Լուսավորչի կանթեղ, Սուրբ գերեզմանի լապտերներից մեկը, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և օգտագործվում է հատուկ ժամերգության ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ շաբաթ օրը՝ Զատիկի նախօրեին, երբ նրանից վառում են Սուրբ լույսը, այնուհետև դրանից լույսը բաժանում բոլոր ներկաներին։ Կոչվել է ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի լուսավորչի և համայն հայության առաջին կաթողիկոսի, որը հատկապես մեծարվում է ժամերգության ընթացքում՝ Սուրբ լույսի ստացման ժամանակ։

Ժամանակակիցների վկայություններ խմբագրել

 
Սիմեոն Լեհացու «Ուղեգրութիւն» երկի հրատարակության տիտղոսաթերթը

Սուրբ Հարության տաճարում Զատկի նախորդ օրվա ժամերգության հաջորդականությունը և հենց «Լուսավորչի կանթեղ» անվանումը[1] արձանագրվել է 1608-1969 թվականներին հայ գրող և ճանապարհորդ Սիմեոն Լեհացու (1584-1639) կողմից, ով 12-ամյա ճանապարհորդության ընթացքում կատարել է ուխտագնացություն դեպի Սուրբ վայրեր[2]։ Մասնավորապես, Սիմեոն Լեհացին իր ճանապարհորդական գրառումներում գրում է.

․․․Ապա եւ մեր առաջնորդն ողորմ ձայնիւ եւ ողբով ասէ ժոովրդեանն․ Զգաստ կացէք եւ զգոյշ լերուք ի մեղաց, զի մերձեալ է գալուստ լուսոյն․ չի լինի թէ ձեր մէջն խռով մարդ կայ կամ ոխապահ կամ պոռնիկ, կամ թերահաւատ կամ անզեղջ կամ անխոստովանք․ հանց իմանայք որ վասն մեղաց մերոց արգելու Քրիստոս զլոյսն․ եւ այլ բազում բանս խօսի եւ խրատ․ ապա տայ ասել իրեք Տէր ողորմեա ողբաձայն։

  Զկնի իրեք անգամ գոչեն արք եւ կանայք երկիցս, ծերք եւ տղայք, թէ Լուսաւորչին փառօք փառք տամք Աստուծոյ․ եւ ասեն շարական․ Լուսաւորեա Երուսաղէմ, զի հասեալ է լոյս Քրիստոսի դարձեալ՝ Ուրախ լեր սուրն Եկեղեցի․ եւ հանկարծակի լինի որոտում եւ գոռացմունք, մինչեւ սառանիլ ոմանց․ ապա սկսանին գալ աղաւնիք, երթեւեկ առնել ի գմպէթն, դարձեալ կարդան եւ աղաղակեն՝ Տէր ողորմեա՝ ժողովուրդն, երկիցս եւ երիցս, եւ թէ Լուսաւորչին փառօքն փառք տամք Աստուծոյ։ Դարձեալ գոռայ և թնդայ սուրբ գերեզմանն Քրիստոսի․ եւ պատրաստքն եւ զգեստաւորեալքն կարգաւորք առնուն ի ձեռք խաչ, աւետարան, բուրվառ, խաչալամ․ իսկ սարկաւագք, դպիրք եւ կղերիկոսք քչոց առնուն, ծնծղայ․ եւ այլք այլ ինչ։ Եւ հրամայէ Պարոնտէրն հաշտիլ եւ համբուրել զմիմեանս, զի Քրիստոս ոչ գայ առ մեղաւորս եւ ոխապահս, այլ փախչի։ Եւ բարձրաձայն գոչեն իրեք Տէր ողորմեա․ զկնի՝ Լուսաւորիչին փառօք փառք տամք Աստուծոյ․ եւ սաստիկ գոռայ սուրբ գերեզմանն եւ ճայթմունք լինի մեծամեծ․ ուստի ճառագայթէ լոյս և ելանէ պատուհան ի դուրս․ ապա տեսեալ զլոյսն, աւիրեն զմօհրն։ Եւ նախ մտանէ հապաշն, զկնի հայն, ապա հոռոմն; Եւ մեր Պարոնտէրն Յովհաննէս կոթողիկոսին հրամեցէք արար, եւ զգեցաւ շուրջառ, եմիփորոն, եւ զթագն եդ ի գլուխ որպէս ի ժամ սուրբ պատարագին․ եւ տեսին զՀայոց կանթեղն վառած, ուստի եւ Լուսաւորչի կանթեղ կոչի, որ է խորած․ անտի լուցանեն զպատրոյգն․ եւ ելեալ ի դուրս կարգաւ ամէն առաջնորդ իւր ազգին տայ լոյս․ եւ նոցա առեալ շփեն զերեսս եւ զմորուս եւ ոչ այրէ, զի դեռ չէ հուր այլ լոյս․ իրեք ձեռք անցնի, ապա այրէ․ եւ ապա սկսանին մի ըստ միոջէ կարգաւ մտանել ի մատուռն։ Եւ սուրբ Գերեզմանն կարմիր է եւ խզմիչ եղել, ջերմ․ եւ քրտունք հոսին ոլոռնաձեւ, զոր զպատանքն սրբեն ի վերայ․ եւ այն է ի վերայ պատանաց որպէս աղտ քրտինքն, որ երեւին։ Եւ վառեն ԺԲ կանթեղս․․․
- Սիմէոն դպրի Լեհացւոյ ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք[3]
 

Սիմեոն Լեհացու նկարագրությունը վերաբերում է 17-րդ դարի սկզբին, երբ գերիշխող եկեղեցին Եթովպիայի Ուղղափառ եկեղեցին էր, այսինքն՝ լույս վերցնելու համար առաջինը Սուրբ Գերեզմանը մտնում էր եթովպացին, ապա հայը, և երրորդը՝ հույնը։ Այդ ժամանակ Եթովպիայի կայսրությունը միակ անկախ քրիստոնեական երկիրն էր Արևելքում, և Եթովպիայի թագավորը շռայլ նվիրատվություններ էր կատարում Երուսաղեմին։

Ինչպես երևում է նկարագրությունից, արդեն այդ օրերին Գրիգոր Լուսավորչի փառաբանությունը հատուկ տեղ էէ գրավում Սուրբ լույսի ընդունման պատարագում։ Ճրագի, որից պարոնտերը (Հայոց Պատրիարքը) վերցնում է լույսը, ի պատիվ համայն հայության լուսավորչի պատվին կոչվելն ունի խորհրդանշական իմաստ․ այդ գործողությունը խորհրդանշում է ոչ միայն գերեզմանից «Իրական լույսի» (հարություն առած Հիսուս Քրիստոսի) դուրս գալը, այլ նաև քրիստոնեական հավատքի և գիտելիքի լույսը, որը հայերին բերեց Սուրբ Գրիգորը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Симеон Лехаци 12. Иерусалим. Лампада Лусаворича // Путевые заметки / Пер. с армянск., предисл., прим. и указат. М. О. Дарбинян. — М.: Восточная литература, 1965. — С. 214. — 321 с. — (Памятники письменности Востока).
  2. Симеон Лехаци Предисловие // Путевые заметки / Перевод с армянского, предисловие, примечания и указатели М. О. Дарбинян. — М.: Восточная литература, 1965. — С. 16-26. — 215 с. — (Памятники письменности Востока).
  3. Սիմէոն դպրի Լեհացւոյ ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք / - Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1936.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սիմէոն դպրի Լեհացւոյ ուղեգրութիւն, տարեգրութիւն եւ յիշատակարանք /Ուսումնասիրեց եւ հրատարակեց Հ. Ներսէս Վ. Ակինեան. - Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1936։
  • Симеон Лехаци Путевые заметки / Перевод с армянского, предисловие, примечания и указатели М. О. Дарбинян. — М.: Восточная литература, 1965. — 321 с. — (Памятники письменности Востока).