Լուսեղեն Պոպովի առանձնատուն

Լուսեղեն Պոպովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Лусегена Попова), շենք Դոնի Ռոստովում, Կարլ Մարքսի հրապարակում։ Տունը կառուցվել է 1890-1891 թվականներին։ Այն պատկանել է հողատեր և անասնաարդյունաբերող Լուսեղեն Պոպովին։ 1928 թվականից շենքում տեղակայվել է ծննդատուն[1], 2012 թվականին այն փակվել է վերակառուցման նպատակով[2]։ Լուսեղեն Պոպովի առանձնատունն ունի Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտի տարածաշրջանային նշանակության կարգավիճակ[3]։

Լուսեղեն Պոպովի առանձնատուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Երկհարկանի առանձնատունը կառուցվել է 1890-1891 թվականներին Դոնի Նախիջևան քաղաքի (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում) կենտրոնական հրապարակում։ Տունը պատկանել է քաղաքում հայտնի հողատեր և անասնաարդյունաբերող Լուսեղեն Պոպովին։ Շենքի նախագծի հեղինակը ենթադրաբար ճարտարապետ Նիկոլայ Դուրբախն է։ Առանձնատան առաջին հարկը վարձակալել էին տարբեր գրասենյակներ և խանութներ։ Սեփականատիրոջ շքասենյակները տեղակայված էին երկրորդ հարկում[1]։

1907 և 1916 թվականների տվյալներով՝ շենքը պատկանել է շենքի առաջին սեփականատիրոջ ժառանգ Մանուկ Միքայելի Պոպովին, որն ակտիվորեն զբաղվել է առևտրային գործունեությամբ, եղել է քաղաքում հայտնի բարերար[1]։

1920 թվականին առանձնատանը գործել է ռազմահեղափոխական կոմիտեն։ 1928 թվականին շենքում բացվել է ծննդատուն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, Ռոստովի օկուպացիայի ժամանակ, ծննդատանը մնացել է երեք կին բժիշկ։ Նկուղում նրանք կահավորել են ծննդաբերության սենյակ, որտեղ ընդունել են ծննդկաններին։ Պատերազմի ավարտից հետո ծննդատունը վերանորոգվել է և վերաբացվել։ 2012 թվականին ծննդատունը փակվել է վերակառուցման[2]։

Ճարտարապետություն

խմբագրել

Լուսեղեն Պոպովի առանձնատունը կառուցված է էկլեկտիկայի ոգով, նրա ձևավորման մեջ համադրված են բարոկկոյի և կլասիցիզմի տարրեր[4]։ Գլխավոր մուտքի վերևում սկզբնապես եղել է ծածկով պատշգամբ, որը քանդվել է 1930-ական թվականներին[5]։

Շինությունն ունի հատակագծման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմանի դասավորությամբ[1]։ Առանձնատունն աչքի էր ընկնում հարուստ ներքին կահավորանքով, որը գրեթե չի պահպանվել մինչև մեր օրերը[5]։ Կենտրոնական նախասրահից դեպի երկրորդ հարկ տարել է երկբազուկ մարմարե սանդուղք։ Երկրորդ հարկի կենտրոնական մասում գտնվում էր դահլիճը, որին հարում էին հյուրասենյակը, ճաշասենյակը, աշխատասենյակը և բնակելի սենյակները։ Սենյակների պատերը զարդարված էին որմնասյուներով, առաստաղը զարդարված էր ծեփածո տարրերով[1]։

Արևմուտքում Պոպովի առանձնատունը հարում է նախկին Հայկական քաղաքապետության շենքին։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 41—48. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  2. 2,0 2,1 «Ростовский роддом №2 откроется через год после ремонта на сумму в 115 млн рублей». Южный регион. 2012 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Пролетарский район. Памятники архитектуры района». Официальный портал городской Думы и Администрации города. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 Георгий Багдыков Дом Лусегена Попова // Нахичевань-на-Дону. — 2010. — № 3 (162).

Գրականություն

խմբագրել
  • Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — ISBN 5-8456-0489-3