Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մագմա (այլ կիրառումներ)

Մագմա, հրահեղուկ զանգված, որը հարստացած է զանազան գազերով։ Երկրի մակերևույթի վրա մագմայի գազազրկման և ջրազրկման հետևանքով առաջանում է լավա։

Մագմա
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մագմայի առաջացումը խմբագրել

Գոյություն ունեն մագմայի առաջացման վերաբերյալ տարբեր վարկածներ։ Ամենատարածվածը այն է, որ մագման առաջանում է երկրակեղևի խորքում, բարձր ջերմության և ճնշման պայմաններում, տարբեր տիպի ռադիոակտիվ էլեմենտների տրոհման հետևանքով։ Միաժամանակ մագմայի առաջացման գործում կարևոր դեր է խաղում սալերի տեկտոնիկան, երկու տարբեր տեկտոնական սալերի սահմանային գոտում շփումային շարժումների հետևանքով անջատվում է լրացուցիչ ջերմություն, ինչի հետևանքով տեղի է ունենում սալը կազմող ապարների հալեցում և առաջանում է մագմա։ Մագմայի առաջացումը կատարվում է տարբեր խորությունների վրա` կախված տեղանքի երկրաբանական առանձնահատկություններից։ Երբեմն մագման երկրակեղևի վերին շերտեր է բարձրանում աստենոսֆերայից՝ այդպիսով ձևավորվելով տասնյակ և նույնիսկ հարյուր և ավելի կմ խորությունների վրա։ Մեկ այլ դեպքում մագման առաջանում է երկրակեղևի ոչ մեծ խորություններում։ Երկրի ընդերքից դեպի մակերևույթ բարձրանալիս մագման իր մեջ է լուծում տարբեր կազմի ապարներ ու միներալներ և ձևավորում է այսպես կոչված մագմատար խողովակը, որի միջոցով սնուցում է հրաբուխներին։ մագմատար խողովակը ունի բարդ ճյուղավորված կառուցվածք։

Մագմայի տեսակներ խմբագրել

Ըստ քիմիական և միներալոգիական կազմի, առանձնանում են մագմայի 4 հիմնական տիպեր՝ գերհիմնային, հիմնային, միջին և թթվային։ Սրանցից յուրաքանչյուրը երկրի մակերևույթին կամ երկրակեղևի խորքում ձևավորում է տարբեր տիպի հրային ապարներ։ Ըստ այդմ էլ բոլոր հրային ծագում ունեցող ապարները լինում են երկու տեսակի՝ ինտրուզիվ (ներժայթուքային) և էֆուզիվ (արտաժայթուքային)։

Գերհիմնային է համարվում այն մագման, որի կազմում SiO2-ի քանակը կազմում է մինչև 45%։ Մագմայի այս տիպը բնորոշվում է շատ բարձր ջերմությամբ և մուգ գունավորմամբ, քանի որ սրանց կազմի մեջ գերակշռում են մուգ հանքանյութերը։ Մագմայի այս տիպը հիմնականում առաջացնում է ինտրուզիվ ապարներ, որոնք դուրս չեն գալիս երկրի մակերևույթ։ Դրանցից են դունիտները, պերիդոտիտները, վեբստերիդները և այլն։

Հիմնային է համարվում այն մագման, որի կազմի մեջ SiO2-ի պարունակությունը կազմում է 45-52,5%։ Հինքային մագման առաջացնում է ինչպես ներժայթուքային, այնպես էլ արտաժայթուքային ապարներ։ Առաջիններից ամենալայն տարածում ունեն գաբրոները, որոնք աչքի են ընկնում իրենց գերհեղուկությամբ։ Հիմքային արտաժայթուքային ապարներից ամենատարածվածը բազալտներն են ու դիաբազերը։ Բազալտներն աչքի են ընկնում իրենց բարձր ջերմությամբ, որը կարող է հասնել մինչև 1200 °C-ի։ Ունեն բարձր հոսունակություն, ցածր մածուցիկություն և աչքի են ընկնում իրենց հոծ կառուցվածքով։ Բազալտային առանձին հոսքերի արագությունը կարող է հասնել նույնիսկ մի քանի հարյուր կմ/ժ-ի։ Բազալտային հոսքերը կարող են առաջացնել հազարավոր քառ. կմ-երի հասնով ծածկույթներ։ Միջին կազմի մագմայում SiO2-ի պարունակությունը տատանվում է 52,5-63%։ Սրանց ներժայթուքային տեսակներից են դիորիտները, իսկ արտաժայթուքային տեսակներից ամենատարածվածը անդեզիտներն են։

Թթվային կազմի մագման պարունակում է 63%-ից բարձր SiO2։ Արտաժայթուքային ապարներից են դացիտները, ռիոլիտները, իսկ ներժայթուքային տեսակներից են գրանիտները և գրանոդիորիտները։