Լեհահայոց դատաստանագիրք

Լեհահայոց դատաստանագիրք, Լվովյան դատաստանագիրք, Լվովի հայերի կանոնադրություն, Լեհաստանի և Ուկրաինայի հայկական ինքնավար գաղութներում օգտագործված օրենքների ժողովածուի լատիներեն թարգմանությունը։

Ժողովածուն կազմվել է Մխիթար Գոշի Դատաստանագրքի և տեղական իրավունքի առանձնահատկությունների համադրման ու համակարգման հիման վրա։ Հայերեն նախնական խմբագրությունն (չի պահպանվել) օգտագործվել է Հարավային և Արևմտյան Ռուսիայի հայկական գաղութներում դեռևս 13-րդ դարում և 14-րդ դարի առաջին կեսում։ Տեղական իշխանությունների և հայ համայնքների իրավա–դատական վեճերին հակազդելու համար լեհ թագավոր Սիգիզմունդ I-ի պահանջով Լվովի հայ ավագների խորհուրդը 1518 թվականին ժողովածուն թարգմանել է լատիներեն, որը որոշ փոփոխություններից հետո վավերացվել է 1519 թվականին, Պյոտրկով քաղաքում հրավիրված սեյմում։ Այնուհետև այն շրջանառության մեջ է մտել «Լվովյան դատաստանագիրք]]», իսկ հայ գիտական գրականության մեջ՝ «Լեհահայոց դատաստանագիրք» պայմանական անվանումով։ 1528-ին Լեհահայոց դատաստանագիրք թարգմանվել է հայատառ–ղփչաղերեն ու լեհերեն և մինչև 18-րդ դարի վերջն օգտագործվել դատական ինքնավարությունը պահպանած բոլոր հայ գաղութներում (Զամոշչում՝ մինչև 1730 թվականը, Լվովում՝ 1784 թվականը, Կամենեց-Պոդոլսկում՝ 1787 թվականը և այլն)։

10 գլխից և 124 հոդվածից բաղկացած Լեհահայոց դատաստանագիրքը ընդգրկել է քաղաքացիական (անձնական, ընտանեկան, ժառանգության, պարտավորության, առ ու վաճառքի ևն) ու քրեական (անձի դեմ ուղղված, գույքային, քաղաքացիական հանցագործություններ և այլն) իրավունքի տարբեր բնագավառներ ու խնդիրներ՝ նախատեսելով համապատասխան պատիժներ (տուգանք, բռնագրավում, անդամահատում, բանտարկություն, մահապատիժ ևն)։ Լեհահայոց դատաստանագրքում մեծապես արտացոլվել է ապրանքա–դրամային հարաբերությունների զարգացումը։ Որպես հայ իրավաբանական մտքի յուրահատուկ արտահայտություն՝ Լեհահայոց դատաստանագիրքը կարևոր դեր է խաղացել լեհահայոց դատավարական ինքնավարության և ազգային ինքնապահպանման գործում։

Լեհահայոց դատաստանագրքի լատիներեն բնագիրը (1519 թվականին վավերացված օրինակը) պահպանվում է Լվովում՝ Ուկրաինայի կենտրոնական պետական պատմական արխիվում։ Լեհահայոց դատաստանագրքի գիտական ուսումնասիրություններն սկսվել են 19-րդ դարի կեսից (Ֆ. Բիշոֆ, Լ. Մատվիյովսկի և ուրիշներ)։ Լավագույն հրատարակություններն են Օ. Բալցերինը (1906, լատիներեն և լեհերեն) և Տ. Լեվիցկունն ու Ռ. Կոնովոյինը (1957, հայատառ–ղփչաղերեն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 520