Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն

Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն (գերմ.՝ Eine Kindheitserinnerung des Leonardo da Vinci), 1910 թվականին Զիգմունդ Ֆրոյդի կողմից գրված ակնարկ հայտնի իտալացի նկարիչ, քանդակագործ և գիտնական Լեոնարդո դա Վինչիի մանկության մասին: Այն իրենից ներկայացնում է Լեոնարդոյի կյանքի ուսումնասիրում՝ նրա նկարների հոգեվերլուծական հետազոտության հիման վրա:

Լեոնարդո դա Վինչի և մանկական հիշողություններ
Eine Kindheitserinnerung des Leonardo da Vinci, Leonardo da Vinci, A Memory of His Childhood և Leonardo da Vinci: a Psychosexual Study of an Infantile Reminiscence
Leonardo da Vinci and a Memory of his Childhood, German edition.jpg
ՀեղինակԶիգմունդ Ֆրոյդ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀոգեբանություն
ԹեմաԼեոնարդո դա Վինչի
Բնօրինակ լեզուԳերմաներեն
Ստեղծման տարեթիվ1910
Էջեր130
Հրատարակման տարեթիվ1910
Լեոնարդո դա Վինչի

Մանկական հիշողությունԽմբագրել

Ֆրոյդի հոգեվերլուծությունը սկսվում է Դա Վինչիի մի մանկական հիշողությունից: Դա Վինչին իր օրագրում գրում էր, որ հիշում է մի դեպք, երբ նա դեռ նորածին երեխա էր, պատուհանից ներս է մտնում մի ուրուր և պոչով մի քանի անգամ դիպչում է նրա բերանին: Ըստ Ֆրոյդի այս հիշողությունը չունի լրիվ իրական հիմքեր: Ժամանակի ընթացքում հիշողությունները ենթարկվում են մեր պատկերացումների, երևակայության ճնշմանը և աղավաղվում են՝ կորցնելով իրենց առաջնային տեսքը: Ֆրոյդը վերլուծելով Դա Վինչի մանկական հիշողությունը գալիս է այն եզրահանգման, որ այն ունի էրոտիկ բնույթի բովանդակություն: Պոչը սիմվոլ է և արական սեռական օրգանի պատկերումն է: Տվյալ հիշողությունը իրենից ներկայացնում է սեռական ակտի պատկերում: Ֆրոյդը, հիմնվելով իր այցելուների տվյալների վրա, եզրահանգում է, որ այս կոնտեքստի երազներ և ֆանտազիաներ ունենում են կանայք և պասիվ համասեռամոլները: Մյուս կարևոր սիմվոլն այստեղ թռչնի տեսակն է: Ուրուրը հին եգիպտական հիերոգլիֆներում խորհրդանշում է մոր կերպարը: Այն մայրության խորհրդանիշն է, քանի որ այս կենդանին չունի իր արու տեսակը: Հայտնի է, որ Դա Վինչին մինչ 5 տարեկանը ապրել է մոր հետ: Սա ցույց է տալիս այն, որ երեխան զգում էր հոր բացակայությունը և ենթագիտակցորեն նա ընտել էր այնպիսի կենդանի, որը չի կարող լինել արական սեռի:

Դա Վինչիի առաջին փորձերը արվեստի ոլորտում եղել են 2 տիպի օբյեկտների պատկերումներով՝ ժպտացող կնոջ և փոքրիկի գլուխներով: Վերջիններս հիշեցնում են ուրուրի հետ կապված հիշողության սեքսուալ բնույթի 2 օբյեկտները: Երեխայի գլուխը սեփական մանկական անձի կրկնումն էր, իսկ կանանց գլուխները մոր կերպարի կրկնումն էր: Այս օբյեկտները ներկայացնում էին Լեոնարդոյի 2 բնույթները: Կանանց դիմանկարների պատկերումով նա անգիտակցորեն արտահայտում էր սեփական կանացիությունը: Հետազոտողները նույնիսկ գտնում են, որ Լեոնարդոյի կանացի դիմանկարներում երևում են հենց իր դիմագծերը: Կա կարծիք, որ Մոնա Լիզան Դա Վինչիի ինքնադիմանկարն է: Իսկ ի՞նչ ճանապարհով էր Դա Վինչին իրեն նույնականացնում մոր հետ: Մնացած հոգեբանների հետազոտությունները նույնպես վկայում էին նույն արդյունքների մասին. համասեռամոլ բոլոր այցելուների մոտ վաղ մանկության տարիքում եղել էր ինտենսիվ հակում կանանց նկատմամբ՝ մասնավորապես մոր: Հոգեսեռական զարգացման Էդիպյան բարդույթի փուլում մանուկ Լեոնարդոն արտամղում է մոր հանդեպ ունեցած մեծ սերը և նույնականանում է մոր հետ, քանի որ բացակայում է նույնականացման համար մյուս օբյեկտը՝ հայրը: Նա իրեն դնում է մոր տեղը և ընտրում է սիրո նույն օբյկետները, որոնք ուներ մայրը: Բայց միևնույն է, այս ճանապարհով հոմոսեքսուալ դարձած տղամարդկանց մոտ ենթագիտակցականում ակտիվ ապրում է մոր հանդեպ արտամղված սերը: Նա հավատարիմ է մնում այդ սիրուն ամբողջ կյանքում, և գուցե դա է պատճառը, որ հարաբերություններ չի ունենում կանանց հետ, որպեսզի չդավաճանի մորը: Այն, ինչ պրակտիկայում կոչում են համասեռամոլություն, զարգանում է տարբեր ճանապարհներով: Եվ Ֆրոյդի կողմից նկարագրված այս մոդելը այդ ճանապարհներից միայն մեկն է:

 
Մոնա Լիզա

Լեոնարդոյի կենսագիրների մեծ մասը նշում էր, որ արդեն վարպետ դարձած ժամանակ, նա իրեն շրջապատում էր գեղեցիկ պատանիներով: Վերջիններս համարվում էին նրա աշակերտները: Չնայած որ չենք կարող վստահ ասել նրանց միջև եղած սեռական կապի մասին, բայց այստեղ նորից տեսնում ենք Լեոնարդոյի համար այդքան կարևոր դարձած երկու օբյեկտներից մեկը: Այդ օբյեկտները իրենց հետքն են թողնում Լեոնարդոյի հետագա ամբողջ կյանքի և գործունեության վրա: Դա Վինչին ուներ մի օրագիր, որտեղ նա գրանցում էր իր համար ամենակարևոր դեպքերը և հիմնականում դրանք գրում էր մի քանի բառով, լակոնիկ ոճով: Չենք կարող ասել, որ Լեոնարդոն հետաքրքրվում էր տնային տնտեսությամբ և նմանատիպ գործերով, բայց այնուամենայնիվ իր օրագրում նա գրում էր 2 տեսակի ծախսերի մասին: Ծախսերը, որ նա կատարում էր իր աշակերտների վրա և մոր՝ Կատարինայի: Օրինակ, նա գրում էր աշակերտներից մեկի համար գնած հագուստի, այլ իրերի մասին, իսկ մյուս գրանցումը վերաբերում էր մոր թաղման համար կատարած ծախսերին: Այստեղ Ֆրոյդը նորից մատնանշում է այդ ճակատագրական 2 օբեկտների առկայությունը և դրանց կապը:

«Մոնա Լիզա» և «Սուրբ Աննան, Մարիամը և մանուկ Հիսուսը»Խմբագրել

 
Սուրբ Աննան, Մարիամը և մանուկ Հիսուսը

Լեոնարդոյի անձի հետազոտությունը Ֆրոյդը շարունակում է նկարների, ստեղծագործությունների վերլուծությամբ: Նրա նկարները հիշելիս չենք կարող չհիշել այն առեղծվածային ժպիտը, որով նա օժտում էր իր գրեթե բոլոր հերոսուհիներին: Այսօր լեոնարդոյական այդ ժպիտը դարձել է նրա բնութագրիչներից մեկը: Առեղծվածային ժպիտի ամենահայտնի օրինակը, իհարկե, ֆլորենցուհի Ջոկոնդան է: Այս ժպիտը բացատրության կարիք ուներ և բացատրվում է շատ տարբեր ձևերով: Մեկնաբանություններից համարյա բոլորն էլ այս ժպիտի մեջ տեսնում են հակադրությունը, սատանայական բնույթը մի կողմից , մյուս կողմից՝ նրբությունն ու մեղմությունը: Այն գրավում էր հանդիսատեսներին, հետազոտողներին և հենց իրեն՝ Լեոնարդոյին: Հայտնի է, որ Մոնա Լիզան նկարելիս Դա Վինչին ցանկացավ այն պահել իրեն և չտալ պատվիրատուին: Այդ կապվածությունը այս ժպիտին բացատրվում էր նրանով, որ այն նրա մեջ արթնացնում էր երկար ժամանակ քնած մի բան: Ըստ Ֆրոյդի սա Կատարինայի պատկերումն էր, նրա կերպարի արտացոլումը: Նույն ժամանակահատվածում Դա Վինչին նկարում է «Սուրբ Աննան, Մարիամը և մանուկ Հիսուսը» կտավը: Լեոնարդոյական ժպիտը պատկերված է նաև այստեղ: Ըստ Ֆրոյդի հենց Մոնա Լիզայի խորությունը և իմաստը ստիպեց Դա Վինչիին ստեղծել Սուրբ Աննային, ով խորհրդանշում էր մայրությունը: Լեոնարդոյի մոտ Մարիամը նստած է Աննայի գրկում, ձեռքերը դեպի նորածին Հիսուսը ուղղված: Տատիկը ժպիտով նայում է այդ տեսարանին: Այս նկարը Դա Վինչիի մանկության սինթեզն է, այս նկարի դետալները կարող են մեկնաբանվել Լեոնարդոյի կյանքի ապրումներով: 6 տարեկանում նա տեղափոխվում է հոր տուն, որտեղ հանդիպում է նրա նոր կնոջը: Խորթ մայրը Լեոնարդոյին սիրում էր հարազատ մոր սիրով և նրանց հարաբերությունները շատ ջերմ էին: Ըստ Ֆրոյդի Սուրբ Աննան և Մարիամը պատկերում էին նրա խորթ մորը և Կատարինային: Ֆրոյդը սա բացատրում է այն փաստով, որ այստեղ 2 կանայք էլ՝ Աննան՝ տատիկը և Մարիամը՝ մայրը, պատկերված են միևնույն տարիքի: Այսինքն Աննան պատկերված չէ տատիկի կերպարով, չունի կնճիռներ և դիմագծերով, տարիքով չի տարբերվում Մարիամից: Լեոնարդոյի համար այս 2 կանայք նրա 2 մայրերի խորհրդանիշն էին: Մարիամը պատկերված է երեխայից հեռու, ձեռքերը նրան մեկնած: Սա Դա Վինչիի կյանքի այն դրվագն է, որ նրան հեռացրել են մորից[1]:

ԱմփոփումԽմբագրել

Այս աշխատանքում Ֆրոյդը ներկայացնում է Դա Վինչիի արտամղված ապրումները, որոնք հետագայում սուբլիմացիայի մեխանիզմով արտահայտվում են նրա ստեղծագործություններում: Կյանքի առաջին տարիներին հոր բացակայությունը, մոր հանդեպ տածած ջերմ սերը որոշիչ ազդեցություն ունեցան նրա բնավորության ձևավորման և ճակատագրի վրա այնքանով, որ արտամղված այդ ապրումները, լիբիդոն հետագայում սուբլիմացվեցին հետազոտելու, ստեղծագործելու մեջ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Фрейд З., Леонардо Да Винчи:Воспоминание Детства.