Կալկուլյացիա (հաշվարկում), արտադրության գործընթացում պատրաստվող արտադրանքի մեկ միավորի կամ շինարարության, նորոգման և այլ աշխատանքների ու ծառայությունների մեկ միավորի վրա կազմակերպության կատարած ծախսումների հաշվարկման և ինքնարժեքի որոշման աշխատանք։

Պարզ է, որ այդպիսի հաշվարկը հնարավոր է կատարել միայն դրամական գնահատմամբ, որովհետև արտադրանքի ինքնարժեքի մեջ մտնում են տարբեր բնույթի ծախսեր(դրամական, նյութական, աշխատանքային)։ Արտադրության գործընթացում արտադրանքի վրա կատարված ծախսումները, որոնք ներառվում են ինքնարժեքի մեջ, բաժանվում են՝ ուղղակի և անուղղակի ծախսումների։

Այն ծախսերը, որոնց կատարման կամ հաշվարկման պահին հնարավոր է որոշել, թե արտադրանքի որ տեսակին են կոնկրետ վերաբերում, համարվում են ուղղակի և միանգամից ներառվում են տվյալ արտադրատեսակի ինքնարժեքի մեջ։ Օրինակ, արտադրանքի թողարկման ժամանակ ծախսված նյութերը, արտադրանքը թողարկող բանվորների աշխատավարձերը և այլն։ Անուղղակի ծախսումներ են համարվում այն բոլոր ծախսումները, որոնց կատարման կամ հաշվարկման պահին հնարավոր չէ որոշել, թե այդ ծախսումների որ մասը որ արտադրատեսակին է վերաբերում։ Այդպիսի ծախսումներ են արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատավարձը, դրանց սոցապ հատկացումները, արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածությունը, նորոգման և սպասարկման ծախսումները և այլն։

Բոլոր անուղղակի ծախսումները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հավաքվում են հատուկ այդ նպատակով բացված հաշիվներում, իսկ ժամանակաշրջանի վերջում պայմանական եղանակով բաշխվում են թողարկված արտադրատեսակների միջև և դուրս են գրվում հիմնական արտադրության վրա՝ միացնելով ուղղակի ծախսումներին։ Բոլոր ուղղակի և անուղղակի ծախսումները գումարելով՝ ստացվում է թողարկված արտադրանքի ինքնարժեքը։ Անուղղակի արտադրական ծախսումների բաշխումը կատարվում է ըստ ուղղակի ծախսումների, ըստ ուղղակի նյութական ծախսումների, ըստ ուղղակի աշխատանքային ծախսումների և այլն։ Բաշխման եղանակի ընտրությունը կախված է կազմակերպության նյութատարության, աշխատատարության մակարդակներից և այլն։

Անուղղակի ծախսումների բաշխման գործակիցը որոշելու համար անուղղակի ծախսումների գումարը բաժանում ենք ուղղակի աշխատանքային ծախսումների հանրագումարի վրա։ Սրանից հետո յուրաքանչյուր արտադրատեսակի պատրաստման համար կատարված ուղղակի աշխատանքային ծախսումների գումարը բազմապատկում են անուղղակի ծախսումերի բաշխման գործակցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 178