Լարախաղացություն (Հայաստան)

ժողովրդական պարարվեստ

Լարախաղացություն կամ Փահլևանի խաղեր, հեթանոսական շրջանից մեր օրեր հասած պարերի, ներկայացումների տեսակ, որն իր յուրատեսակ տեղն է գտել հայ ժողովրդի թատերապարային ժառանգության մեջ։

Պատմություն խմբագրել

Լարախաղաց-ակրոբատի արվեստը գոյություն է ունեցել դեռևս հեթանոսկան շրջանում, այդ մասին կան բազմաթիվ վկայություններ, ինչպես օրինակ՝ հռոմեացի կատակերգու Պուբլիուս Տերենտիուս Աֆրիկացու աշխատությունները։ Հռոմում բեմադրված «Սկեսուրը» կատակերգության նախերգանքում նշել է, որ այդ ներկայացումը հանդիսատեսն ընդհանտել ու գնացել է «լարախաղացների ներկայացումները դիտելու, երկրոդ անգամ՝ գլադիատորական մարտերին ներկա լինելու համար»[1]։

Դավիթ Անհաղթը 6-րդ դարում իր «Սահմանք իմաստասիրութեան» երկի 12-րդ գլխում գրել է, որ լարախաղացությունն ու ձողախաղացությունը «ոչ օգտեցուցանէ և ոչ վնասէ․․․»[2]

Այսպիսի վերաբերմունքը լարախաղացության նկատմամբ ապացույց է, որ այն ծագել է դեռ հեթանոսական հավատալիքներից և մինչև սուրբ Կարապետի՝ Հովհաննես Մկրտչի հովանու ներքո ապաստանելը, լարախաղացությունը հալածվել է քրիստոնյաների կողմից։ Ենթադրվել է, որ սուրբ Կարապետը փոխարինել է հեթանոսական այն աստվածությանը, որի սպասավորներն են եղել լարախաղացները, իսկ պարերը՝ աստվածությանը նվիրված ծիսական արարողություններ։

Լարախաղացները պետք է լինեին հմուտ ու վարժ մարզիկներ, քանի որ անհնար կլիներ լարի վրա քայլել՝ առանց հատուկ պատրաստվածության։

Ստուգաբանություն խմբագրել

Լարախաղացներին հայերեն տարբեր անվանումներ են տրվել՝

  • լարախաղաց
  • պարագնաց
  • ճոպանախաղաց
  • չվանախաղաց
  • փահլևան կամ փայլևան
  • չամբազ, ջամբազ՝ թուրքերեն ջամբազ՝լարախաղաց բառից
  • քանդրբազ կամ քյանտրբազ՝ թուրքերեն՝ քենդիր՝ կանեփաթել,քանդրի վրա պարող։

Ձողի վրա խաղացողները կոչվել են ձողախաղաց, նրանց արվեստը՝ ձողախաղացություն, ըստ Մովսես խորենացու՝ մականախաղ։ Սա լարախաղացության մաս էր կազմում, լարի վրա պարելուց հետո փայևանը ոտնացուպեր էր կապում ու դրանցով քայլում։

Փայլևանի ոտնացուպերը ՝ փետեոտները, տարբեր բարձրության էին,մինչև 3 մ։

Փայլևանի ձեռքի ձողը կոչվել է զողալ, զյուլլա, զոլլա, լանգարկ, թարազի, թարազու (պարսկերեն՝ կշիռ, հավասարակշռություն)։

Լարախաղացության ընթացքում լարախաղացների ներկայացրած հմայությունների, ծուղակներ լարելու պատճառով լարախաղացություն բառը հայերենում ձեռք է բերել նաև բացասական իմաստ՝ աչքակապություն, խորամանկություն, խաբեություն ևն։

Հայկական բնակավայրերում լարախաղացության մասին մեր օրեր հասել են տարբեր պատմություններ։

Լարախաղացություն Վանում խմբագրել

Վան քաղաքում լարախաղացության մասին պատմել է Նշան Գևորգյանը՝ Վանի Գավերան գյուղից։ Նրա պատմածը Սրբուհի Լիսիցյանը գրի է առել 1934 թվականին։

Փայլևանը գյուղ է եկել աշնանը՝ երեկոյան։ Ապաստանել է քահանայի, ժամկոչի կամ երեցի տանը։ Հաջորդ առավոտյան սկսել են կապել թելերը՝ պատրաստելով խաղահրապարակը։ Ապա զուռնա-նաղարայի նվագակցությամբ սկսվել է ներկայացումը։ Մարդիկ հավաքվել են եկեղեցու առջև՝ իրենց հետ տանելով փայլևանի խալաթ՝ լարախաղացի համար նվերներ։

Փայլևանի խումբն ուներ հետևյալ անդամները՝ մեկ զուռնաչի, մեկ դհոլչի, մեկ յալանչի կամ տկի սուտասան՝ ծաղրածուն, որը ելույթ էր ունենում գետնի վրա, և երկու բանվոր։

Մինչ ներկայացումը՝ երաժիշտները նվագել են նաղորտ (նախորդ բառն է)՝ կանչ, հրավեր մարդկանց։

Փայլևանը հագնվել է բազմության աչքի առաջ։ Հագել է նեղ անդրավարտիք՝ զվկա շալվար, որը գորշ էր, դեղին, կապույտ կամ այլ գույնի։ Վերնաշապիկին ՝ խաչեր, սուրբ Կարապետի, Տիրամոր պատկերներ։ Կաշվե գոտին կոճկվել է լայն ճարմանդով՝ քամարով։ Եղել է բոբիկ ու գլխաբաց։ Զուռնաչին նվագել է դանդաղ մեղեդի՝ Սըվարի-Ձիավեն։ Փայլևանը սկսել է պարել, զրուցել ծաղրածուի հետ, ծիծաղեցնել ու զվարճացնել հանդիսատեսին։

Եվ ներկայացումից առաջ, և ավարտին նա համբուրել է ձողը, լարը, նաև երեք անգամ խաչակնքվել, մտքում աղոթել։ Ժամկոչի տուն է վերադարձել նվագտախմբի ու մարդկանց ուղեկցությամբ։ Հաջորդ առավոտյան խումբը ճանապարհվել է մեկ ուրիշ բնակավայր։

Լարախաղացություն Ալաշկերտում խմբագրել

Փայլևանի խաղերի մասին պատմել է ալաշկերտցի Յախին-թափա գյուղից Արշակ Սարգսյանը՝ Բլուրը։ Սրբուհի Լիսիցյանը վերաշարադրել է տեքստը այնպես, ինչպես պատմել է գուսան Բլուրը[3], որը նաև որպես դհոլչի մասնակցել է լարախաղացների ներկայացումներին։

Պատանին երազում տեսել է սուրբ կարապետին,և ցանկացել փայլևան դառնալ։ Պատրաստել է իր փետեոտը, ապա սովորել քայլել դրանցով, պտտվել, պարել, քայլել ճոպանի վրա։ Վարժվելով դարձել է մեկ այլ վարպետ փայլևանի աշակերտ ու սկսել շրջագայել։ Նա իր ուստայիհետ ներկայացումներ է տվել գարնանից մինչև խոր աշուն։ Ապա առանձնացել, ստեղծել է ինքւորույն խումբ ՝ փայլևանի օգնական, նվագածուներ, յալանչի, սան։

Գյուղում առաջինն այցելել է գյուղապետին, ներկայացման թույլտվություն խնդրել։ հաջորդ առավոտյան գնացել են հրապարակ փնտրելու և ամրացրել շերիտի փետերն ու ճոպանը, նախապատրաստվել ներկայացմանը։

Փայլևանն իր իջևանած տեղում հագել է փայլևանի տարազը՝ բյազե ներքնաշապիկ, վրայից գունավոր ձեռագործ ֆայկա, սրա վրայից՝ իշլիկ, որը երկարաթև վերնաշապիկ է, իջնում է մինչև գոտկատեղը։ Մարմնին կապել է փայլևանի բարձիկը, ապա փոխանը, վրայից էլ շալվարը։ Բոբիկ ոտքերին հագել է չստեր, կրծքին ու թիկունքին կապել եռանկյունաձև թալիսմաններ։

Փայլևանի օգնականը, զուռնաչին ու դհոլչին հագել են Ալաշկերտի տարազը։

Յալանչին հագել է քրքրված տեղական տարազ, կաշվե տրեխ, գլխին՝ այծենու սրածայր փափախ։ Կապել է այծենու մորուք։

Նվագի ուղեկցությամբ փայլևանը գնացել է խաղահրապարակ, յալանչին բերել է թարազուն՝ փայլևանի ձողը, ուղղահայաց հենել սյուներին։ Ձողը սոճու փայտից էր, չներկած։

Ներկայացման սկզբում փայլևանը դեմքով նայել է արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ, խաչակնքվում ու աղոթել․

 

Ով Տեր, բարերար Աստված,
Դու պահես, պահպանես,
Վատ լեզվից, չար մարդից, չար աչքից,
Դու ազատես փորձանքներից․․․

 

Առաջին անգամ ճոպանին ելնելիս փայլևանը ասել է․ «Մեռնիմ քըզի, Մշո սուլթան սուրբ Կարապետ»։

Ներկայացման ավարտից հետո լարախաղացն իր խմբով հանգստացել է, հաջորդ օրը փայլևանը կապել է փետեոտներն ու շրջել գյուղում, պարել տների մոտ, առանց ձողի։ Մարդիկ տվել են փող, նվերներ, հրավիրել տուն, հյուրասիրել։

Արշակ Բաբայանի պատմածը՝ Հայոց ձոր խմբագրել

Փայլևան դառնալուց առաջ դեռահասը մի քանի անգամ երազում տեսել է Մշո սուրբ Կարապետին։

Ծնողները նրա համար պարան են կապել բակում, տղան սկսել է վարժվել, ապա ծնողները մերձավորների օգնությամբ պատվիրել են ճոպան, որ գործել են հատուկ վարպետները։ Տղային հագցրել են լարախաղացի նման, ապա իր ուժերին վստահ տղան խումբ է հավաքել ու սկսել շրջագայել գյուղերում։

Փայլևանն այդ գործով զբաղվել է մինչև 25-40 տարեկանը։ Ներկայացումները եղել են տարվա տաք եղանակներին։ Փայլևանը խմբում վաստակել է ամենից շատ, հետո զուռնաչին էր, ապա դհոլչին ու յալանչին, որոնք ստացել են նույն չափով դրամ, բանվորը վաստակել է բոլորից քիչ, իսկ փայլևանին ուղեկցող բարեկամը ևս որոշ գումար է ստացել։ Փայլևանների մեծ մասը ծնունդով եղել են Մշո սուրբ Կարապետ վանքի մերձակա գյուղերից։

Ներկայացման թույլտվություն ստացել է եկեղեցականից կամ գյուղապետից։ Ներկայացման առավոտյան՝ ժամերգությունից հետո փայլևանը զգեստափոխվել է և պատրաստվել ելույթին։ Նա հագել է երկնագույն սատինից կամ լաստիկից կարած երկարաթև ներքնաշապիկ, նույն կտորից շալվար, վրայից ծնկներին հասնող գունավոր զանգապաններ, աճուկին կաեպլ է բարձիկ՝ բյազե, սատինե կտորից։ Գոտուն կապել են բրդով կամ բամբակով լցոնած փողքեր։ Ոտքերին հագել է սոլեր՝ կարմիր կամ սև կաշվից ոտնամաններ, որոնք բերել ե Մուշից՝ սուրբ Կարապետ քաղաքից։ Գլխին դրել է արախչի՝ գունավոր թելերով երիզազարդ գլխարկ։ կապել է նաև հմայիլներ, թալիսմաններ ու խաչեր։

Ծաղրածուն մրոտել է դեմքը, քսել ալյուր, կապել այծենու մորուք։

Գյուղապետի տան մոտ նվագել են վաղորդայնի մեղեդի՝ Սարր սուբաի։ Մարդիկ ուղեկցել են փայլևանի խմբին Ճամփու պարով։

Փայլևանը սկսել է իր ելույթը՝ ասելով․«Հեյ, չանգլի դիվան, սուրբ Կարապետ, մարմարե գերեզման, եղիր ինձ օգնական»[4]։

Ձողի վրա փայլևանը պարել է Քոչարի, Թանգո, Քերծո, Փայլանջո, Չինար, Թանզարա պարերը։ Ներկայացումից հետո փայլևանի խմբի ստացած նվերներից գյուղում վաճառել են մթերքը, նվերները բարձել գրաստներին ու հեռացել։

Լարախաղացություն Ալեքսանդրապոլում խմբագրել

19-րդ դարում Ալեքսանդրապոլում անցկացվել են բացօթյա ներկայացումներ, այդ ներկայացումներից մեկի ժամանակ լարախաղացները (քյանդրբազ կամ ջամբազ իրենց ծաղրածուների (յալանչի կամ տակի մասխարա) հետ շրջել են քաղաքներ ու գյուղեր և հրապարակային ելույթներ կազմակերպել թմբուկ զուռնայի երաժշտության ներքո։ Դրանք էլ ունեցել են իրենց տրամաբանությունը․ Լարախաղացը՝ վերևից և ծաղրածուն՝ ներքևից հարց ու պատասխաններ են տվել իրար և զվարճացրել հավաված մարդկանց՝

 

«Ծաղրածու. Այ փահլևան, ո՞վ է տվել քեզ այդ հունարը։
Լարախաղաց. Այ մասխարա, դու չգիտե՞ս, որ հունարն ինձ տվել է Մշո սուլթան սուրբ Կարապետը։
Ծաղրածու. Ես էլ եմ գնում սուրբ Կարապետ, որ ես էլ ստանամ այդ հունարը, այ փահլևան։
Լարախաղաց. Դու իմ հունարը չես ստանա, այ մասխարա, դու կստանաս քո մեջքին երկրորդ սապատը։

- [5]
 

Նշանակություն խմբագրել

Լարախաղացությունը կրել է աշխարհիկ բնույթ՝ լինելով զվարճություն ու բեմականացված խաղ։

Բնակիչները փայլևանին նվիրել են թալիսման, թաշկինակ, որի մեջ դրվել է թղթագիր աղոթք -հմայխոսություն։ Թալիսման ընծայելը վկայում է, որ հնում հավատացել են նրա մոգական, հրաշագործ շնորհին։

Հիվանդ կամ սուրբ Կարապետին ընծայված երեխաներին կապել են փայլևանի շալակին, պարեցրել փայլևանի հետ։ Սա ևս վկայում է, որ երեխայի հարազատները հավատացել են սուրբ Կարապետի զորությամբ բժշկվելուն։

Կարևոր նշանակություն է ունեցել նաև եկեղեցու դիմաց հագնվելը, եկեղեցականի տանը հյուրընկալվելը, փայլևանի բաժակը ջուր պիտի լցներ ժոմկոչը։

Պահպանիչ դեր են ունեցել նաև յալանչու և փայլևանի զգեստների զանգակներն ու զանգուլակները։ Հավատացել են, որ դրանք պահպանում են չար աչքից։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мокульский, С.С. (1936). История западноевропейского театра,часть 1.
  2. Դավիթ Անյաղթ, Սահմանք իմաստասիրութեան, Վենետիկ, 1833։
  3. Ս․Լիսիսցյան, Հայկական հինավուրց պարեր, Երևան, 2013, էջ 48։
  4. Ս․Լիսիցյան, նշվ․աշխ․, էջ 62։
  5. Հայ թատրոնի պատմություն, Լևոնյան, Գարեգին, էջ 135-138