Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցություն

Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցություն, փոփոխություններ, որոնք առաջանում են կենդանի օրգանիզմի կառուցվածքում և կենսագործունեությունում էլեկտրամագնիսական կարճալիք ճառագայթների (ռենտգենյան և գամմա) կամ լիցքավորված մասնիկների (α-մասնիկներ, β-ճառագայթում, պրոտոններ) և նեյտրոնների հոսքով ազդելիս։ 1896 թվականին Իվան Թարխանովը առաջինը ցույց տվեց, որ ռենտգենյան ճառագայթները ներգործելով կենդանի օրգանիզմի վրա՝ առաջ են բերում բնականոն կենսական պրոցեսների խանգարումներ։ Այդ հետազոտություններն ավելի մեծ ծավալ ստացան ատոմային զենքի կիրառման վտանգի հետևանքով խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման շնորհիվ (տես Ռադիոկենսաբանություն)։

Օրինաչափությունները խմբագրել

Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության համար բնորոշ են հետևյալ օրինաչափությունները.

  1. Կլանված էներգիայի ամենափոքր քանակությունն անգամ օրգանիզմում կամ առանձին օրգաններում առաջ է բերում խորը փոփոխություններ։ Այդ երևույթը բացատրվում է «թիրախի» տեսությամբ, ըստ որի ճառագայթային էներգիայի վնասակար ազդեցությունն ի հայտ է գալիս բջջի ճառագայթազգայուն մասին՝ «թիրախին» հարվածելիս։
  2. Իոնացնող ճառագայթներն ազդում են ոչ միայն անմիջականորեն ճառագայթահարվող օրգանիզմների, այլև նրանց հետագա սերունդների վրա, քանի որ խոր փոփոխություններ են առաջացնում նաև նրանց ժառանգական համակարգում։
  3. Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցությանը բնորոշ է գաղտնի (լատենտ) շրջանը, այսինքն՝ ճառագայթային ախտահարումը ի հայտ է գալիս որոշ ժամանակ անց։

Ազդեցությունը տարբեր օրգանիզմների վրա խմբագրել

Կենդանական տարբեր օրգանիզմներ, հյուսվածքներ ու բջիջներ տարբեր զգայունություն ունեն իոնացնող ճառագայթների նկատմամբ։ Այսպես, փորձնական ճառագայթահարումից 30 օրվա ընթացքում կապիկները մահանում են 600, շները՝ 450, մկները՝ 650 ռենտգեն դոզայից։ Մեծ նշանակություն ունեն նաև օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակը, տարիքը, նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվությունը, ինչպես նաև ճառագայթահարման պայմանները (միանվագ, թե բազմակի, ընդհանուր, թե տեղական, քրոնիկական, ներքին են)։ Եթե ճառագայթման աղբյուր է դառնում օրգանիզմ թափանցած ռադիոակտիվ իզոտոպը, ապա հսկայական նշանակություն ունի նրա քիմիական բնույթը, խտությունը որևէ օրգանում, ինչպնս նաև օրգանիզմի ճառագայթահարման բնույթը։

Փորձերը ցույց են տվել, որ բջիջներն ավելի ռադիոզգայուն են բաժանման, տարբերակման շրջանում։ Ճառագայթահարվելիս առաջին հերթին ախտահարվում են աճող հյուսվածքները, ուստի, ճառագայթահարումն ավելի վտանգավոր է հղի կանանց և երեխաների համար։ Ճառագայթահարված բջիջներում առաջացող փոփոխությունները հանգեցնում են հյուսվածքների, օրգանների և ամբողջ օրգանիզմի կենսագործունեության խանգարման։ Խիստ վնասվում է արյունաստեղծ համակարգը, որից պակասում են շրջանառու արյան լեյկոցիտների և էրիթրոցիտների քանակը, արյան շնչառական ֆունկցիան։ Ճառագայթահարումից ախտահարվում են մարսողության և նյարդային համակարգերը, ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեությունը են։ Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցությանը բնորոշ է ետազդեցությունը, որը կարող է երկարատև լինել։

Բույսերը, կենդանիների հետ համեմատած, ավելի ռադիոկայուն են։ Փոքր դոզաներով ճառագայթահարումը կարող է խթանել բույսերի կենսագործունեությունը, սերմերի աճը, կանաչ զանգվածի կուտակումը։ Մեծ դոզաները (20 000-40 000 ռենտգեն) առաջացնում են բույսերի ապրելունակության իջեցում, այլասերումներ, ուռուցքներ, մուտացիաներ։

Կիրառությունները խմբագրել

Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության ուսումնասիրությունները կիրառում են կենսաբանական հետազոտություններում, բժիշկության, գյուղատնտեսության պրակտիկայում, որոնց վրա են հենված ճառագայթային բուժումը, ռենտգենախտորոշումը, ռադիոիզոտոպային թերապիան։ Իոնացնող ճառագայթների ռադիացիոն ազդեցությունը գյուղատնտեսության մեջ կիրառում են բույսերի նոր ձևերի ստացման, սերմերի նախացանքսային մշակման, վնասատուների դեմ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի ճառագայթային պահածոյացման համար։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 379