շփոթել։ Դուրս գալով, Ռուդոլֆն անցնում է երկար միջանցքով և նկատում, որ բոլոր բնակարանների դռները կանաչ են։ Նա բարձրանում է վերևի հարկ, որտեղ ևս բոլոր դռները կանաչ են լինում։ Դուրս գալով փողոց, նա տեսնում է, որ քարտեր բաժանող մարդը դեռ կանգնած է մայթեզրին՝ ձեռքին քարտեր։ Ռուդոլֆը հարցնում է, թե նա ինչու իրեն տվեց այդ քարտը։ Մարդը ցույց է տալիս փողոցի ներքևում գտնվող թատրոնի ցուցանակը, որի վրա գրված էր նոր ներկայացման անունը՝ «Կանաչ դուռ» և ասում, որ թատրոնի գործակալը խնդրել է գովազդել նաև նոր ներկայացումը ատամնաբուժարանի գովազդի հետ։ Լինելով ռոմանտիկայի և արկածների իրական հետևորդ, Ռուդոլֆ Ստեյները հավատում է, որ հենց Ճակատագիրն օգնեց իրեն գտնել և օգնել այդ աղջկան։

Արտաքին հղումներ խմբագրել