Էլեկտրաբուժություն

Էլեկտրաբուժություն, էլեկտրաթերապիա, բուժման մեթոդ, հիմնված էլեկտրական երևույթների օգտագործման վրա։ Էլեկտրական հոսանքի բուժիչ նպատակով օգտագործման մասին վաղ տեղեկությունները պատկանում են անգլիացի ֆիզիկոս Ու. Հիլբերտին (1540– 1603) և ֆրանսիացի Շ. Դյուֆեին (1698–1739): 1791-ին Լ. Գալվանին առաջին անգամ ուսումնասիրել է էլեկտրական հաստատուն հոսանքի ազդեցությունը գորտի մկանների վրա։ Հետագայում էլեկտրաֆիզիկայի, էլեկտրատեխնիկայի, էլեկտրաքիմիայի զարգացմանը զուգնթաց ստեղծվեց նաև էլեկտրաֆիզիոլոգիան, որի հիման վրա ֆրանսիացի գիտնականներ Գ. Դյուշենի, Ժ. Արսոնվալի, գերմանացի՝ Է. Պֆլյուգերի, Է. Դյուբուա–Ռեյմոնի, ռուս՝ Ն. Վվեդենսկու աշխատանքների շնորհիվ զարգացավ էլեկտրաբուժությունը։ Ժամանակակից էլեկտրատեխնիկան մատչելի է դարձրել էլեկտրական էներգիայի տարբեր տեսակների օգտագործումը բժշկության մեջ, որոնք օրգանիզմի հյուսվածքներում առաջացնում են ֆիզիկա–քիմիական տեղաշարժեր, խթանում օրգանիզմի օրինաչափ ռեակցիաների հիմքում ընկած ֆիզիոլոգիական պրոցեսները։ Այդ ռեակցիաների բնույթը կախված է էլեկտրական հոսանքի տեսակից, ուժից, ազդեցության տևողությունից, ներգործման տեղից ու մեթոդից, ամբողջ օրգանիզմի և հյուսվածքների ընդհանուր վիճակից։ Ավելի հաճախ օգտագործում են հաստատուն հոսանքը, բարձր և ցածր լարվածության փոփոխական հոսանքները (ֆարադացում, դիաթերմիա, ինդուկտոթերմիա), գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտը։ Գոյություն ունեն էլեկտրական հոսանքի օգտագործման տեղական և ռեֆլեկտոր ազդեցության մեթոդներ։ Տեղական ազդեցության դեպքում հոսանքն անմիջապես ներգործում է բորբոքային օջախի վրա, փոփոխվում է բջջաթաղանթների թափանցելիությունը, առաջանում ներհյուսվածքային բևեռացում, հյուսվածքային հեղուկներում լուծված իոնները տեղաշարժվում են, բարձրանում է ներհյուսվածքային ջերմությունը, արագանում են հյուսվածքային նյութափոխանակությունը, արյունամատակարարումը, ֆերմենտային պրոցեսները։ Ռեֆլեկտոր ազդեցության մեթոդները կիրառվում են հոսանքի ազդման տեղամասից հեռու գտնվող օրգանների և հյուսվածքների բուժման նպատակով։ Հատվածային ռեֆլեքսների ձևերից ամենահաճախ կիրառվում է «գալվանական օձիքը», որի դեպքում էլեկտրականացվում է պարանոցի և ողնուղեղի կրծքային վերին 2 հատվածների շրջանը։ Լայն կիրառում է գտել նաև իոնագալվանացումը, որի դեպքում հեղուկներում լուծված դեղանյութերի իոնները կամ մոլեկուլները մաշկի կամ լորձաթաղանթի միջոցով անցնում են օրգանիզմ։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 11