Լուռ վիշտը (քանդակ)

Արա Սարգսյանի քանդակներից

«Լուռ վիշտը», Արա Սարգսյանի կողմից 1924 թվականին քանդակված մարմարե հուշարձան, որն այժմ գտնվում է Զադեյանների անձնական հավաքածուում։

Լուռ վիշտը
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1924[1]
բարձրություն135 սանտիմետր
լայնություն100 սանտիմետր
խորություն110 սանտիմետր
նյութմարմար
գտնվելու վայրՎիեննա

Պատմություն

խմբագրել

«Լուռը վիշտը» հեղինակի դիպլոմային աշխատանքն է։ Բոլոր կողմերից դիտելի արձանը, այն էլ նստած վիճակում, միշտ էլ եղել է քանդակագործական ամենադժվար խնդիրներից մեկը, և Արա Սարգսյանին հաջողվել է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Սարգսյանի քանդակած արձանը դիտելի է բոլոր կողմերից, բոլոր դարձվածքներում ունի արտահայտիչ եզրագծեր, բոլոր տեսանկյուններից երկխոսության մեջ է մտնում դիտողի հետ։ Դրանում կարելի է համոզվել՝ դիտելով թեկուզ հենց «Լուռ վիշտի» մեջքի լարված գիծը, որտեղ հեղինակը լուծում է մի շատ դժվար ու առանձնահատուկ խնդիր։ Մեջքը այստեղ կոմպոզիցիայի հիմնական մասն է և նա այնքան կենդանի տեսք ունի, այնքան արտահայտիչ է քանդակված, որ նրա վրա կարելի է «կարդալ» մարմնի մյուս բոլոր մասերի դիրքերը, հեղինակի ամբողջ մտահղացումն ու խոհերը։ Աշխատելով ընդհանրացված ձևերի և մեծ մասսաների օգնությամբ՝ Արա Սարգսյանն իր այս ստեղծագործության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտենում է մոնումենտալիզմին, որը հետագայում դառնում է նրա արվեստի գլխավոր ասպարեզներից մեկը։ Կատարողական վարպետության տեսանկյունից «Լուռ վիշտը», ինչպես նաև դրան նախորդած «Տառապանքը» վկայում են, որ հեղինակը բովանդակության ու պլաստիկ արտահայտչաձևերի ներդաշնակության է հասել նաև կոմպոզիցիոն քանդակի դրսևորումներում[2]։

Նկարագրություն

խմբագրել

«Լուռ վիշտը» քանդակի առարկան կանացի մարմինն է, որը օժտված է ատլետիկ մարմնաձևով (Արա Սարգսյանը ատլետիկ մարմնաձևերի հանդեպ իր սիրո համար պարտական է ինչ-որ չափով Միքելանջելոյին)[3]։

Նստած է կինը ժայռի բեկորին, վշտի նման մերկ ու բացահայտ։ Նրա ամուր մեջքը լուռ վշտի օրհասական ծանրության տակ կորացել է, խոնարհվել այնքան, որ գլուխը հենվել է ոտքերին, մազերը՝ ծնկները ծածկել, դեմքը տեսանելի է մնացել միայն կողքից։ Նախորդ քանդակի նման այստեղ էլ մատները ջղաձգորեն կարկամել են և մխրճվել ազդրերի մոտ գտնվող ժայռի բեկորի մեջ։

[3]:

Եթե «Տառապանքում» ամեն ինչ երերում է, սահում ու «ընկնում», այսինքն՝ տիրականը դինամիկան է, ապա «Լուռ վիշտում» տիրականը ստատիկան է. այստեղ ամեն ինչ քարացել է վշտի մեջ, սառել, և այդ քարացման մեջ այնքան լռություն կա, կամ, ավելի ճիշտ, այդ քարացած լռության օգնությամբ քանդակագործը կարողացել է կերպավորել խոր վիշտը[3]։

Այս կոմպոզիցիայի գաղափարական-գեղարվեստական կերպարը հենվում է մեկ մարմնում երկու հակադիր գործոնների՝ ուժի և անուժության, միասնական գոյակցության վրա, և դա իրենով պայմանավորել է քանդակի արտահայտչությունն ու ներգործության ուժը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Լուռ վիշտը» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում
  2. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 26-27։