Թրաշուշան հիբրիդային

բույսերի տեսակներ
Թրաշուշան հիբրիդային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ցեղ Թրաշուշան (Gladiolus)
Տեսակ Թրաշուշան հիբրիդային (G. ×hybridus)
Միջազգային անվանում
Gladiolus ×hybridus

Թրաշուշան հիբրիդային (լատին․՝ Gladiolus hybridus), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս, որը մեր պայմաններում մշակվում է որպես միամյա։ Ստացվել է աֆրիկական և եվրոպական տեսակների բազմակի տրամախաչման ճանապարհով։ Գեղեցիկ ծաղկաբույս է՝ թրանման երկշարք, ուղղաձիգ, ամուր տերևներով և խոշոր, գեղեցիկ հասկանման ծաղկաբույլերով, որոնց ծաղիկները ձագարաձև են, դասավորված մի կողմի վրա։ Պսակաթերթիկները անհավասար են, հիմքում խիստ սեղմված։ Սկզբում բացվում են հասկի ներքևի ծաղիկները։ Աչքի են ընկնում ամենատարբեր գունավորմամբ՝ սպիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, դեղին, նարնջագույն, կրեմագույն, ոսկեդեղին, ծիրանագույն, կապույտ, երկնագույն և այլն։ Կան թրաշուշաններ, որոնց ծաղիկները խոլորձ են հիշեցնում, շուշանանման են, ծալքավոր, գանգուր պսակաթերթիկներով։

Բազմանում են սոխուկներով և ձագուկներով։ Ձմռանը հատուկ շենքերում պահված սոխուկները և ձագուկները տնկում են գրունտում ապրիլի վերջերին, 10×20 և 25×25 սմ հեռավորության վրա (կախված տնկանյութի չափերից)։ Ծաղկում են հուլիս–օգոստոս ամիսներին։ Պալարասոխերը հանում և պահեստավորում են մինչև ցրտերի վրա հասնելը՝ հոկտեմբերին։ Մեր հանրապետությունում տարածված վայրի թրաշուշանները (արթովիոլացեուս և Կոչի) բուժիչ նշանակություն ունեն։

Թրաշուշանի մասին գոյություն ունի նաև հնագույն լեգենդ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987