Խեթագիտություն
Խեթագիտություն, արևելագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է մ. թ. ա. II հազարամյակում Փոքր Ասիայում ապրած խեթերի, լուվիացիների, պալայացիների լեզուն, մշակույթն ու պատմությունը։ Խեթագիտության՝ իբրև գիտության ձևավորմանը նախորդել են XIX դարի մի շարք գիտնականների աշխատությունները (Արչիբալդ Սեյս, Ա. Կնուդսոն և ուրիշներ), որտեղ կռահվել է խեթերի նշանակությունը Փոքր Ասիայի հնագույն պատմության մեջ։ Խեթագիտության առաջացման գործում էական դեր կատարեցին 1906 թվականին գերմանացի գիտնական Հյուգո Վինկլերի՝ Բողազքյոյում խեթական պետության մայրաքաղաք Խատտուսայի ավերակներից սեպագիր դիվանի հայտնաբերումը և 1915 - 1917 թվականին չեխ գիտնական Բ. Հրովսիի կողմից խեթերեն տեքստերի վերծանումը։ Գերմանիայում սկիզբ դրվեցին խեթերեն սեպագիր տեքստերի ինքնագրերի երկու պարբերական հրատարակությունների՝ «Սեպագիր փաստաթղթեր Բողազքյոյից» և «Սեպագիր տեքստեր Բողազքյոյից», որոնց հատորների թիվն այժմ անցել է 60-ից։ Խեթերեն տեքստերի բանասիրական մանրազնին վերլուծության սկզբունքները, որ տվել է գերմանացի գիտնական Ֆ. Զոմմերը 1920 - 1924 թվականներին, զարգացրել են 1920-1960-ական թթ. Ալբրեխտ Գյոտցեն, Յոհաննես Ֆրիդրիխը և ուրիշներ։ Առանձնապես կարևոր են Է. Ֆոռերի 1920-1930-ական թթ. աշխատությունները։ Յո. Ֆրիդրիխը հրատարակել է «Խեթական թագավորության պետական դաշնագրերը» (հ. 1-2, 1926-1930) մենագրությունը, մշակել խեթերենի դասագիրքն ու բառարանը։ Սկզբնավորվել են խեթագիտության մի շարք բնագավառներ՝ լեզվագիտություն, աշխարհագրություն, պատմություն, կրոն։ 1957 թվականին Ա. Գյոտցեն լույս ընծայեց «Փոքրասիացիներ» աշխատությունը, որտեղ ամփոփված են խեթագիտության բոլոր բնագավառները։
Հայաստանում խեթագիտության հետ կապված բազմաթիվ հարցերին, մասնավորապես խեթական պետության և Հայկական լեռնաշխարհի ու նրա հնագույն բնակիչների փոխհարաբերություններին են նվիրված Ա. Խաչատրյանի, Գ. Ղափանցյանի, Վ. Խաչատրյանի մի շարք ուսումնասիրություններ և հոդվածներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44)։ |