Խալիզովի տուն (Տագանրոգ)

առանձնատուն Տագանրոգում

Խալիզովի տուն (ռուս.՝ Дом Хализова), հին առանձնատուն Տագանրոգ քաղաքի Պետրոսի փողոցի 86 հասցեում։ Համարվում է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ (1992 թվականի նոյեմբերի 18-ի № 301 որոշում)։

Խալիզովի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Տան պատմություն խմբագրել

Պետրովսկայա փողոցի և Բ. Բիրժևոյի (այժմ՝ Մենիկովսկու) նրբանցքի անկյունում գտնվող խոր նկուղներով երկհարկանի տունը կառուցվել է 19-րդ դարի վերջի երրորդ քառորդում, կուրսկցի քաղքենի Միխայիլ Խալիզովի միջոցներով։

Հայտնի են այս տան տերերը և բազմաթիվ բնակիչներ։ Այս տան ձախ կողմում առևտրականը կառուցել է մեկ հարկանի կցակառույց, որտեղ գործել է մարմարի խանութը։ 19-րդ դարի 80-ական թվականների վերջում տան տերն է դարձել կազակ Յակով Ավրամովիչ Գլինսկին, որն առաջին հարկի մի մասը վարձով էր տվել Եկատերինա Իվանովնա Եվլադովային, ով այնտեղ պանդոկ էր կազմակերպել։ Գլինսկու մասին հայտնի է, որ նրա կինը՝ Եվդոկիյա Իվանովնան, մահացել է 27 տարեկան հասակում, տուբերկուլոզից, 1881 թվականին։ Նրա երեխան՝ Պավելը, մահացել է յոթ ամսականում, երկրորդ երեխան ծնվել է 1886 թվականին։

20-րդ դարի սկզբին շենքը փոխանցվեց երկրորդ գիլդիայի առևտրական Վասիլի Կոնստանտինովիչ Կումբարուլիին։ Առևտրականին շենքը դուր էր եկել, քանի որ հակառակ կողմում գտնվում էր նրա «Պետերբուրգյան» հյուրանոցը։ Ստանալով 14 հազար ռուբլի արժողությամբ մեծ տունը՝ Կումբարուլին այն վարձակալությամբ տվեց խանութներին և հաստատություններին։

20-րդ դարի սկզբին շենքի երկրորդ հարկը զբաղեցնում էին հաշտարար դատավորների և փաստաբանական գրասենյակները։ Այստեղ էին գալիս հաճախորդներ, միջնորդներ, կնքվում էին պայմանագրեր, որոնք հաճախ ավարտվում էին կերուխումով։ 1914 թվականից շենքում աշխատում էր Պ. Ա. Ստորոժենկոյի «Միջնորդ» գրասենյակը։ Գրասենյակի մուտքը Մեծ Բորսային նրբանցքի կողմից էր։ Բացի այս գրասենյակից առաջին հարկը զբաղեցնում էին «Հարավային Բավարիա» խանութը, որտեղ գարեջուր էին վաճառում, О. Վ. Մեմմոյի ծխախոտի խանութը, Ի. Վ. Ստեպանովի գինու-գաստրոնոմիական խանութը, որտեղ վաճառում էին մթերային ապրանքներ, հրուշակեղեն և ալկոհոլային խմիչքներ։ Խանութում մեծածախ և մանրածախ գներով վաճառում էին ծովատառեխ, թթու և հատուկ աղ դրած ապրանքներ։ Առաջին հարկում գործում էր նաև Ի. Երմոլովի վարսավիրանոցը։ Կումբարուլիին պատկանող օժանդակ շինություններում աշխատում էին պաստառագործ Օզերովը, ներկարարությամբ և հագուստի մաքրմամբ զբաղվող Պ. Ֆուսսը։ Քաղաքացիական պատերազմից հետո շենքի նկուղային հարկում գործում էր կոշիկի արտադրությամբ զբաղվող «Կոժևնիկ» կոպերատիվը, իսկ առաջին հարկում` «Բանվորական թև» կոպերատիվը։ Վերջին տարիներին՝ 1975 թվականից, նկուղային շինությունների մի մասում և առաջին հարկում գործում էր «Հին ամրոց» ռեստորանը։ Ռեստորանը ուներ երեք սրահ` «Կրեստյանսկի», «Մոլոդեցկի» և «Պետրովսկի», որոնք ձևավորված էին տարբեր դարաշրջաններին համապատասխան։ Ամենապահանջվածն ու հեղինակավորը «Պետրովսկի» սրահն էր։ Այն ուներ առանձին սենյակ հոբելյանական հանդիսությունների և պատվիրակությունների ընդունելության համար։ Ներկայումս այն բնակելի տուն է, որտեղ գործում են նաև «Հագուստ», «Կոշիկ» խանութներ և կանացի վարսավիրանոց առաջին հարկում։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Վաճառական Խալիզովի կողմից կառուցված երկհարկանի աղյուսե տունը ճակատային մասում ունի 12 պատուհան, քառալանջ տանիք, միջհարկային և պսակավոր քիվեր։ Երկրորդ հարկի պատուհանները կիսաշրջանաձև են՝ զարդարված զարդաքիվերով։ Առաջին հարկը շարված է կոպտատաշ քարով։ Շենքը ներկված է նարնջագույն, առանց ճարտարապետական մանրամասեր առանձնացնելու։ 1992 թվականի նոյեմբերի 18-ի № 301 որոշման համաձայն շենքը դասվել է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների շարքին։

Գրականություն խմբագրել

  • Гаврюшкин О. П. Вдоль по Питерской (Хроника обывательской жизни). - Таганрог: БАННЭРплюс, 2000. - 436 с.

Արտաքին հղումներ խմբագրել