Խորհրդա-չինական հարաբերություններ

Խորհրդա-չինական հարաբերություններ (ռուս.՝ Советско-китайские отношения, չինարեն՝ 中苏关系), պատմական դիվանագիտական հարաբերությունները (1917-1991) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև

Խորհրդա-չինական հարաբերություններ
ՉԺՀ և ԽՍՀՄ

Չինաստան

ԽՍՀՄ
Մաո Ցզեդունը և Իոսիֆ Ստալինը 1949 թվականի դեկտեմբերին

Երկրների միջև դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի մայիսին։ Չինաստանի հետ Ցարական Ռուսաստանի կնքած պայմանագրերը հայտարարվեցին ուժը կորցրած։ Այդ ժամանակ էլ ստորագրվեց Չին-Արևելյան երկաթուղու ժամանակավոր կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր։

1929 թվականին Չին-խորհրդային կարճատև հակամարտության հետևանքով դիվանագիտական հարաբերությունները խզվեցին և վերականգնվեցին միայն 1932 թվականին։

1934 թվականին Չինաստանի Հանրապետության 36-րդ հետևակային դիվիզիան (Ազգային հեղափոխական բանակ, հրամանատար՝ Մա Չժունյին), որը բաղկացած էր մուսուլման ույղուրներից, Սինցզյանի մոտ հաջողությամբ ջախջախեց կարմիր բանակին, որը փորձում էր գրավել քաղաքը։ 1937 թվականին Շեն Շիցայի՝ խորհրդային աջակցությունը վայելող ռեժիմը հաստատում է իր իշխանությունը Սինցզյան նահանգի ամբողջ տարածքի վրա։

ճապոնիայի բացահայտ ագրեսիայից (1937 թվականի հուլիս) հետո Չինաստանը և Խորհրդային Միությունը չհարձակման պայմանագիր (1937 թվականի օգոստոս) կնքեցին։ Հակաճապոնական ազատագրական պայքարի ընթացքում Չինաստանը 250 միլիոն դոլարի վարկ ստացավ խորհրդային զենք գնելու համար։ 1945 թվականի օգոստոսին կնքվեց բարեկամության և դաշինքի պայմանագիր։ Միաժամանակ ստորագրվել են համաձայնագրեր Չին․ Չանչունյան երկաթուղին համատեղ շահագործելու, Պորտ Արտուրը (Լյույշուն) որպես ռազմածովային բազա օգտագործելու, Դալնիի (Դալյան) նավահանգիստը և պահեստները վարձակալելու և այլնի վերաբերյալ։

ԽՍՀՄ առաջինը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց (1949 թվականի հոկտեմբեր) ՉԺՀ-ի հետ՝ խզելով հարաբերությունները չանկայշիական կառավարության հետ։ 1950 թվականի փետրվարի 14-ին կնքվեց «բարեկամության, դաշինքի և փոխօգնության» պայմանագիր։ Սիաժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր երկարաժամկետ խորհրդային վարկի (ԽՍՀՄ պարտավորվում էր ՉԺՀ-ին օգնել 50 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործում), չինական Չանչունյան երկաթուղու, Պորտ Արտուրի, Դալնիի վերաբերյալ, նախատեսվում էր խորհրդային զորքերի դուրսբերում Պորտ Արտուրից և այլն։ 1950-ական թվականներին ստորագրվեցին մի ամբողջ շարք համաձայնագրեր համատեղ բաժնետիրական ընկերությունների (գունավոր և հազվագյուտ մետաղների, նավթի և գազի հետախուզման և արդյունահանման) ստեղծման, օդային հաղորդակցության, սահմանային գետերի վրա (Ամուր, Ուսսուրի և այլն) նավագնացության, ԽՍՀՄ բուհերում ՉԺՀ-ի քաղաքացիների ուսուցման, ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում գիտատեխնիկական համագործակցության, ատոմային էներգիայի և միջուկային ֆիզիկայի ասպարեզում Չինաստանին օգնելու, արդյունաբերական նոր ձեռնարկությունների կառուցման, մշակութային, ԽՍՀՄ և ՉԺՀ ԳԱ-ների համագործակցության և այլնի վերաբերյալ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10