Լազար Իվանով Դոբրիչ (բուլղար․՝ Лазар Иванов Добрич, 26 հունիսի, 1881, Ռավնո Պոլե - 16 փետրվարի, 1970, Սոֆիա, Բուլղարիա)[1], կրկեսի բուլղարացի արտիստ, մանկավարժ և ռեժիսոր։ Ճոճաձողի վրա կատարվող մահվան օղակի հայտնագործողը։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ, Դիմիտրովի մրցանակի դափնեկիր, «Կրկեսային արվեստի սենյոր» տիտղոսակիր։

Լազար Դոբրիչ
բուլղար․՝ Лазар Добрич
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1881(1881-06-26)
ԾննդավայրՌավնո Պոլե, Elin Pelin, Սոֆիայի մարզ, Բուլղարիա
Մահացել էփետրվարի 16, 1970(1970-02-16) (88 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունկրկեսի արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ
Դիմիտրովի մրցանակ
 Lazar Dobrich Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լազար Դոբրիչը ծնվել է 1881 թվականի հունիսի 26-ին Բուլղարիայի Ռավնո Պոլե գյուղում։ Կրկեսում սկսել է ելույթ ունենալ 16 տարեկան հասակում[2]։ 18 տարեկանում ստացել է կրթաթոշակ Ֆրանսիայում ճարտարագիտական համալսարանում սովորելու համար, սակայն շուտով թողել է համալսարանն ու միացել ռումինացի կրկեսային մարմնամարզիկների Դիմիտրեսկու խմբին։ Վերջինիս կազմում նա առաջին անգամ ելույթ է ունեցել 1897 թվականին Բրյուսելում՝ հանդես գալով զուգափայտերի վրա։ Խմբում Լազար Դոբրիչն աշխատել է մինչև 1901 թվականը։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Լազար Դոբրիչը տարբեր կրկեսային խմբերի հետ հյուրախաղերի է մեկնել Եվրոպայում։ 1905 թվականին Չինիզելի խմբի կազմում Բեռլինի Շումանի կրկեսում ելույթ ունենալիս նա առաջին անգամ ներկայացրել է իր կողմից հայտանգործված «մահվան ճոճաձող» համարը կամ մահվան օղակը ճոճաձողի վրա։ Հետագայում՝ մինչև 1928 թվականը, Լազար Դոբրիչը Եվրոպայում ու Բուլղարիայում աշխատել է որպես մարմնամարզիկ ճոճաձողի վրա, 1930-ական թվականներին մասնակցել է պարտերային ակրոբատների՝ վերև նետելու տախտակներով կատարվող համարների ցուցադրությունը։ Եղել է ըմբիշ[3]։

Պատերազմի ավարտից հետո Լազար Դոբրիչը վերադարձել է Բուլղարիա։ Նա ու իր եղբայրը՝ Ալեքսանդրը, ով նույնպես կրկեսի արտիստ էր, ըմբիշ ու ատլետ, Սոֆիայում հիմնադրել են «Կոլիզեում» կրկեսը, որ գոյություն է ունեցել մինչև 1926 թվականը։ «Կոլիզեումում» Լազար Դոբրիչն սկսել է զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ 1933 թվականին նա ստեղծել է «Ռոյալ Դոբրիչ» կրկեսը և եղել է նրա անփոփոխ տնօրենը։ 1948 թվականին կրկեսն ազգայնացվել է և վերանվանվել է «Հայրենիք», սակայն Լազար Դոբրիչը մինչև 1956 թվականը մնացել է նրա տնօրենը։ 1956-1961 թվականներին նա եղել է «Բուլղարական կրկեսներ» վարչության գլխավոր ռեժիսոր։

Լազար Դոբրիչը ծավալել է մանկավարժական ինտենսիվ ու բեղմնավոր գործունեություն։ Հետպատերազմական Բուլղարիայի կրկեսային շատ արտիստներ իրենց գործունեությունն սկսել են հենց նրա դպրոցում։ 1950 թվականին Լազար Դոբրիչը կազմակերպել է տղամարդ ակրոբատների ու մարմնամարզիկների խումբ, որ ելույթ է ունեցել մինչև 1965 թվականը։ 1958 թվականին նա հիմնադրել է կին ակրոբատների խումբ, որ գոյություն է ունեցել մինչև 1972 թվականը։ Լազար Դոբրիչն ստեղծել է «Ժոկեյական ձիագնացություն», «Ուղղաձիգ պարաններ», «Հնգամասն ճոճաձող», «Լանգառք», «Սանդուղք ոտքերից», «Պար լարի վրա» համարները։

Լազար Դոբրիչն ու իր խումբն արժանացել են բազմաթիվ մրցանակների։ 1950 թվականին նրան շնորհվել է Դիմիտրովի մրցանակ։ Լազար Դոբրիչը դարձել է բուլղարացի առաջին արտիստը, ով արժանացել է «Կրկեսային արվեստի սենյոր» պատվավոր կոչման, որ նրան շնորհվել է Արտիստների միջազգային լիգայի՝ 1955 թվականին Վարշավայում անցկացված Առաջին միջազգային փառատոնի ժամանակ[4][5]։

Լազար Դոբրիչի մահվանից հետո տպագրվել են նրա երկու գրքերը՝ «Մահացու ցատկ» (1971) ինքնակենսագրական գիրքն ու «Կրկեսի հետ աշխարհով մեկ» (1973) հուշերի գիրքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Добрич, Лазар Иванов // Съвременна българска енциклопедия: Допълнения и поправки (А - Я) / под ред. И. Габерова, Н. Генчева. — София: Елпис, 1995.
  2. Бардиан Ф., Кривенко Ник. — некролог«Жизнь, отданная цирку. Памяти Лазара Добрича». В мире цирка и эстрады. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  3. Зон М. Добрич, Лазар Иванов // Театральная энциклопедия / глав. ред. Марков П. А.. — М.: Советская энциклопедия, 1963. — Т. том 2.
  4. Медведев М. Поставлено в Ленинграде // Ленинградский цирк. — Ленинград: Лениздат, 1975. — 144 с. — 50 000 экз.
  5. Минчева Г. Цирковият ас Лазар Добрич бил шеметен любовник // Жената днес : списание. — 2002. — № 6.

Գրականություն

խմբագրել
  • Добрич, Лазар Иванов // Енциклопедия България: Г-З. — София: БАН, 1981. — Т. 2. — 768 с.