Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Հովհաննեսի Թովմասյան (1889, Երևան - 1962), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1940):

Աշոտ Հովհաննեսի Թովմասյան
Ծնվել է1889
ԾննդավայրԵրևան
Մահացել է1962
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է տանիքագործ վարպետի ընտանիքում։ 1902 թվականին ընդունվել է Երևանի արական գիմնազիան։ 1903 թվականին զրկվել է մորից։ 1910 թվականին ավարտել է գիմնազիան, ընդունվել Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Արձակուրդներին բուժակ է աշխատել Երևանի քաղաքային հիվանդանոցում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, դեռևս համալսարանը չավարտած, նշանակվում է էվակուհոսպիտալի կրտսեր բժիշկ։ Հետո նույն պաշտոնով աշխատում է Խարկովի դրուժինայում ու զինվորական լազարեթում, քաղաքներից մեկի զեմստվոյական հիվանդանոցում (1915-1916): Առանց աշխատանքից կտրվելու հանձնում է պետական քննությունները և ավարտում բժշկական ֆակուլտետը։ 1917 թվականին նշանակվում է Մանտուրովո քաղաքի էվակուհոսպիտալի, իսկ հետո՝ դիվիզիայի լազարեթի օրդինատոր։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Երևան, նշանակվել հոսպիտալի գլխավոր բժշկի պաշտոնակատար։ Հիվանդացել է և կազդուրվելու համար գնացել Դիլիջան։ Միաժամանակ աշխատել է տեղի հիվանդանոցում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրան հանձնարարվում է կազմակերպել առողջապահության գործը Դիլիջանի գավառում։ 1921 թվականին նշանակվել է Լոռու գավառի առողջապահության բաժնի վարիչ։ 1923 թվականին նշանակվել է Լոռի-Փամբակի միացյալ գավառի առողջապահության բաժնի վարիչ և այդ պաշտոնում աշխատել մինչև 1931 թվականը՝ գլխավորելով Ղարաքիլիսայի քաղաքային հիվանդանոցը և նրա վիրաբուժական բաժանմունքը։ 1931 թվականի տեղափոխվել է Երևան, աշխատել առաջին կլինիկական հիվանդանոցում, այնուհետև՝ ՀԽՍՀ առժողկոմատում։ 1935-1958 թվականներին եղել է Լենինականի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավարը, իսկ 1949 թվականից՝ նաև Լենինական քաղաքի գլխավոր վիրաբույժը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին աշխատել է նաև № 1474 էվակուհոսպիտալում (1941) և Մարիուպոլից Լենինական էվակուացված հոսպիտալում (1942 թվականից սկսած)։ 1958 թվականին նշանակվել է Երևանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջին կլինիկայի վարիչ։ 1960 թվականից անցել է թոշակի։

Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով ու մեդալներով։ Նրա անունով է կոչվել Լենինականի № 1 հիվանդանոցը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 92-94։

Գրականություն խմբագրել

  • Վոլոդյա Մարտիրոսյան, Աշոտ Թովմասյան, Ե., Հայաստան, 1983, 36 էջ։