Էնտոնի Մագլիցա

խորվաթ-ամերիկացի ձեռնարկատեր

Էնտոնի «Տոնի» Մագլիցա (խորվ.՝ Ante Maglica, 1930[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4]), Mag Instrument Inc. ընկերության հիմնադիր և սեփականատեր, որն արտադրում է Maglite լապտերիկներ, ստանդարտ սարքավորում, որով հանդերձավորվում են ԱՄՆ-ի ոստիկանները[5][6]։

Էնտոնի Մագլիցա
Ծնվել է1930[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4]
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունգյուտարար և դիզայներ

Վաղ տարիներ խմբագրել

Էնտոնի «Տոնի» Մագլիցան ծնվել է Նյու Յորքում, սակայն մեծացել է Զլարին կղզում, որը գտնվում է Խորվաթիայի ափերի մոտ։ Ամերիկյան Մեծ ճգնաժամի ժամանակ նրա ընտանիքը վերադարձավ հայրենիք, Խորվաթիա։ Քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը «ամայացավ» 1950 թվականին Մագլիցան վերադարձավ Միացյալ նահանգներ և բնակություն հաստատեց Կալիֆորնիայի նահանգի Օնտարիո քաղաքում։ Այդ տարիներին նա մի քիչ տիրապետում էր անգլերենին և կարողացավ աշխատանք ստանալ, դառնալով մեքենավար։ Աշխատելով այդ վայրում՝ նա տեղեկանում է, որ իր ղեկավարներից մեկը զբաղվում է փոքրիկ օժանդակ բիզնեսով, հիդրավլիկ դետալների վերամշակմամբ։ Գրեթե պատահականորեն Տոնին տեղեկանում է 1000 դոլարով մետաղամշակման հաստոցի վաճառքի առաջարկի մասին և համոզում է տիրոջը, որ այն վաճառի 125 դոլար կանխավճարով, իսկ մնացած մասը մարել ամսական վճարումների միջոցով։

Այսպիսով սկսված բիզնեսը աստիճանաբար աճեց. նա բացեց սեփական խանութ, որը զբաղվում էր մեքենաների և սարքավորումների առևտրով, և այն 1974 թվականին դարձավ կորպորացիա «Mag Instrument Inc.» անվանումով։ Այդ պահին նա ծանոթացավ Կլեր Հալասի՝ իր ապագա գործընկերոջ և կյանքի ընկերոջ հետ, որին նա վարձել էր իր մեքենաների խանութը զարդարելու նպատակով։ Թեև նրանք երբեք չեն գրանցել իրենց ամուսնությունը, Կլերը մշտապես բնակվում էր նրա հետ և կրում նրա ազգանունը։ Կլերը ուներ երեք երեխա, երկու որդի՝ Ստիվենը և Քրիստոֆերը և դուստրը՝ Ջեկին, որը Տոնիին ճանաչում էր որպես խորթ հայր։

Ընտանեկան գործեր խմբագրել

Երբ Mag Instruments Inc.-ի կողմից արտադրվող Maglite լապտերիկը հանրաճանաչ դարձավ, ընկերությունը աճեց և վերածվեց ընտանեկան բիզնեսի, որի գործերը կառավարում էր Տոնին, որպես նախագահ, Կլերը աշխատում էր մարքեթինգի, անձնակազմի կառավարման, և գնումների բաժնում, իսկ որդիները՝ Ստիվենը և Քրիստոֆերը, զբաղեցնում էին համապատասխանաբար փոխնախագահի և հետազոտությունների ու զարգացման գծով տնօրենի պաշտոնները։

1992 թվականին ընկերությունում «ցնցում տեղի ունեցավ», այն պահին, երբ Կլերը տեղեկացավ, որ Տոնին ցանկանում է իր մահից հետո ընկերությունը թողնել իր նախորդ ամուսնությունից ունեցած երեխաներին։ Սա դարձավ «դաժան ընտանեկան ճակատամարտի» սկիզբը, որը տևեց տասը տարուց ավելի և հանգեցրեց նրան, որ Կլերը և իր երեխաները հեռացան ընկերությունից, և Կլերը 200 միլիոն դոլարի հայց ներկայացրեց Տոնիի դեմ։ 1997 թվականին Կլերի որդիները հիմնադրեցին լապտերիկների արտադրության Bison Sportslights Inc սեփական ընկերությունը։

Դատական հայցեր խմբագրել

1992 թվականին տեղեկանալով Տոնիի պլանների մասին՝ Կլերը հայց ներկայացրեց Էնտոնի Մագլիցի դեմ՝ նրան մեղադրելով պայմանագրի խախտման, գործընկերության համաձայնագրի խախտման, խարդախության, մասնագիտական պարտավորությունների խախտման և մի շարք այլ հանցագործությունների համար՝ որպես վնասի փոխհատուցում պահանջելով 200 միլիոն դոլար։ Դատավարությունը իրականացվում էր երդվյալ ատենակալների դատարանի միջոցով, իսկ դատական գործընթացը հեռարձակվում էր Court TV (այսօր՝ truTV) հեռուստատեսությամբ և ուներ բարձր վարկանիշ։ Լսումների արդյունքում 1994 թվականի գարնանը Կլերը ստացավ 84 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում։

Այս որոշումը բողոքարկվեց Կալիֆորնիայի վերաքննիչ դատարան, որը 1998 թվականին վերացրեց նախորդ որոշումը և գործը վերադարձրեց դատարան։ Դատարանը հայտարարեց, որ արբիտրաժային որոշումը սխալ էր, քանի որ վնասը պետք է հաշվարկվեր որպես Կլերի ծառայությունների արժեք, այլ ոչ թե նրա ծառայություններից եկամտի գումար։ Գործը դատարան վերադարձնելուց հետո Կլերը 2000 թվականին համաձայնագիր կնքեց Mag Instrument Inc.-ի հետ 29 միլիոն դոլար գումար վճարելու վերաբերյալ։

Bison Sportslights Inc խմբագրել

Կլերի որդիները Ստիվենը և Քրիստոֆերը ստիպված էին հեռանալ Mag Instrument-ից նրա ղեկավար Տոնի Մագլիցի հետ ունեցած «բարդ հարաբերությունների» պատճառով։ 1997 թվականին եղբայրները Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում հիմնադրեցին Bison Sportslights ընկերությունը, և սկսեցին զբաղվել լապտերների լուսային բծի կենտրոնում չլուսավորված հատվածի «սև անցքի» խնդիրների լուծման հարցերով։ Եղբայրները թողարկեցին մի արտադրանք, որում ցուցադրվեց «որոշակի արդյունավետություն» այս խնդրի լուծման հարցում։

Սակայն 2002 թվականին Mag Instrument-ը, Էնտոնի Մագլիցի գլխավորությամբ դատի տվեց Bison Sportslights-ին (գործ № CV-023187) առևտրային գաղտնիքը գաղտնազերծելու համար։ Bison Sportslights-ը պատասխանատվություն կրեց առևտրական գաղտնիքի կանխամտածված և չարամտորեն յուրացնելու, վստահությունը չարաշահելու, չարամիտ գովազդի և անազնիվ մրցակցության համար։ Mag Instrument-ը ստացավ 1,2 միլիոն դոլարի վնասի փոխհատուցում, իսկ Bison Sportslights-ը դուրս եկավ բիզնեսից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • William Lidwell, Gerry Manacsa Deconstructing Product Design: Exploring the Form, Function, Usability, Sustainability, and Commercial Success of 100 Amazing Products. — London: Rockport Publishers, 2011. — ISBN 9781592537396
  • International Directory of Company Histories / ed. Jay P. Pederson. — St. James Press, 2005. — Т. 67. — 688 с. — (International Directory of Company Histories). — ISBN 9781558625129