Էլվիո Պորսել դե Պերալտա

արգենտինացի ֆուտբոլիստ

Էլվիո Ռիկարդո Պորսել դե Պերալտա Առնալդո (իսպ.՝ Elvio Ricardo Porcel de Peralta Arnaldo, , Villa María, Կորդովա, Արգենտինա - ապրիլի 9, 2000(2000-04-09), Տալկա (քաղաք), Չիլի), արգենտինացի և չիլիացի ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակողական կիսապաշտպանի դիրքում[1]։ El duro entre los duros («Ամենակոշտը կոշտերի մեջ») մականունով Պերալտան հայտնի էր իր բնավորությամբ և կարիերայի ընթացքում ստացել է ռեկորդային՝ 97 կարմիր քարտ։

Էլվիո Պորսել դե Պերալտա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդավայր Villa María, Կորդովա, Արգենտինա
Մահվան ամսաթիվ ապրիլի 9, 2000(2000-04-09)
Մահվան վայր Տալկա (քաղաք), Չիլի
Դիրք կիսապաշտպան

Կարիերա

խմբագրել

Պորսել դե Պերալտան ծնվել է 1938 թվականի հուլիսի 12-ին Արգենտինայի Վիլա Մարիա քաղաքում[1]: Նա երկաթուղային պաշտոնյայի որդի էր և պատանեկության տարիներին՝ 11 տարեկանից, ֆուտբոլ էր խաղում արգենտինական «Ունիոն Սենտրալ» ակումբում[2][3]: Նա ցանկացել է բժշկություն ուսումնասիրել, սակայն հրաժարվել է այդ նպատակից, երբ 16 տարեկանում՝ 1954 թվականին, առաջարկ է ստացել միանալու Պրիմերա դիվիզիոնի «Ատլետիկո Տիգրե» ակումբին[2]: «Տիգրեի» կազմում նա խաղացել է 1954-1958 թվականներին, 1959 թվականին տեղափոխվել է «Վելես Սարսֆիլդ», այնուհետև 1960-1961 թվականներին վերադարձել է «Տիգրե»[1]:

Պորսել դե Պերալտան 1962 թվականի ապրիլին Վիսենտե Կանտատորեի առաջարկով հեռացել է Արգենտինայից և միացել չիլիական «Ռեյնջերս դե Տալկա» ակումբին: «Տիգրեում» վերջին տարիներին հարձակվող լինելուց հետո նա տեղափոխվել է կիսապաշտպանական դիրք, որտեղ խաղացել էր իր կարիերայի սկզբում: Վեց տարի՝ 1962-1967 թվականներին, նա խաղացել է «Ռեյնջերսի» կազմում և այդ թիմի լավագույն խաղացողներից մեկն էր[2]։

1968 թվականին Պորսել դե Պերալտային շնորհվել է Չիլիի քաղաքացիություն: Նույն թվականին նրան նկատել է «Սանտյագո Ուոնդերերսի» մարզիչ Խոսե Պերես Ֆիգեյրասը, և Պորսելը պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ[2]։ Նա երկու մրցաշրջան խաղացել է Los Panzers մականունով հայտնի թիմում և 1968 թվականին նրա առանցքային խաղացողներից էր։ 1968 թվականին այն նվաճել է Չիլիի ֆուտբոլային առաջնության հաղթողի տիտղոսը և մասնակցել է 1969 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը[2][4]:

Պորսել դե Պերալտան գովասանքի է արժանացել «Սանտյագո Ուոնդերերսում» իր «ուժի, տոկունության, խառնվածքի և հպարտության» համար[2]: Նրան մականունն էր El duro entre los duros՝ բառացիորեն՝ «ամենակոշտը կոշտերի մեջ»[4]: Լրագրող Անտոնինո Վերան «Էստադիո» ամսագրում գրել է[2].

  Մի քանի շաբաթ առաջ մենք Էլվիո Պորսել դե Պերալտային նկարագրեցինք որպես «ժամանակակից խաղացողի»: Անցյալ տարվա մրցաշարի ընթացքում նա հիմնարար գործոն էր «Ուոնդերերսի» համար. նա այն հենասյուներից մեկն էր, որոնց վրա հաստատվեց չեմպիոնի ողջ ամուր կառուցվածքը։ Նա թիմին փոխանցեց սեփական ֆիզիկական և ֆուտբոլային ամրությունը: «Ուժեղ» խաղացող, այո, բայց նաև գնդակին հմուտ տիրապետող, ֆուտբոլի ընդհանուր, հստակ իմաստի կրող, այն, ինչ կոչվում է դաշտի համայնապատկերային տեսողություն, և որը նրա դեպքում շատ լայն է: Պորսել դե Պերալտան գերիշխում է կիսապաշտպանությունում... լավ է պահում գնդակը, լավ է գրոհում և արագ վերադառնում է պաշտպանություն: Նա տեսնում է հարվածի հնարավորությունները և ունի հզոր հարված... նա շատ ամբողջական տեսք ունի:  

Պորսել դե Պերալտան 1970 թվականին տեղափոխվել է «Ունիոն Լա Կալերա»[1]։ Թեև նա համարվում էր տաղանդավոր խաղացող, սակայն ուներ «բռնկուն, երբեմն անզուսպ» խաղացողի համբավ[2]: Իր կարիերայի ընթացքում նա ռեկորդային՝ 97 անգամ հեռացվել է խաղադաշտից[4]։ Նրա վերջին հեռացումը հանգեցրել է կարիերայի ավարտին[2]: «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի դեմ խաղում Մանուել Ռոդրիգես Վեգան հարվածել է Պորսել դե Պերալտային, և նա «վրեժխնդիր է եղել»: Նա «վազել է ամբողջ դաշտով»՝ հետապնդելով փախչող Ռոդրիգես Վեգային[5]: Ի պատասխան՝ մրցավար Խուան Կարվախալը կարմիր քարտ է ցույց տվել Պորսել դե Պերալտային, որը նա համարել է անարդարացի և մի հարվածով գետնին է տապալել Կարվախալին[2][6]: Ֆուտբոլի կենտրոնական ասոցիացիան (ACF) Պորսել դե Պերալտային ցմահ որակազրկել է սպորտից[7]: Նա մի քանի բողոքարկում է ներկայացրել դատարան և ի վերջո ստացել է միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն այլևս երբեք պրոֆեսիոնալ մակարդակով չի խաղացել[4]։

Հետագա կյանք և մահ

խմբագրել

Պորսել դե Պերալտան իր խաղային կարիերայից հետո հաստատվել է Չիլիի Վիլյա Ալեմանա քաղաքում։ Նա ունեցել է «Donde Porcel» անունով ռեստորան։ Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա[2]։

Պորսել դե Պերալտան մահացել է 2000 թվականի ապրիլի 9-ին Տալկա քաղաքում սրտի կանգից՝ 61 տարեկանում[2][4]։

Նվաճումներ

խմբագրել

Սանտյագո Ուոնդերերս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Campos, Carlos (12 October 2023). Los Panzers del Puerto (Spanish). Canopus Editorial Digital SA. էջեր 66–68. ISBN 9789569641824.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Tapia, Toro. «Elvio Porcel De Peralta». MemoriaWanderers.cl (Spanish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Un duro entre los duros» [A tough one among the tough ones]. La Nación (Spanish). 12 April 2000.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Los principales "hacheros" de la historia del fútbol chileno» [The main “axemen” in the history of Chilean football]. El Ágora (Spanish). 6 January 2023.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Las 8 agresiones que sorprendieron al fútbol chileno» [The 8 attacks that surprised Chilean football]. Diario AS (Spanish). 31 October 2016.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Dote, Sebastian (10 September 2019). «Los 10 peores castigos del fútbol chileno» [The 10 worst punishments in Chilean football]. El Dínamo (Spanish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել