Լյուդերս-Պաուլիի թեորեմ

Լյուդերս-Պաուլիի թեորեմ, CPT–թեորեմ, դաշտի քվանտային տեսության հավասարումներն ինվարիանտ են CPT-ձևափոխության, այսինքն՝ լիցքային համալուծության [C-սիմետրիա, անգլ. c(harge) – լիցք, տարրական մասնիկը համապատասխան հակամասնիկով փոխարինելու գործողությունը], տարածական սիմետրիայի՝ զույգության [P-սիմետրիա, անգլ. p(arity) – զույգություն, կոորդինատների հայելային անդրադարձման գործողությունը] և ժամանակի սիմետրիայի [T-սիմետրիա, անգլ. t(ime)– ժամանակ, ժամանակը հակառակ նշանով փոխելու գործողությունը] նկատմամբ։

Լյուդերս-Պաուլիի թեորեմը ձևակերպել և ապացուցել են գերմանացի ֆիզիկոս Գերհարտ Լյուդերսը (1952-54) և Վոլֆգանգ Պաուլին (1955)։ Այն բխում է դաշտի քվանտային տեսության հիմնական սկզբունքներից։

Բնության մեջ որևէ պրոցես, ըստ Լյուդերս-Պաուլիի թեորեմի, կարող է ունենալ իր «հակառակը», որում մասնիկները փոխարինված են համապատասխան հակամասնիկներով, սպինների պրոյեկցիաներն ունեն հակառակ նշան, իսկ պրոցեսի սկզբնական ու վերջնական վիճակները փոխված են տեղերով։ Լյուդերս-Պաուլիի թեորեմից, մասնավորապես, հետևում է, որ մասնիկի ու հակամասնիկի զանգվածները և կյանքի տևողությունները հավասար են, էլեկտրական լիցքերը և մագնիսական մոմենտները տարբերվում են միայն նշանով, փոխազդեցությունը ձգողության դաշտի հետ միատեսակ է (չկա «հակաձգողություն»). այն դեպքերում, երբ մասնիկների փոխազդեցությունը վերջնական վիճակում արհամարհելի փոքր է, մասնիկների և հակամասնիկների տրոհման արդյունքների էներգետիկ սպեկտրները և անկյունային բաշխումները միատեսակ են, իսկ սպինների պրոյեկցիաները հակառակ են ուղղված։

Լյուդերս-Պաուլիի թեորեմի նշանակությունն աճեց թույլ փոխազդեցություններում P-սիմետրիայի խախտումը հայտնագործելուց հետո (1956-ին տեսականորեն կանխատեսել էին Լին և Յանգը, 1957-ին փորձով ապացուցել է Վուն)։ Խախտված սիմետրիան մի այլ՝ ավելի ընդհանուր սիմետրիայով վերականգնելու համար Լին ու Յանգը և Լ. Դ. Լանդաուն առաջադրեցին համակցված CP- սիմետրիայի վարկածը։ Սակայն 1964-ին թույլ փոխազդեցություններում ( և մեզոնների տրոհման ժամանակ) արձանագրվել է CP-սիմետրիայի խախտում։ Եվ, քանի որ CP-սիմետրիան և T-սիմետրիան կապված են CPT-սիմետրիայով, ապա CP-սիմետրիայի խախտումը ենթադրել է տալիս, որ
ա. խախտվում է նաև T-սիմետրիան՝ անխախտ թողնելով CPT-սիմետրիան, և
բ. պահպանվում է T-սիմետրիան, անխուսափելիորեն հանգեցնելով CPT-սիմետրիայի խախտմանը, մի բան, որը կստիպեր վերանայել դաշտի քվանտային տեսության սկզբունքները։

Մինչ այժմ, սակայն, T- և CPT- սիմետրիաների խախտում չի արձանագրվել, և CPT-սիմետրիան մնում է որպես ընդհանուր սիմետրիա։ Տարրական մասնիկների ֆիզիկայի կարևոր խնդիրներից է բացահայտել, թե իրականում ի՞նչ է կատարվում համակարգում։ Հնարավոր է, որ այդ երևույթի բացատրությունը հանգեցնի բոլորովին նոր, հիմնարար եզրակացությունների։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 643