«Խորհրդային մանկավարժ», խորհրդային շրջանի հայկական մանկավարժական տեսական-մեթոդական ամսագիր։ Հանդիսացել է ՀԽՍՀ լուսավորության մինիստրության (կրթության նախարարության) օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականին, Երևանում (1926-1931 թվականներին՝ «Ժողովրդական լուսավորություն», 1931-1933 թվականներին՝ «Կոմունիստական լուսավորություն», 1933- 1941 թվականներին՝ «Խորհրդային մանկավարժ», 1941-1952 թվականներին չի հրատարակվել)։ Գլխավոր խմբագիրներ՝ Ս․ Դավթյան, Մ․ Սահակյան, Մ. Մազմանյան, Ս․ Խուդոյան, Հ․ Պարոնյան, Ռ. Դալլաքյան, Մ․ Մկրտչյան (1971 թվականից)։

1920-1930-ական թվականներին պայքարել է անգրագիտության վերացման և մշակութային հեղափոխության լենինյան պլանի կենսագործման համար, ձգտել դպրոց ընդգրկված տարբեր խավերի երեխաներին դաստիարակել խորհրդային գաղափարախոսության ոգով, անդրադարձել ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի բարելավմանը, գիտամեթոդական օգնություն ցույց տվել ուսուցիչներին։

Դպրոցի վերակառուցման վերաբերյալ ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումները պրոպագանդելու նպատակով խմբագրությունում գործում էին (1971 թվականից) գիտական խորհուրդներ։

Նյութեր և ուսումնասիրություններ է տպագրել հին դպրոցի և մանկավարժական մտքի պատմության վերաբերյալ, թարգմանական նյութերով հաղորդակից դարձրել ԽՍՀՄ և արտասահմանյան գիտնականների ու մանկավարժների գործերին։ Հանդեսի գործունեության ոլորտում են նաև պրոֆտեխնիկական կրթության խնդիրները, մասնագիտական կողմնորոշման հարցեր։

Ունեցել է «Ռուսկի յազիկ վ արմյանսկոյ շկոլե» («Русский язык в армянской школе», 1957-1968), «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հավելվածները։ 1966 թվականին առաջին անգամ լույս է ընծայել «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հավելվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 527