ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան

Հրավիրվել է 1988-ի փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտում. համաժողովրդական առաջին ցույցերից ու հանրահավաքներից, մարզի աշխատավորության ներկայացուցչական խմբերի մոսկովյան առաջին երթ ու դարձերից, շրջանային խորհուրդների գործկոմների որոշումներից հետո՝ անհրաժեշտաբար։

Պատգամավորներ

խմբագրել

Պատգամավորների (անհրաժեշտ երկու երրորդի) գրավոր համաձայնությունն ապահովել են Վ. Հակոբյանը, Գ. Գաբրիելյանը, Հ. Բեգլարյանը, Ա. Մանուչարովը, Յուրի Ներսիսյանը, Յուրի Ջհանգիրյանը, Ռ. Պետրոսյանը և ուրիշներ։ Նիստին մասնակցել են 112 պատգամավոր, մարզկոմի բյուրոյի անդամներ, գործկոմի պատասխանատու աշխատողներ։ ԽՄԿԿ կենտկոմի աշխատակից Վ. Յաշինը. Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բադիրովը, ԼՂԻՄ-ի մարզկոմի քարտուղար Բ. Կևորկովը, մարզխորհրդի գործկոմի նախագահ Վ. Օսիպովը, չկարողանալով խափանել նստաշրջանի աշխատանքը, հեռացել են դահլիճից։ Մանդատային հանձնաժողովի նախագահ Սայիլյանի զեկուցումից հետո նստաշրջանի նախագահ է ընտրվել Վ. Հայրարդետյանը։

Նիստում քննարկման դրված միակ հարցի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիացնելու համար Ադրբենական և Հայկական ԽՍՀ ԳԽ-ներին դիմելու մասին զեկուցել է Վ. Հակոբյանը։ Ելույթ է ունեցել 44 պատգամավոր։ Նստաշրջանը որոշել է. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատվորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին և Հայկական ԽՍՀ ԳԽ-ին խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ ԳԽ-ի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»։ Սակայն 1988-ի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն իրականությունից հեռու և հապճեպ որոշում է ընդունել, որով Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծմանն ուղղված համաժողովրդական շարժումը որակել է որպես «ծայրահեղական» ու «ազգայնամոլական», ինչը իբր հակասում է Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին։ Միաժամանակ որոշում է ընդունել մշակել մարզի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։