Ժողովրդական գործիքների նվագախումբ

Ժողովրդական գործիքների նվագախումբ, երաժշտական գործիքների համեմատաբար մեծաթիվ անսամբլ, որը պահպանում է հնչողության ազգ-ժողովրդական երանգները. երկացանկում՝ առավելապես ժողովրդական երաժշտության մշակում­ներ և այդ ոճով գրված ստեղծագործություններ։ Լինում է միատարր (օր.՝ միայն լարային կամ փողային գործիքներից) և խառը։ Խորհրդային Միությունում հռչակված էին Վ. Վ. Անդրեևի անվան, Ն. Պ. Օսիպովի անվան ռուսական, Կուրմանհազիի անվան ղազախական, Ուզբեկական վերակառուցված գործիքների (հիմ­նադիր-ղեկ.՝ Ա. Պետրոսյանց) նվագախմբերը, Ուկրաինական բանդուրիստների կապելլան և այլն։

Հայկական ժողովրդական երաժշտության անսամբլային կատարման հնագույն հիշատակությունը Փավստոս Բուզանդինն է. «Իբրև ընդ գինիս մըտին, որպէս զառաջին ուրախութեանցն նուագն մատուցին արքային Պապայ, եւ առհասարակ թմբկահարք եւ սրնգահարք, քնարահարք եւ փողահարք իւրաքանչիւր արուեստօք պէսպէս ձայնիւք բարբառեցան»։

20-րդ դարի սկզբին հայկական ժողովրդական գործիքների նվագախումբեր են ստեղծել Գրիգոր Սյունին (Պետրոգրադ), Անտոն Մայիլանը (Բաքու) և ուրիշներ։ Ժողովրդական գործիքների նվագախումբի զարգացմանը նպաստել է նոտային ուսուցումը, որի առաջին փորձերն Այսրկովկասում ձեռնարկել է Սաշա Օգանեզաշվիլին 1914 թվականին՝ Բաքվում, 1924 թվականին՝ Թիֆլիսում, 1926 թվականին՝ Երևանում։ Նշանակալի էր նաև բազմաձայնության ներդրումը (հայտնի էր Հովհաննես Իոաննիսյանի հիմ­նադրած Ադրբ. պետ. «քառաձայն» նվագախումբը Բաքվում (1920), որին մասնակցել են նաև երաժիշտ-կատարողներ Լևոն Կարախանը, Բալա Մելիքյանը, Սողոմոն Սեյրանյանը և ուրիշներ)։ Ստեղծվել են նաև գործիքների ռեգիստր. տարատեսակներ (Վարդան Բունիի կատարելագործած գործիքների Արևելան սիմֆոնիկ նվագախումբը, 1925-1936)։

ՀՀ-ում գործում են Հայաստանի ժողովրդական գործիքների, Հայաստանի ազգային նվագարանների, Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբերը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի, Հայկական ժողովրդական երգի-պարի, Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։