Լենինի հուշարձաններ (Կրասնի Սուլին)

Լենինի հուշարձաններ (ռուս.՝ Памятники Ленину), հուշարձաններ Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում, որոնք նվիրված են խորհրդային քաղաքական և պետական գործիչ, համաշխարհային պատմության մեջ առաջին սոցիալիստական պետության հիմնադիր Վլադիմիր Լենինին։

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Քաղաքի կենտրոնական հրապարակում


Խորհրդային իշխանության տարիներին Խորհրդայիմ Միության բազմաթիվ քաղաքներում տեղադրվել են Վ. Լենինի հուշարձաններ։ Նրանց մի մասը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ։ Կրասնի Սուլին քաղաքում տեղադրվել է մի քանի հուշարձան։

Լենինի հուշարձանը կենտրոնական հրապարակում խմբագրել

Քաղաքի կենտրոնական հրապարակում, որը կոչվում է Վ. Ի. Լենինի անունով, 1934 թվականի նոյեմբերին, Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի կապակցությամբ տեղադրվել է Վ. Լենինի՝ քաղաքում առաջին հուշարձանը։ Այն կառուցվել է Սուլինի մետալուրգիական գործարանի նախկին տնօրեն (1934-1939) Իվան Գրիգորևիչ Սոլովյովի նախաձեռնությամբ։ Հուշարձանը տեղադրվել էր Կրասնի Սուլինի շրջանի վարչակազմի և Երիտասարդական կենտրոնի շենքերի միջև։ Հուշարձանի քանդակը տեղադրվել էր չորսմետրանոց երկաթբետոնե պատվանդանի վրա և պատկերում էր պրոլետարական առաջնորդին աշխատավորների առջև զրահապատ մեքենայի վրայից ելույթ ունենալիս։ Հուշարձանի հիմքը երեսպատված էր մոխրագույն և վարդագույն գրանիտով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1942 թվականին, հուշարձանը պայթեցվել է գերմանացիների կողմից։ 1945 թվականին այն վերականգնվել է և 1966 թվականին տեղափոխվել Սուլինի մետալուրգիական գործարանի տարածք։ Տեղափոխված հուշարձանի փոխարեն պատրաստվել է նորը։

Լենինի նոր հուշարձանը բացվել է 1967 թվականին՝ քաղաքի կենտրոնական հրապարակի այն տեղում, որտեղ կանգնած էր նախկին հուշարձանը։ Հուշարձանը պատրաստվել է խորհրդային քանդակագործ-մոնումենտալիստ Իսահակ Դավիդովիչ Բրոդսկու նախագծով[1]։ Լենինը պատկերված է մոխրագույն սալիկներով երեսպատված պատվանդանի վրա, աջ ձեռքով նա պահում է իր բաճկոնի դարձածալը, իսկ ձախ ձեռքին թղթի գլանակ է։

Հուշարձանի մոտակայքում տեղի են ունենում քաղաքի բնակիչների ցույցերն ու հանրահավաքները։

Լենինի հուշարձանը Նեսվետայ-ՊՇԷԿ ավանում խմբագրել

Վ. Լենինի երկրորդ հուշարձանը կառուցվել և տեղադրվել է 1956 թվականին Նեսվետայ-ՊՇԷԿ ավանում՝ էներգետիկների մշակույթի պալատի մոտ։ Հուշարձանը կառուցվել է երկաթբետոնից և գիպսից։ Հուշարձանի չափսերը. պատվանդանի բարձրությունը՝ 2,5 մ, քանդակի բարձրությունը՝ 1,8 մետր։

Լենինի հուշարձանը մետաղական կոնստրուկցիաների գործարանի տարածքում խմբագրել

1975 թվականին, ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ, տեղադրվել է Լենինի հուշարձանը մետաղական կոնստրուկցիաների գործարանի տարածքում։ Քանդակը պատրաստվել է գիպսից ու երկաթբետոնից և կանգնած է քարե պատվանդանի վրա, որը երեսպատված է գրանիտով։ Հուշարձանը տեղադրվել է գործարանի վարչության շենքի դիմաց։ Պատվանդանի չափսերը՝ 1,2 մ × 1,2 մ։ Քանդակի բարձրությունը 2 մ է։ Լենինը պատկերված է վերարկուով կանգնած, ձախ ձեռքը ծալված է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сулину – 210. Хроника событий». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել