Երևան-Գյումրու տիպի տուֆ

Երևան-Գյումրու տիպի տուֆ, հրաբխային ապար, տուֆի տարատեսակ։ Առաջացել է անթրոպոգենում՝ հրաբխի իգնիմբրիտային (հրահեղեղային) ժայթքումից։ Շիկացած մագման արտավիժել է և, մեծ արագությամբ հոսելով, առաջացրել 0, 8-15 մ հաստության Երևան-Գյումրու տուֆի հորիզոնական ծածկոց։

Քիմիական կազմը անդեզիտային, անդեզիտադացիտային է, գույնը՝ շագանակագույն, սև ու կարմիր, ծավալային կշիռը՝ 1, 5-2 գ/սմ³, ծակոտկենությունը՝ 20-40%։ Ջերմաձայնամեկուսիչ է, գեղազարդիչ, հեշտ մշակվող։

Տարածված է Երևանի և Գյումրու շրջակայքում։ Երևանի շրջակայքում ելքերը մերկանում են Արինբերդի տարածքում, Հրազդանի ու Գետառի կիրճերում, Ավանի խճուղու երկարությամբ։ Ավանի, Նորքի, Ջրվեժի և Նուբարաշենի հանքավայրերը շահագործվել են։ Գյումրուց հյուսիս և հյուսիս-արևմուտք անընդմեջ տուֆային շերտ է, տարածքը՝ 120 կմ² (Վահրամաբերդ, Կարմրաքար, Կապս, Մայիսյան, Հովունի, Լեռնուտ գյուղերի մոտակայքի հանքավայրեր)։

Օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։