Ծիրանի ծառ (Վահան Թոթովենց)

«Ծիրանի ծառ», Վահան Թոթովենցի՝ պատմահեղափոխական թեմատիկայով 1930-ական թվականերին գրված հայտնի երկերից։ Պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել 1935 թվականին «Գրական թերթի»[1] № 6[2], 7[3], 9[4], 10[5] համարներում, այնուհետև՝ 1957 թվականին հրատաակված «Երկերի»[6] մեջ, որտեղից էլ տպագրվել է։ Թեման սերն է և պատերազմը, որով էլ եղերական ավարտ է ունենում երիտասարդ ուսանողի ու չքնաղ Արևհատի սերը։

Ծիրանի ծառ
Ժանրպատմվածք
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Առաջին ներկայացում1935
ՎիքիդարանԾիրանի ծառ

Սյուժե խմբագրել

Պատմվածքի սյուժեն կառուված է արդեն ճերմակած գիտնականի վերհուշի ձևով, ով հիշում է իր երտասարդ տարիները, երբ ուսանող էր կայսրության մայրաքաղաքում և մայրաքաղաք էր գնացել կայսրության ամենահեռավոր ծայրամասերից։ Ամբողջ ուսումնական տարին սովորում էր մեծ եռանդով և հափշտակությամբ՝ կարոտով հիշելով հայրնի գյուղը։ Եվ երբ վերջանում էր ուսումնական տարին, նա թռչում էր երկաթուղային կայարան՝ մեկ վայրկայն շուտ գյուղ հասնելու համար։

  Փոթորկվել էր երիտասարդ ուսանողի և՛ սիրտը, և՛ միտքը, կյանքը նրա համար մի ամեհի մրրիկ էր, և ինքը՝ ոսկեթև մի թռչուն։  

Մտավ նա տուն, համբուրեց մորը, հողաբույր տատին, առավ նրանցից կարոտը։ Խոսեցին երկար և մանրամասն, հետո հանեց ճանապարհի շորերը, լվացվեց, սանրեց մազերը, հագավ ուսանողական բաճկոնն ու դուրս թռավ՝ տեսնելու աղբյուրից վերադարձող այն գեղանի աղջկան, որին դեռ մանկուց գիտեր և որ պարել էր իր մանկության հետ։ Եվ նա կանչեց սրտագին.

-Արևհա՛տ...

Արևհատի սրտում հնչեց պատանի ուսանողի ձայնը։ Նրանք չէին խոսում, բայց երկուսն էլ լսում էին իրենց նայվածքների ձայնը։ Ուսանողը նայում է աղջկա ճակատին, ու թվում է, թե արևը մայր մտնելուց հետո նորից բարձրացավ սարի գլխին։ Նա վերցրեց կուժն աղջկա ձեռքից ու քայլեցին... Ու հաջորդ օրը նորից հանդիպեցին, նորից լռեցին ու լռության մեջ լսեցին իրենց սրտերի տրոփյունը։ Էլի հանդիպեցին ու էլի լռեցին։ Անցան արձակուրդային օրերն ու ուսանողն անէացավ գյուղի հորիզոնից։

  Նրանից Արևհատի հոգում մնաց մի քաղցրագույն մորմոք, չհագեցված մի ծարավ և անսահման ու ահավոր մի անձկություն։  

Նորից եկավ ուսանողը, ու երբ նանը կանչում էր աղջկան՝ անհանգիստ այս ու այն կողմ ընկնելով, Արևհատը տղայի գրկում էր։ Նանին այնպես էր թվում, թե լուսինն իր ամուսնու դեմքն է, որ անվերջ հետևում է վերևից, ու նորից էր կանչում.

-Աղջի՛, Արևհատ...

Ծիրանի ծառի սաղարթներից մի քնար կախվեց և թրթռաց մեղմ։ Իրիկնային թռչո՞ւնն է դայլայլում, թե՞ Արևհատի սիրտն է կանչում։ Արյունն է երգում, արյան քնարն է, որ կախվել է ծիրանի ծառից։ Զով գիշերը ջերմացնում է սիրտը, ինչպես սառը գինու ումպը՝ մարմինը։ Սրտերը մոտենում են իրար, լցվում է ուսանողի թևերի դատարկությունը, այրվում է կուրծքը։

-Հորեղբայրն այգումն է, առվի ջուրն է շրջում դեպի ցորենի դաշտը, -շշնջում է Արևհատը՝ աղջկա զգուշությամբ։

  Ջահել տղան ոչինչ չի լսում։ Ծիրանի ծառը սոսափում է, առուն երգում է, երգում է Արևհատի սիրտը, նրա ծաղկավոր զգեստի հոտը հարբեցրել է երիտասարդ ուսանողի արյան ամենավերջին կաթիլը, նրա ուղեղում հրդեհ է, մեծ խարույկ, բոցավառվել է ողջ էությունը։ Ո՞վ կարող է դիմադրել հարբեցած և հրդեհված արյան վազքին։  

Դուրս թռավ Արևհատը տղայի գրկից՝ լսելով նանի կանչը, գնաց գրկեց մորը, հանեց սրտից իր գաղտնիքն ու մոր սրտում դրեց...

Անցան արձակուրդի օրերն ու գնաց ուսանողը, նորից դատարկվեցին Արևհատի գիրկն ու հոգին։ Հետո եկավ պատերազմի լուրը, հասավ նաև Արևհատի ու նրա մոտ ականջին։

-Աշխարհը մութ է, նանի։

-Աշխարհը լույս է, իմ մեկ հատիկ, մեր սիրտն է մութ։

Մութը գնալով խորացավ, վրդովվեց աշխարհի խաղաղությունը։ Արևհատն սպասում էր թե երբ պիտի ծիրանի ծառի ձյունը թափվի, քանի որ տղան խոստացել էր գալ այդ ժամանակ։ Միամիտ նանը հարցնում էր տղայի մասին, բյց չէր պատկերացնում՝ ինչ է պատերազմը, դեռ պատերազմն իրենց գյուղը չէր հասելիր ոչ մի հետևանքով, բայց մի քանի ամիս հետո տարան և Արևհատի մորեղբորը։

Վերջապես դադարել էր պատերամը, բայց ուսանողը տուն չեկավ, այլ ապստամբ զինվոների հետ մտավ կայսրության մայրաքաղաքը, մասնակցեց բերդերի ու պալատների պաշարմանը։ Այդ ընթացքում հայրենի գյուղում նրա վերադարձին էր սպասում Արևհատը, որի սրտի բաբախները դեռ երիտասարդի ականջներում էին։ Բայց քաղաքացիական պատերազմը հասավ նաև Արևհատի արևոտ երկիրը, տեղահան արեց խաղաղ բնակչությանը, խոշտանգեց, պղծեց նաև Արևհատի մաքուր երազանքներն ու մարմինը։

  Քարացած մթից մզվեց անմեղության արյունը կաթիլ առ կաթիլ, ատամները կրճտացին մոլուցքից, երկնքի բոլոր աստղերը դարձան ասուպ, թռան երկնակամարից, և խավարեց աշխարհը։  

Առավոտյան, սարերից բարձրացավ արևը, և երբ սպիտակ ջոկատները երկարեցին դեպի լեռնաշղթան, նանին գոմը վազեց և Արևհատի արյունաքամ ու անշնչացած մարմինը գտավ...

Բայց գարնանը ծաղկեց ծիրանի ծառը, հոտավետ և սպիտակ, բեղմնավորվեցին ծաղիկները և ամառը վառեցին՝ որպես արևի կանթեղներ, առուները կարկաչեցին բլուրներից վար, իսկ դաշտի կուրծքը սկսեց լցվել աստղերով, երբ աշնան սկզբին շողշողացին խաղողի հատիկները։ Երեկո էր, երբ կայարանում իջավ ուսանողը՝ հագին գորշ շինել, ուսից մի տոպրակ կախված, տոպրակում մի կտոր սև հաց և մի քանի կտոր շաքար, մի թեյի բաժակ և ուրիշ ոչինչ։ Նրան ոչ ոք չէր ճանաչում, կայարանում նրան չդիմավորեց Արևհատը. ու՞ր է նա։ Գյուղին մոտենալով՝ նա լսեց աղեխարշ ողբի ձայն. նանին էր ողբում աղջկա մահը։

Այդ տեսարանը մինչև կյանքի վերջ ուղեկցեց տղային, թեև նա վերադարձավ ուսանողական իր սեղանը և սյկսեց վերածնել պատմությունը նոր տեսողությամբ։ Եվ այժմ էլ, երբ նստած էր գրասեղանի առաջ գիտնականի ռունգերում տակավին բուրում էր Արևհատի ծաղկավոր զգեստի հոտը։ Սրտի փակված ծալքի մեջ նորից մնացին ծիրանի ծաոի երկու տերև՝ անվթար ու զվարթ, և շուշանի պես սպիտակ մի ձեռք։ Եվ ոսկեհնչյուն մի ձայն է թրթռում առավոտի բարձունքից։ Ո՞վ է։ Արևհա՞տը։ Ոչ։ Լուսաբացի շաղում արտույտն է երգում։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

Պատմվածքը Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում եղած քաղաքացիական կռիվների արձագանքն էր։ Պատմվածքը լույս է տեսել 1935 թվականին. դա այն շրջանն էր, երբ Թոթովենը ևս շատ գրողների պես հալածվում էր ցարական իշխանությունների կողմից։ 1934 թվականից հետո Թոթովենցի գրական ակտիվությունն սկսում է նվազել, և նա հանդես է գալիս ոչ թե որպես գործող անձ, այլ որպես թիրախ, ինչպես Չարենցը և Բակունցը։ Դերերի այս փոփոխությունը մոտալուտ աղետ էր կանխորոշում[7]։

Ինչպես Թոթովենցի մնացած ստեղծագործություններում, այս պատմվածքում առանցքայինը մարդն է՝ իր զգացմունքներով, աշխարհզգացողությամբ ու ձգտումներով։ 30-ական թվականներին հալածվում էր մարդը և՛ սոցիալ-տնտեսական, և՛ բարոյական տեսանկյուններից։ Պատմվածքի գլխավոր գաղափարը սերն է Արևհատի և ուսանող մի տղայի, որ հետո գիտնական է դառնում, և որի անունն այդպես էլ չի տալիս հեղինակը։ Երբ թվում էր, թե միայն ուսանողական սեղանն է բաժանում նրանց, սկսվում է պատերազմը, մտնում գյուղեր ու քաղաքներ, տեղահան անում խաղաղ բնակչությանը։ Դրան հետևում են քաղաքացիական կռիվները, որի արդյունքում բռնության է ենթարկվում և խոշտանգվում նաև Արևհատը։ Թոթովենցը նրանց սերը պատկերում է մեկ-երկու հանդիպումով, սակայն խորը հոգեբանական կապ է ստեղծվում նրանց մեջ, մեծ ու անկեղծ սեր։ Պատկերելով սիրո գեղեցիկ պահի երանությունը՝ հեղինակն ավելի ընդգծուն է դարձնում կորստի ցավը։

Մեջբերումներ խմբագրել

  Գիշերի ծոցը լցված է մրմունջներով։ Նոր բացվող ծաղիկների ձայնն է, պատռվող կոկոնների քաղցրագույն ճիչը։ Կոկոնները ճեղքում են իրենց սրտերը, որովհետև ստեղծագործության անդիմադրելի, անգութ և հետաբորբոք ցանկությունը մահ է, անխուսաձելի և անվախճան։  
  Զարմանալի է սիրտը, նա քաղցրությամբ և երանությամբ հիշում է մինչև անգամ մահը, որ եկավ հին մի օր, գրկեց իր սիրելուն և տարավ՝ երբեք չվերադառնալու անգութ պայմանով։  
  Զուր ես կանչում դու, նանի, զուր ես կանչում քամուն, որ ետ դառնա, զուր ես խրատւմ ծաղիկը, որ չբացվի, երբ գարունն է վրա հասնում, զուր ես կաշկանդում սիրտը, որ չբացվի, երբ արյունը հորդում է, վարարում մարմնի գետի ափերը։  
  Քարացած մթից մզվեց անմեղության արյունը կաթիլ առ կաթիլ, ատամները կրճտացին մոլուցքից, երկնքի բոլոր աստղերը դարձան ասուպ, թռան երկնակամարից, և խավարեց աշխարհը։  
  Պատերազմը գնալով բոցավառվեց, կատաղությունն աճեց, մարդկային կատաղությունը, որ ո՛չ չափ ունի, ո՛չ սահման։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «https://tert.nla.am/mamul/Grakantert/NLA.html». Գրական թերթ. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  2. «https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/1935/6_ocr.pdf». Գրական թերթ, № 6. 25.02.2024. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  3. «https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/1935/7_ocr.pdf». Գրական թերթ, № 7. 25.02.2024. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  4. «https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/1935/9_ocr.pdf». Գրական թերթ, № 9. 25.02.2024. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  5. «https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/1935/10_ocr.pdf». Գրական թերթ, № 10. 25.02.2024. {{cite journal}}: External link in |title= (օգնություն)
  6. Թոթովենց, Վահան (1957). «Երկեր» (PDF). Երևան: Հայպետհրատ. էջեր 560–581.
  7. Ադալյան, Նորայր (1992). «Վահան Թոթովենց» (PDF). Երևան: «Գիտելիք» ընկերություն. էջ 73.