Երվանդ Էլմաճյան
Երվանդ Ս. Էլմաճյան (մոտ 1880, Մարաշ - ?), հայ բժիշկ։
Ծնվել է | մոտ 1880 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԵրվանդ Էլմաճյանը ծնվել է մոտ 1880 թվականին, Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։
1904 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։
1905-1910 թվականներին եղել է Մարաշի Ակադեմիա դպրոցի ուսուցիչ։
1914 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։
1914-1915 թվականներին եղել է Զեյթունի թաղապետական բժիշկը։ 1915 թվականի դրությամբ եղել է Մարաշի քաղաքապետարանի բժիշկը։
1915 թվականին Զեյթունի առաջին աղետի ժամանակ, մարտի 10-ին ընկերակցել է Մարաշից եկած 4 հայերից բաղկացած պատվիրակությանը՝ գերմանացի հեր (պարոն) Բլանկի նախագահությամբ, որոնք եկել էին Զեյթունի սբ. Աստվածածին վանքում գտնվող ապստամբների հետ բանակցելու։
1915 թվականի մարտին, ի թիվս 198 անվանի հայերի, ձերբակալվել է ու բանտարկվել Մարաշի բանտում։ Որոշ ժամանակ անց, ձերբակալվածներից մի քանիսն աքսորվել են Դեյր-էլ-Զոր և այնտեղ սպանվել, մի քանիսը՝ կախաղան բարձրացվել, իսկ բժիշկն ազատ է արձակվել։
1915-1918 թվականներին բնակվել է Հալեպում, որտեղ թաղապետական բժիշկ է աշխատել և օսմանյան բանակի զինվորական հիվանդանոցի զինվորական բժիշկ ծառայել։ 1919 թվականին Զեյթունի վերջին աղետի ժամանակ ստանձնել է ժողովրդի առողջապահական և բժշկական գործը, որն անձնվիրաբար կատարել է մինչև 1921 թվականը։
1919 թվականի դեկտեմբերի 19-ին, որպես Զեյթունի և նրա շրջակայքի՝ ամերիկյան Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի և ՀԲԸՄ-ի կողմից նշանակված բժիշկ, Մարաշից գնացել է Զեյթուն։ Նույն գիշերը հրավիրվել է Զեյթունի Ազգային միության հրավիրած ժողովին ու ներկաներին հանձնել բժիշկ Քաջբերունու (Վարդան Թոփալյան) նամակը։ Նամակում եղել են մի քանի ստացագրեր, որոնք պետք է ստորագրվեին ու շտապ Մարաշ վերադարձվեին, որպեսզի 1800 օսմանյան ոսկին որոշված սպառազինման նպատակին հատկացվեր։ Բացի այդ, Նպաստամատույցից բերել էր 150 օսմանյան ոսկի՝ որբևայրիներին տալու համար։ 1920 թվականի ապրիլի 5-ին, գտնվելով Զեյթունում, նամակ է ստացել Մարաշում գտնվող միստր Լայմընից, որն առաջարկում էր իր հետ տեսակցելու համար գնալ Պեշեն թրքաբնակ գյուղը։ 1920 թվականի ապրիլի 6-ին բժիշկը երկու այլ ընկերների հետ մեկնել է Պեշեն՝ Լայմընի և մի թուրքի հետ տեսակցելու։
1920 թվականին Մարաշի Ամերիկյան միսիոներության («Պորտ») Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ միստր Լայմընը 200 ոսկի դրամագլխով բացել էր բրդի աշխատանոց՝ որբևայրիների համար աշխատանք ապահովելու և դրանով նրանց օգնելու համար։ ՀԲԸ Միությունը ևս ամսական 50 ոսկի նպաստ է ուղարկել այդ գործին։ Երվանդ Էլմաճյանը, Ազգային միության ատենապետ Արամ Չոլագյանի հետ համախորհուրդ, հիշյալ նպաստները բաշխել է միայն մի քանի ավետարանական ընտանիքների՝ ավետարանական համայնքին զարկ տալու համար, ինչն Ազգային միության պառակտման պատճառ է դարձել։ Հետագայում բժիշկը զղջացել է իր արարքի համար և ամեն ինչ արել շտկելու դրությունը, ինչի համար արժանացել է հայրենակիցների համակրանքին։
1921 թվականի հունիսին Ազգային միությունը բժիշկ Երվանդ Էլմաճյանին և Հովհաննես Սիմոնյանին հանձնարարել է բանակցությունների միջոցով կարգի հրավիրել մի քանի զեյթունցի խռովարարների, որոնք մինչ այդ սպանվում են թուրքերի ձեռքով։
Հետագայում հավանաբար գաղթել է Հալեպ։ 1922 թվականի սեպտեմբերի 1-ին հասել է ԱՄՆ։ 1922 թվականի նոյեմբերին Բոստոնում հանձնել է նահանգային քննությունը և բժշկի արտոնագիր ստացել։ 1924 թվականի դրությամբ բնակվել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Բրիթոն քաղաքում՝ Brithon, Telford str. 7 հասցեում և բժիշկ աշխատել։
Գրականություն
խմբագրել- «Հայաստանի կոչնակ», Նիւ Եորք, 15-04-1924։
- Նորաշխարհյան Լևոն, Զեյթունը 1914-1921 թթ., Երևան, 1984։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։