Էթերիանի (վրացերեն՝ ეთერიანი), վրացական ազգային վիպերգ։

Հյուսվել է 10-11-րդ դարերում, հիմնականում ավանդված է արձակ, բայց կան և՛ չափածո, և՛ արձակախառն չափածո շուրջ յոթ տասնյակ տարբերականեր։ Առաջին անգամ տպագրվել է 1875-ին։

Հերոսներից առանձնանում են արքայազն Աբեսալոմը, գեղջկուհի Էթերին և չար ոգին՝ Մուրմանը։

Արքայաորդի Աբեսալոմը, անտեսելով թագավորների ամուսնությանը վերաբերող օրենքներն ու ավանդույթները, հարսնացու է ընտրում գյուղացի մի աղջկա՝ Էթերիին։ Չնայած չարակամ Մուրմանի՝ Աբեսալոմի սրտում Էթերիի հանդեպ հակակրանք սերմանելու ջանքերին, այնուամենայնիվ տղան անկոտրում է. տոգորված է հավերժական սիրո զգացումով։ Էթերին իդեալական կնոջ կերպար է՝ ժողովրդի բանաստեղծական երևակայության արդյունք։ Երբ ամուսինը՝ Մուրմանը, տանից բացակայում է, Էթերին այցի է գնում սիրած տղային և տեսնելով նրա վախճանը՝ պառկում է նույն մահճում և ավանդում հոգին։ Աբեսոլոմին և Էթերիին թաղում են նույն գերեզմանում։ Շիրիմից վարդ և մանուշակ են բուսնում, խոնարհվում իրար։ Սակայն չար ոգին՝ Մուրմանը, հանգիստ չի տալիս դժբախտ սիրահարներին. շիրիմը բացում է, պառկում զույգի արանքում։ Նրա մարմնից տատասկափուշ է աճում, ելնում դուրս և ցցվում վարդի ու մանուշակի միջև։ Տեղի բնակիչները արմատախիլ են անում տատասկափուշը, բացում գերեզմանը, կտոր-կտոր անում Մուրմանին և նետում շներին։

Ասքը հետաքրքրել է շատ ստեղծագործողների, որոնք դարձել են պոեմի (Վաժա Փշավելա), օպերայի (Զաքարիա Փալիաշվիլի), կինոնկարի, գեղանկարչության և արվեստի ու գրականության այլ ժանրերի նյութ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ., ԵՊՀ հրատարակչություն, էջ 13-15։