Լոս Անջելեսի խռովություններ

Լոս Անջելեսի խռովություններ, զանգվածային անկարգություններ, որոնք տեղի են ունեցել 1992 թվականի ապրիլի 29- մայիսի 4-ը Լոս Անջելեսում։ Անկարգությունների պատճառով զոհվել է 53 մարդ[1][2]։ Տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում պետությունը կրել է շուրջ մեկ միլիարդ դոլարի վնաս։

ԱՄՆ զինված ուժերի զինծառայողները, որոնք նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշի հրամանով ուղարկվել էին Լոս Անջելես՝ կարգուկանոն հաստատելու նպատակով։ Լուսանկարը կատարվել է 1992 թվականի մայիսի 1-ին։

Անկարգությունները սկսվել են ապրիլի 29-ին՝ այն օրը, երբ ատենակալների դատարանը անմեղ է ճանաչել սպիտակամորթ չորս ոստիկանների, որոնք ծեծի էին ենթարկել սևամորթ Ռոդնի Քինգին, այն բանի համար, որ վերջինս 1991 թվականի մարտի 3-ին դիմադրել էր ոստիկաններին՝ արագությունը գերազանցելու համար։ Արդարացման վճիռը հրապարակելուց հետո՝ մի քանի հազար սեւամորթ ամերիկացիներ, հիմնականում տղամարդիկ, դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ և կազմակերպել ցույցեր, որոնք հետագայում վեր են ածվել անկարգությունների և ջարդերի։ Այդ գործողություններին մասնակցել են նաև քրեական տարրեր։ Վեցօրյա զանգվածային անկարգությունների ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները կրել են ռասայական ենթատեքստ։

Լոս Անջելեսի քաղաքապետ Թոմ Բրեդլիի հրամանով ստեղծվել է Քրիստոֆերի հատուկ կոմիտեն, որն զբաղվելու էր Լոս Անջելեսի ոստիկանական վարչության գործողությունների և օպերատիվ գործունեության հետաքննությամբ։ Վերջինիս աշխատակիցների կողմից էր ձերբակալվել Ռոդնի Քինգը։

Դատարանի որոշումը և քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները հասարակության լայն շրջանակներում ստացել են մեծ արձագանք և հանգեցրել ոստիկանների նկատմամբ կրկնակի դատավարության, որի արդյունքում հիմնական կասկածյալների նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։

ԱՄՆ տարածքում, մինչ 1992 թվականը, ամենախոշոր զանգվածային անկարգությունները եղել էին «Ուոթսի ապստամբությունը» և 1967 թվականին տեղի ունեցած «Դետրոյթի անկարգությունները»։

Զանգվածային անկարգությունների պատճառներ խմբագրել

1990-ական թվականների սկզբին Լոս Անջելեսում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գործոններ։ Դրանց թվում են․

  • Հարավային Լոս ԱՆջելեսում գործազրկության բավականին բարձր մակարդակ, որն առաջացել էր տնտեսական ճգնաժամի արդյունքում,
  • Հասարակության շրջանում կուռ համոզմունքն այն մասին, որ Լոս Անջելեսի ոստիկանները ձերբակալում են քաղաքացիներին՝ ելնելով ռասայական պատկանելիությունից և կիրառում են բիրտ միջոցներ,
  • Ոստիկանների կողմից սևամորթ Ռոդնի Քինգին ծեծի ենթարկելը,
  • 1991 թվականի մարտի 16-ին կորեական ծագմամբ ամերիկացի Սուն Յա Դուի կողմից 15-ամյա սևամորթ Լատաշա Հարլինսի սպանության ազդեցությունը Լոս Անջելեսի սևամորթ բնակչության վրա։ Չնայած, որ բոլոր ատենակալները Յա Դուին, կանխամտածված սպանության համար, ճանաչել էին մեղավոր, դատավորը որոշել էր կիրառել պատժի մեղմ տարբերակ՝ 5 տարի ազատազրկում։

Ռոդնի Քինգի ձերբակալություն խմբագրել

1991 թվականի մարտի 3-ին ոստիկանական պարեկախումբը, 8 մղոն տարածություն հետապնդելուց հետո, կանգնեցրել է Ռոդնի Քինգի ավտոմեքենան, որում, բացի Քինգից, գտնվում էին ևս երկու սևամորթներ՝ Բայրանթ Ալենը (Byrant Allen) և Ֆրեդի Հելմսը (Freddie Helms)։ Առաջին հինգ ոստիկանները, որոնք եղել են ձերբակալության վայրում, եղել են Սթեյսի Քունը, Լոուրենս Պաուելը, Թիմոթի Ուինդը, Թեոդոր Բրիսենոն և Ռոլանդո Սոլանոն։

Պարեկ Թիմ Սինգերը Քինգին և նրա երկու ուղևորներին հրամայել է դուրս գալ ավտոմեքենայից և դեմքով դեպի ներքև պառկել գետնին։ Ուղևորները ենթարկվել են հրամանին և ձերբակալվել[3], իսկ Քինգը նախկինի նման շարունակել է մնալ ավտոմեքենայում։ Երբ վերջապես դուրս է եկել ավտոմեքենայի սրահից, սկսել է ցուցաբերել էքսցենտրիկ վարքագիծ․ ծիծաղել է, ոտքերով խփել գետնին և ձեռքով ցույց տվել ոստիկանական ուղղաթիռին, որը պտտվում էր ձերբակալության վայրի մոտ[4]։

Այնուհետ նա ձեռքերը դրել է գոտկատեղին, որը ոստիկանության պարեկ Մելանի Սինգերին ստիպել է ենթադրել, որ Քինգը պատրաստվում է հանել ատրճանակը[5]։ Այդ պահին Մելանի Սինգերը հանել է իր ատրճանակը և պահել Ռոդնի Քինգի վրա՝ հրամայելով պառկել գետնին։ Չհեռացնելով ատրճանակը, Սինգերը մոտեցել է Քինգին, պատրաստվելով ձերբակալել։

Այդ պահին Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի սերժանտ Սթեյսի Քունը հրամայել է Մելանի Սինգերին պահել ատրճանակը, քանի որ, համաձայն կանոնակարգի, ոստիկանները զենքը պահած չպետք է մոտենան ձերբակալվածին[6]։ Սերժանտ Քունը որոշել է, որ Մելանի Սինգերի գործողությունները վնասում են Քինգի, իր՝ Քունի, ինչպես նաև մյուս ոստիկանների անվտանգությանը[3]։ Այնուհետև Քունը հրամայել է մյուս չորս ոստիկաններին՝ Պաուելին, Ուինդին, Բրիսենոյին և Սոլանոյին, ձերբակալել Քինգին։ Երբ ոստիկանները փորձել են կատարել հրամանը, Քինգն սկսել է հակադրվել՝ ոտքի է կանգնել և գետնին տապալել Պաուելին և Բրիսենոյին։ Դրանից հետո Քինգը հարվածել է Բրիսենոյին կրծքին։ Տեսնելով այդ՝ Քունը հրամայել է բոլոր ոստիկաններին նահանջել։ Ավելի ուշ, սպաները հաստատել են, որ Քինգն իրեն պահել է այնպես, կարծես եղել է ֆենցիկլիդինի ազդեցության տակ, որը սինթետիկ թմրամիջոցի տեսակ է, որն անասնաբույժների համար մշակվել է որպես ցավազրկող միջոց[7]։ Այդուհանդերձ, փորձաքննությունը ցույց է տվել, որ Քինգի արյան մեջ ֆենցիկլիդին չի եղել, բայց եղել է ալկոհոլ և մարիխուաննա[8]։

Այնուհետև, սերժանտ Քունը Քինգի նկատմամբ կիրառել է ինքնապաշտպանական էլեկտրաշոկ։ Քինգը ցնցվել է և միանգամից ընկել գետնին, սակայն շատ արագ ոտքի կանգնել։ Քունը երկրորդ անգամ է կիրառել էլեկտրաշոկը, որի արդյունքում Քինգը նորից տապալվել է գետնին[9], դարձյալ ոտքի կանգնել, փորձելով ցատկել Պաուելի կողմը[3][10]։ Պաուելը փայտով հարվածել է նրան՝ Քինգին տապալելով գետնին։ Այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները տեսանկարել է Արգենտինայի քաղաքացի Ջորջ Հոլիդեյը, որը բնակվում էր մոտակա խաչմերուկում։ Տեսագրությունն սկսվում է այն պահից, երբ Քինգը փորձում է ցատկել Պաուելի կողմը։ Ավելի ուշ, Հոլիդեյը տեսագրությունը տրամադրել է ԶԼՄ-ներին։

Պաուելը և երեք այլ ոստիկաններ մի քանի րոպե, հերթականությամբ, մահակներով ծեծել են Քինգին։

Քինգն այդ ժամանակ, գողության համար, գտնվում էր պայմանական ազատության մեջ։ Բացի այդ, նա մեղադրվում էր նաև հարձակման և թալանի մեջ[11]։ Հետագայում, դատարանում նա նշել է, որ չի ենթարկվել, քանի որ վախեցել է վերադառնալ բանտ։

Ընդհանուր առմամբ, ոստիկանները մահակով Քինգին հասցրել են 56 հարված։ Նա հոսպիտալացվել է դիմոսկրի կոտրվածքներով, կոտրված ոտքով, բազմաթիվ հեմատոմաներով և վերքերով[12]։

Ոստիկանների դատավարություն խմբագրել

Լոս Անջելեսի շրջանային դատախազը մեղադրանք է առաջադրեկ 4 ոստիկանների նկատմամբ՝ առանձնակի դաժանություն կիրառելու պատճառով։ Գործով առաջին դատավորը փոխարինվել է, իսկ երկրորդը փոխել է գործի քննության վայրը և երդվյալ ատենակալների կազմը՝ ցիտելով ԶԼՄ-ների այն հայտարարությունը, որ ատենակալները պետք է հեռացվեն։ Գործի քննության նոր վայր ընտրվել է հարևան Վենտուրա շրջանի Սիմի Վելի քաղաքը։ Դատավոր ընտրվեց այդ քաղաքի բնակիչներից մեկը։ Երդվյալ ատենակալների ռասայական կազմը բաշխված է եղել հետևյալ կերպ․ 10 սպիտակամորթներ, 1 լատինաամերիկացի և 1 ասիացի։ Դատախազի կարգավիճակում եղել է աֆրոամերիկացի Թերի Ուայթը։

1992 թվականի ապրիլի 29-ին երդվյալ ատենակալները արդարացրել են երեք ոստիկաններին, բացի Պաուելին[3]։

Լոս Անջելեսի քաղաքապետ Թոմ Բրեդլին հայտարարել է․

«Ատենակալների որոշումը մեզնից չի թաքցնում այն, ինչ մենք տեսնում ենք տեսաերիզի վրա։ Մարդիկ, որոնք ծեծել են Ռոդնի Քինգին, արժանի չեն կրելու Լոս Անջելեսի ոստիկանական վարչության համազգեստը»[13]։

Զանգվածային անկարգություններ խմբագրել

 
ԱՄՆ ազգային գվարդիայի պարեկները՝ 1992 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգություններից հետո։

Երդվյալ ատենակալների կողմից ոստիկանների արդարեցման դեմ ուղղված ցույցերը արագ վեր են ածվել խռովության։ Սկսվել են շենքերի համակարգված այրումներ, որոնց արդյունքում այրվել են 5500 շենքեր և կառույցներ։ Ավերվել են կառավարական մի քանի շենքեր, հարձակման է ենթարկվել «Los Angeles Times» թերթի խմբագրությունը։

Չեղարկվել են Լոս Անջելեսի օդանավակայանիից կատարվող թռիչքները, քանի որ քաղաքը պատված էր թանձր ծխով։

Առաջինն անկարգությունները սկսել են աֆրոամերիկացիները, այնուհետ դրանք շարունակվել են Լոս Անջելեսի հարավում՝ լատինական թաղամասերում և քաղաքի կենտրոնական հատվածում։ Քաղաքի արևելյան հատվածում տեղակայված են եղել ոստիկանության ավելի շատ ուժեր, այդ իսկ պատճառով անկարգությունները չհասան արևելյան թաղամասեր։ Մոտ 400 մարդիկ փորձել են գրոհով վերցնել ոստիկանության շտաբ-կայանը։ Լոս Անջելեսում անկարգություններն շարունակվել են ևս երկու օր։

Հաջորդ օրն անկարգություններ են սկսվել նաև Սան Ֆրանցիսկոյում։ Ինչպես հայտնել է «Սան Ֆրանցիսկո Էքզեմայներ» թերթը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնում Դեմոկրատական կուսակցության հայտնի ներկայացուցիչ Վիլլի Բրաունը հայտարարել է, որ ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ ցույցերը, ինչպես նաև բռնության և հանցագործությունների մեծ մասը, կրել են ռասայական բնույթ։ Դրանց մեջ ներգրավված են եղել բոլորը՝ սևամորթներ, սպիտակամորթներ, ասիական և լատինոամերիկյան ծագում ունեցող բնակիչներ[14]։

Խռովությունների արդյունքում սպանվել է 55 մարդ, 2000-ը՝ վիրավորվել, ևս 12 000-ը ձերբակալվել[15]։

Զանգվածային անկարգություննների արդյունքում քաղաքին պատճառվել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս[16]։ Բացի այդ մեծ վնաս է հասցվել նաև ԱՄՆ հեղինակությանը։ ԱՄՆ տնտեսությունը ներկայացվում էր որպես ամենարդյունավետն ու հաղթանակածը՝ Սառը պատերազմից հետո։ Ցույցերի արդյունքում ահագնացած ներքին լարվածությունը և սոցիալ-տնտեսական ճգնաժամը էականորեն ազդել են ամերիկյան բարեկեցության պատկերի վրա։ Ինչպես գրել է ամերիկյան The New York Times թերթը, բռնության և հրդեհների շաբաթը, որին ներգրավված էին սևամորթները, լատինոամերիկացիները և սպիտակամորթները, ցույց է տվել դժգոհության աճող զգացումը[17]։

Ոստիկանների երկրորդ դատավարություն խմբագրել

Ռոդնի Քինգին ծեծի ենթարկած ոստիկանների դեմ ուղղված անկարգությունների ավարտից հետո, ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից մեղադրանք է առաջադրվել` քաղաքացիական իրավունքների խախտման հանգամանքներով։ Գործընթացի ավարտից հետո, որը տևել է 7 օր, 1993 թվականի ապրիլի 17-ի առավոտյան ժամը 7-ին հրապարակվել է դատավճիռը, համաձայն որի ոստիկանության սպաներ Լոուրենս Պաուելը և Սթեյսի Քունը ճանաչվել են մեղավոր։ Բոլոր չորս ոստիկանները, որոնք մասնակցել են Ռոդնի Քինգին ծեծի ենթարկելուն, հեռացվել են Լոս Անջելեսի ոստիկանության շարքերից։

Ռոդնի Քինգն իրադարձություններից հետո խմբագրել

Դատավարական բոլոր գործընթացներից հետո, Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը պարտավորվել է Ռոդնի Քինգին վճարել 3 800 000 ԱՄՆ դոլար փոխհատուցում։

Հետագա տարիներին նա խնդիրներ է ունեցել արդարադատության հետ և մի քանի անգամ, տարբեր պատճառներով, իրավապահ մարմինների կողմից ենթարկվել է պատասխանատվության[18]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • 2002 թվականին նկարահանված է «Անիծված սեզոն» դետեկտիվ ֆիլմում, որտեղ խաղում էր Կուրտ Ռասելը, իրադարձություններն զարգանում են դատական գործընթացների օրերին առկա խռովությունների ֆոնին, իսկ կուլմինացիան էականորեն կապված է վերը թվարկված իրադարձությունների հետ։ Ֆիլմում տեղ են գտել կադրեր անկարգությունների ժամանակ տեղի ունեցած վայրագություններից և սպանություններից։
  • «Երեք թագավորներ» ֆիլմում կա տեսարան, որտեղ ցուցադրվում է Ռոդնի Քինգին ծեծի ենթարկելու կադրերը։
  • 2017 թվականի «Լոս Անջելեսը կրակներում» սոցիալական դրամայում ներկայացված են վերը թվարկված բոլոր իրադարձությունները։
  • «Grand Theft Auto: San Andreas» խաղի վերջում, որի իրադարձությունները տեղի են ունենում 1992 թվականին, Լոս Սանտոս քաղաքում (որը հանդիսանում է Լոս Անջելեսի նախատիպը) տեղի է ունենում նմանատիպ իրադարձություն։ «Riot» սյուժետային իրադարձության ժամանակ, որը վերջիններից մեկն է, LSDP-ի սպաներ Ֆրենք Թենփենիին և Էդի Պուլասկիին, որոնք մեղադրվում էին կոռուպցիայի, թմրավաճառության և ոստիկանների սպանության մեջ, արդարացնում են, որից հետո քաղաքում սկսվում են զանգվածային անկարգություններ։
  • «Դատարկագլուխները» գեղարվեստական ֆիլմում ռոք երաժիշտ Չեզ Դարվին բղավում է Ռոդնի Քինգի անունը և, այդպիսով, հրահրում ամբոխին։
  • «Ամերիկյան պատմություն Իքս» ֆիլմի ընթրիքի տեսարանում, որին հրավիրված էր ֆիլմի գլխավոր հերոս, հրեա ուսուցիչ Դերեք Վինյարդը, Ռոդնի Քինգի հետ կապված դեպքը մեկնաբանելով, Քինգին մասին արտահայտում է ոչ միանշանակ կարծիք։
  • «Ազատության գրողները» ֆիլմը, որի իրադարձությունները տեղի են ունենում 1994 թվականին, սկսվում է վերը թվարկված իրադարձությունները լուսաբանող փաստագրական տեսանյութով, որտեղ ներկայացվում է սևամորթների բարձրացրած խռովությունը։
  • The Offspring խմբի Ignition ալբոմի «L.A.P.D.» երգը նվիրված է Լոս Անջելեսում ոստիկանների դաժանություններին։
  • Ռոդնի Քինգին ծեծի ենթարկելու տեսարանը ներկայացված է «Մալքոլմ Իքս» ֆիլմի սկզբում։
  • Ռոդնի Քինգի ծեծի ենթարկելու տեսարանը ներկայացված է «Ուղիղ Քոմփթոնից» ֆիլմում։ Բացի այդ, ֆիլմում ցուցադրվում են անկարգությունների դրվագներ, որոնք ծագում են Ռոդնի Քինգին ծեծի ենթարկած 4 ոստիկաններին արդարացնելուց հետո։
  • Օլեգ Դիվովի պատմվածքներից մեկի իրադարձությունները տեղի են ունենում Ռոդնի Քինգին ծեծի ենթարկելու տարելիցներից մեկին։
  • Ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի (2PAC) «Strictly 4 my n.i.g.g.a.z» ալբոմի «Somethin' 2 die 4» երգում հիշատակվում է Լատաշա Հարլինսը։
  • «Իսկական խուզարկու» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի վեցերորդ սերիայում հիշատակվում է այս դեպքը, որպես կապույտ ադամանդների գողացմանը նախորդող իրադարձությունը, որը կարևոր էր հետաքննության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кирилл Новиков (2007 թ․ նոյեմբերի 12). «Блюстители произвола». Коммерсантъ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Jim Crogan (2002 թ․ ապրիլի 24). «The L.A. 53» (անգլերեն). LA Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Douglas O. Linder (2001). «The Trials of Los Angeles Police Officers' in Connection with the Beating of Rodney King». Famous Trials (անգլերեն). UMKC School of Law. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. David Whitman (1993 թ․ մայիսի 23). «The Untold Story of the LA Riot» (անգլերեն). U.S. News & World Report. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Cannon, 2002, էջ 27
  6. Cannon, 2002, էջ 28
  7. Cannon, 2002
  8. Lou Cannon Prosecution Rests Case in Rodney King Beating Trial(անգլ.) // The Tech. — Cambridge, Mass.: Massachusetts Institute of Technology, 1993. — Т. 113. — № 14. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
  9. Cannon, 2002, էջ 31
  10. «Koon v. United States 518 U.S. 81 (1996)» (անգլերեն). Cornell University Law School. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. Douglas O. Linder. «The Arrest Record of Rodney King». Famous Trials (անգլերեն). UMKC School of Law. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. Cannon, 2002, էջ 205
  13. «The Police Verdict; Los Angeles Policemen Acquitted in Taped Beating» (անգլերեն). The New York Times. 1992 թ․ ապրիլի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. Макс Энгер «Битва в Лос-Анджелесе: классовый и расовый протест»
  15. «Хаос в Лос-Анджелесе: 10 лет спустя». Русская служба Би-би-си. 2002 թ․ ապրիլի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. Joseph A. Tomaszewski (2012 թ․ ապրիլի 26). «Twenty years ago this Sunday a six-day wave of violence» (անգլերեն). Daily Sundial. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. Don Terry (1992 թ․ մայիսի 3). «Riot in Los Angles: At the Epicenter; Decades of Rage Created Crucible of Violence» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  18. «Герой поневоле». Lenta.ru. 2012 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Cannon, L. Official Negligence : How Rodney King and the Riots Changed Los Angeles and the LAPD. — New York: Basic Books, 2002. — ISBN 0-8133-3725-9

Արտաքին հղումներ խմբագրել

Լուսանկարներ խմբագրել

Տեսանյութեր խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Անջելեսի խռովություններ» հոդվածին։