Երիտասարդության միջազգային օր

Երիտասարդության միջազգային օր (անգլ.՝ International Youth Day), երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին[4]։

Երիտասարդության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՕգոստոսի 12[1]
սկսած2000[2]
Հաստատվածդեկտեմբերի 17, 1999[3]
Անվանված էԵրիտասարդություն
Ի հիշատակԵրիտասարդություն[1]
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն
Կայքun.org/en/observances/youth-day(անգլ.) և un.org/es/observances/youth-day(իսպ.)

Նախապատմություն

խմբագրել

1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ (A/RES/50/81)՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը (ԵԳՀԾ (WPAY))[5]։

1998 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում (WCMRY/1998/28)[6] առաջարկել է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։

Հռչակում

խմբագրել

Իր աջակցությունը հայտնելով Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել (A/RES/54/120, կետ 7-րդ)[7] օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

Նպատակ

խմբագրել

Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին[8]։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ (հատկապես երիտասարդների շրջանում)։
Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։

Անցկացման ձև

խմբագրել

Ավանդաբար տոնի նախօրեին ուղերձով հանդես է գալիս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Տարբեր երկրներում շնորհավորական ուղերձներով հանդես են գալիս նաև կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, տարաբնույթ միջազգային և ազգային կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները։ Տեղի են ունենում ոլորտի պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ, երիտասարդական ու մշակութային միջոցառումներ։

Միջազգային օրվա թեմաներ

խմբագրել

Յուրաքանչյուր հերթական օրվա (տարվա) համար ընտրվում է որոշակի թեմատիկ ուղղություն, որի շրջանակում էլ փորձ է արվում համատեղել, կենտրոնացնել շահագրգիռ կողմերի ջանքերը[9]։

  • 2020 թվական՝ «Երիտասարդների ներգրավվածությունը համաշխարհային հարցերում»[10]
  • 2019 թվական՝ «Փոխակերպելով կրթությունը»
  • 2016 թվական՝ «Ճանապարհ դեպի 2030՝ վերացնել աղքատությունը և հասնել կայուն սպառնման և արտադրության»
  • 2015 թվական՝ «Երիտասարդություն և քաղաքացիական մասնակցություն»
  • 2014 թվական՝ «Երիտասարդություն և հոգեկան առողջություն»
  • 2013 թվական՝ «Երիտասարդության միգրացիա՝ առաջընթաց զարգացման ճանապարհին»
  • 2012 թվական՝ «Կառուցենք ավելի լավ երկիր. համագործակցություն երիտասարդության հետ»
  • 2011 թվական՝ «Փոխենք մեր աշխարհը»
  • 2010 թվական՝ «Երկխոսություն և փոխըմբռնում»
    • 2010 - 2011` Երիտասարդության միջազգային տարի
  • 2009 թվական՝ «Կայունություն՝ մեր մարտահրավերը, մեր ապագան»
  • 2008 թվական՝ «Երիտասարդությունն ու կլիմայի փոփոխությունը. ժամանակն է գործելու»
  • 2007 թվական՝ «Եղիր նկատելի, եղիր լսելի. երիտասարդության մասնակցությունը հանուն զարգացման»
  • 2006 թվական՝ «Աղքատության դեմ համատեղ պայքար. երիտասարդությունն ու աղքատության վերացումը»
  • 2005 թվական՝ «ԵԳԾՀ+10. պարտավորությունների ապահովում»
  • 2004 թվական՝ «Երիտասարդությունը սերունդների համագործակցության վրա հիմնված հասարակությունում»
  • 2003 թվական՝ «Երիտասարդների համար արժանապատիվ և արդյունավետ աշխատանք ամենուրեք»
  • 2002 թվական՝ «Այժմ և հանուն ապագայի. երիտասարդության գործունեությունը՝ կայուն զարգացմամբ»
  • 2001 թվական՝ «Առողջապահական և գործազրկության խնդիրների լուծում»
  • 2000 թվական՝ Երիտասարդության միջազգային առաջին օրվա անցկացում

Հայաստանում

խմբագրել
 
Երիտասարդության միջազգային օր Կապանում․Ազգային պարերի ուսուցում Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Սիսիանի «Որոտնա» համույթի մասնակցությամբ

2000-ականների կեսերից տոնը սկսել են նշել նաև Հայաստանում։ Այդ օրը Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում իրականացվում են տոնին նվիրված տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ պաշտոնատար անձանց այցեր, հանդիպումներ, քննարկումներ երիտասարդական կազմակերպությունների ու խմբերի հետ[11]։

Մայրաքաղաքում ու մարզերում անցկացվում են երիտասարդական փառատոններ, ֆորումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, էքսպո-ցուցահանդեսներ, աշխատանքի տոնավաճառներ, մշակութային-ժամանցային միջոցառումներ և այլն։ Դրանց գերակշիռ մեծամասնությունը հանրային, բաց մասնակցային սկզբունքով, հաճախ ՏԻՄ կառույցների հետ համագործակցելով, նախապատրաստում ու իրականացնում են երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը[12][13][14]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.un.org/en/observances/youth-day
  2. https://web.archive.org/web/20110514200049/http://www.un.org/events/youth2000/
  3. https://undocs.org/es/A/RES/54/120
  4. LLC, Helix Consulting. «Երիտասարդության միջազգային օրն է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «A/RES/50/81 - R - A/RES/50/81». undocs.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  6. World Conference of Ministers Responsible for Youth (1998; Lisbon). Report of the World Conference of Ministers Responsible for Youth: 8-12 August 1998, Lisbon. -New York: UN, 1999.
  7. «A/RES/54/120 - R - A/RES/54/120». undocs.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Երիտասարդության միջազգային օրն». {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  9. Nations, United. «Events». United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  10. Nations, United. «International Youth Day». United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «Երիտասարդների միջազգային օրը Հայաստանում». youth.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «Գյումրիում նշեցին երիտասարդների միջազգային օրը».
  13. «Գյումրիում անցկացվել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ». tsayg.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  14. «Երիտասարդության միջազգային օրը երիտասարդական մայրաքաղաքում | YSU IB». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.