«Երկու կապիտան» (ռուս.՝ «Два капитана»), գրող Վենիամին Կավերինի արկածային վեպը, որը նա գրել է 1938-1944 թվականներին[2]։ Ունեցել է հարյուրից ավելի վերահրատարակումներ, թարգմանվել է բազմաթիվ օտար լեզուներով։ Վեպի հեղինակն արժանացել է Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի (1946)։

Երկու կապիտան
ռուս.՝ Два капитана
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակՎենիամին Կավերին
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
ԿերպարներԱլեքսանդր Գրիգորև
Հրատարակվել է1940[1]
ՎիքիքաղվածքԵրկու կապիտան

Սյուժե

խմբագրել

Վեպում ներկայացվում է Էնսկ գավառական քաղաքից Ալեքսանդր (Սանյա) Գրիգորևի կյանքի մասին, որը պատվով անցնում է անապաստանության, հասունացման և պատերազմի փորձությունների միջով, որպեսզի ի վերջո նվաճի սիրելի աղջկա սիրտը և լուծի առեղծվածը, որի հետ սերտորեն կապված է նրանց ճակատագիրը։

Վաղ մանկության ընթացքում կրած հիվանդության պատճառով Սանյան չի կարող խոսել, թեև լսում ու հասկանում է ուրիշի խոսքը։ 1914 թվականի գարնանը գետի հոսանքը նրա բակում ափ է նետում ջրահեղձ եղած փոստատարի ու նրա նամակներով լի պայուսակը։ Իշխանությունները փոստը համարում են ջրից փչացած և չեն տանում այն, բայց նամակների մի մասը մնացել էր անվնաս։ Հարևանությամբ ապրող Դաշա մորաքույրն այդ նամակները երկար ժամանակ գրքի փոխարեն կարդում է երեխաների համար։ Սանյայի վրա հատուկ տպավորություն են թողնում բևեռային արշավախմբի մասնակիցների կողմից գրված նամակները, և նրա հիշողության մեջ մնում է դրանց բովանդակությունը։

1916 թվականի ամռանը Սանյան գիշերը գաղտնի գնում է խեցգետիններ բռնելու և ականատես է լինում պահակի սպանությանը։ Տղան պատահաբար հանցագործության վայրում կորցնում է հոր նվիրած մոնտյորի դանակը (շեղբի կոտրվածքի պատճառով)։ Սանյայի հորը ձերբակալում են, քանի որ հայտնաբերված դանակի բռնակի վրա գրված է նրա ազգանունը։ Համրության պատճառով Սանյան նույնիսկ մորը չի կարողանում պատմել սպանության իրական հանգամանքների մասին։

Ապրուստի միջոցների անբավարարության պատճառով Սանյան կրտսեր քրոջ հետ, որի անունը նույնպես Սանյա է (Ալեքսանդրա), ձմռանը ուղարկվում է գյուղ, որտեղ նրանք ապրում են իրենց հոր գյուղական տանը՝ իրենց բարեկամուհի Պետրովնայի հսկողության տակ։ Մի օր երեխաների տուն է գալիս աքսորավայրից փախած և խիստ սառչելուց կիսամեռ բժիշկ Իվան Իվանիչը և մի քանի օր թաքնվում է նրանց մոտ։ Հետաքրքրվելով Սանյայի վիճակով՝ բժիշկը հեռանալուց առաջ նրան ցույց է տալիս խոսքի զարգացման վարժություններ։ Ամեն օր կրկնելով դրանք՝ Սանյան սկսում է խոսել։

Նախքան Սանյան քրոջ հետ կվերադառնար գյուղից, նրանց հայրը մահանում է բանտում, իսկ 1917 թվականի աշնանը մահանում է նաև նրանց մայրը։ Որբացած երեխաներին պատրաստվում են որբանոց ուղարկել, բայց Սանյան իր ընկերոջ՝ Պետկայի հետ փախչում է տնից՝ ցանկանալով հասնել Թուրքեստան։ Ճանապարհին դժվարությունները հաղթահարել նրանց օգնում է փոխադարձ երդումը, որն ավարտվում է «պայքարել և փնտրել, գտնել և չհանձնվել» բառերով, որոնք դառնում են վեպի լեյտմոտիվը։ Մոսկվայում տղաները կորցնում են միմյանց, և Սանյան սկզբում ընկնում է անապաստանների բաշխիչ կետ, իսկ հետւ՝ դպրոց-կոմունա։

Մի օր Սանյան օգնում է շուկայից գնումներ կատարել ծեր Նինա Կապիտոնովնային, որը, ինչպես պարզվում է, ծնունդով Էնսկից էր։ Նրա հետ Սանյան հայտնվում է իր դպրոցի տնօրեն Նիկոլայ Անտոնովիչ Տատարինովի բնակարանում, որտեղ ապրում են նաև Նինա Կապիտոնովնայի դուստրն ու թոռնուհին՝ Մարիա Վասիլևնան և Կատյա Տատարինովան։ Կատյան Նիկոլայ Անտոնովիչի զարմուհին է։ Սանյան դառնում է հաճախակի հյուր է Տատարինովների բնակարանում։

Կատյայի հայրը՝ կապիտան Իվան Լվովիչ Տատարինովը, 1912 թվականին գլխավորել է Հյուսիսային ծովային ճանապարհով բևեռային արշավը, որն անհետ կորել է։ Տատարինովների ընտանիքի կյանքի փաստերը և մանկությունից ծանոթ նամակների բովանդակությունը Սայային բերում են այն համոզման, որ Մարիա Վասիլևնային սիրահարված Նիկոլայ Անտոնովիչը նպաստել է իր զարմիկի մահվանը։ Մարիա Վասիլևնան, հավատալով Սանյային, ինքնասպանություն է գործում։ Սանյային մեղադրում են զրպարտության մեջ և վռնդում Տատարինովների տնից։ Այնուհետև նա երդվում է գտնել կորած արշավախումբը և ապացուցել իր ասածի ճիշտ լինելը։ Սանյան դառնում է օդաչու և տեղեկություններ հավաքում արշավախմբի կապիտան Տատարինովի մասին։ Այս որոնումները միահյուսվում են Կատյայի հետ նրա հարաբերությունների զարգացման և Սանյայի հարազատների, ընկերների ու ծանոթների կյանքին անցումների հետ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմաօդային ուժերի կապիտան Ալեքսանդր Գրիգորևը հարկադիր վայրէջք է կատարում արկտիկական ափին։ Հայտնաբերելով, որ վայրէջքի վայրի կոորդինատները համընկնում են մայրցամաքում կորած գիտարշավի վայրէջքի ենթադրվող կետի հետ, նա գտնում է ձյունապատ վրան, իսկ դրանում՝ կապիտան Տատարինովի աճյունը և պայուսակը՝ նրա թղթերով և ֆոտոպատմություններով։ Այդ գտածոները նրան թույլ են տալիս վերջնական լույս սփռել արշավախմբի հայտանգործության և մահվան հանգամանքների վրա։

Վեպի կարգախոսը՝ «պայքարել և փնտրել, գտնել և չհանձնվել», բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնի «Ուլիս» բանաստեղծության եզրափակիչ տողն է (բնօրինակում՝ To strive, to seek, to find, and not to yield), որն իր հերթին արդեն ռուս ծովագնաց, ծովակալ Իվան Ֆեոդորովիչ Կրուզենշտեռնի կարգախոսն էր։ Այս տողը փորագրված է Ռոբերտ Սքոթի՝ դեպի Հարավային բևեռ արշավախմբի կործանման հիշատակին նվիրված խաչին, որը տեղադրված է Օբսերվեյշն բլրի վրա։

Պատմական նախատիպեր

խմբագրել

Կավերինը նշել է, որ «Երկու կապիտան» վեպի ստեղծումն սկսվել է երիտասարդ գիտնական-գենետիկ Միխայիլ Լոբաշյովի հետ հանդիպումից[3][4], որը տեղի է ունեցել Լենինգրադի մերձակա առողջարանում 1930-ականների կեսերին։ «Դա մի մարդ էր, որտեղ տաքարյունությունը միավորված էր շիտակության, իսկ համառությունը՝ նպատակի զարմանալի հստակության հետ,— հիշել է գրողը։– Նա կարող էր հաջողության հասնել ցանկացած գործում»[5]։ Լոբաշյովը Կավերինին պատմել է իր մանկության, վաղ տարիներին ունեցած տարօրինակ համրության, որբության, անազատության, Տաշքենդի դպրոց-կոմունայի և այն մասին, թե ինչպես է հետագայում կարողացել ընդունվել համալսարան և դառնալ գիտնական։

Գլխավոր հերոսի ևս մեկ նախատիպ է դարձել ռազմական օդաչու Սամուիլ Կլեբանովը, որը հերոսաբար զոհվել է 1942 թվականին։ Նա գրողի համար բացահայտել է թռիչքային վարպետության գաղտնիքները[6]։

Կապիտան Իվան Լվովիչ Տատարինովի կերպարը հիշեցնում է մի քանի պատմական անալոգների[7][8]։ 1912 թվականին նավարկության են մեկնել երեք ռուսական բևեռային արշավախմբեր՝ «Սբ. Ֆոկա» նավով Գեորգի Սեդովի հրամանատարությամբ, «Սբ. Աննա» երկկայմ առագաստանավով՝ Գեորգի Բրուսիլովի ղեկավարությամբ և «Հերկուլես» միակայմանավով Վլադիմիր Ռուսանովի մասնակցությամբ։ «Սուրբ Մարիամ» երկկայմ առագաստանավի արշավախումբը վեպում գրեթե կրկնում է «Սուրբ Աննա» նավի ճանապարհորդության ժամկետները և երթուղին։ Կապիտան Տատարինովի արտաքինը, բնավորությունն ու հայացքները նրան նմանեցնում են Գեորգի Սեդովին[9]։ Կապիտան Տատարինովի արշավախմբի որոնումները հիշեցնում են Ռուսանովի արշավախմբի որոնման մասին։

Իվան Կլիմովի վեպի հերոսներից մեկի՝ «Սուրբ Մարիամի» ղեկապետի ճակատագիրը նման է «Սուրբ Աննայի» ղեկապետի իրական ճակատագրին[10]։ Վեպի սկզբի նամակների տեսարանը նույնպես ունի իրական հիմք. երբ Ալբանովը հեռացել է «Սուրբ Աննանյից», նա իր հետ տարել է արշավախմբի անդամների նամակները, որոնցից ոչ մեկը չի հասցել հասցեատիրոջը[11]։ Արթուր Գոտլիբը[12][13]՝ Պսկովի գիմնազիայի տնօրենը, որտեղ սովորել է հեղինակը, Նիկոլայ Անտոնովիչ Տատարինովի նախատիպն է, որը վեպի «ամենաբացասական» հերոսներից մեկն է։

Հրապարակումներ

խմբագրել

Վեպի առաջին հատորն առաջին անգամ հրապարակվել է «Костёр» մանկական ամսագրում 1938-1940 թվականներին[14]։ Առաջին առանձին հրատարակությունը լույս է տեսել 1940 թվականին Դետիզդատում՝ Յու Սիռնևի գեղարվեստական ձևավորմամբ և Վ. Կոնաշևիչի աշխատանքի ճակատազարդով[15]։ Առաջին ամբողջական հրատարակությունը լույս է տեսել 1945 թվականին նկարիչներ Բ. Դեխտերևի և Վ. Լադյագինի ձևավորումներով[16]։

Բեմադրություններ

խմբագրել

Վեպը երկու անգամ էկրանավորվել է․

2001 թվականին վեպի մոտիվներով բեմադրվել է «Նորդ Օստ» մյուզիքլը։

Հիշատակ

խմբագրել
  • 2003 թվականին Մուրմանսկի մարզի Պոլյարնի քաղաքի գլխավոր հրապարակը կոչվել է Երկու կապիտանների հրապարակ։ Հենց այդտեղից են մեկնել Վլադիմիր Ռուսանովի և Գեորգի Բրուսիլովի բևեռային արշավախմբերը։ Դրանից բացի, հենց Պոլյարնիում է տեղի ունեցել վեպի գլխավոր հերոսների՝ Սանյա Գրիգորևի և Կատյա Տատարինովայի հանդիպումը երկարատև բաժանումից հետո։
  • 1995 թվականին «Երկու կապիտան» վեպի հերոսների հուշարձանը տեղադրվել է հեղինակի հայրենի Պսկով քաղաքում (գրքում ներկայացված է Էնսկ անունով)։
  • 2002 թվականի ապրիլի 18-ին Պսկովի մարզային մանկական գրադարանում բացվել է «Երկու կապիտան» վեպի թանգարանը[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://fantlab.ru/edition177677
  2. Мария Майофис (2017 թ․ հունիսի 16). «Как читать «Двух капитанов»». Arzamas.academy (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. В. Свирский. Откуда вы, герои книг? (Очерки о прототипах). Москва: Книга, 1972. Стр. 78.
  4. Ъ-Власть — «В России есть многообещающие трансгенные организмы»
  5. В. Каверин. Собрание сочинений. Том 1. Гос. Изд-во Худож лит-ры, 1963. Стр. 14.
  6. В. Каверин. Из разных книг. Молодая гвардия, 1961. Стр. 10.
  7. И. Я. Бражнин. Сумка волшебника. Лениздат, 1978. Стр. 307.
  8. Пути в незнаемое. Выпуск 16, 1982. Стр. 413.
  9. Кошин, 2013
  10. Г. И. Кублицкий. По материкам и океанам. Гос. изд-во детской лит-ры, 1957. Стр. 202.
  11. Кошин, 2014
  12. «Бирштейн А. Суета сует?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Маркова М. Т. Такие разные, разные лица… (Учителя мужской гимназии начала XX в.) Արխիվացված 2016-03-09 Wayback Machine // Псков. 2008. — № 28 — 244 с. — ISBN 978-5-87854-423-8.
  14. «Вениамин Каверин «Два капитана»». Лаборатория Фантастики.
  15. Каверин В. Два капитана. — Москва, Ленинград: Детиздат ЦК ВЛКСМ, 1940. — 464 с. — 25 000 экз.
  16. Каверин В. Два капитана. — Москва, Ленинград: ДЕТГИЗ Наркомпроса РСФСР, 1945. — 344 с.
  17. «Музей» (ռուսերեն). Псковская областная библиотека для детей и юношества им. В.А.Каверина. Արխիվացված է օրիգինալից 2020-11-16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Երկու կապիտան հոդվածին