Երազանքների կացարանը (գերմ.՝ Die Traumbude), Էրիխ Մարիա Ռեմարկի դեբյուտային գիրքը։ Առաջին անգամ լույս է տեսել 1920 թվականին։ Նվիրված է Ֆրից Հարստեմայերի և Լյուչիա Դիտրիխի հիշատակին[1]։

Երազանքների կացարանը
գերմ.՝ Die Traumbude
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Երկիր Գերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1920

Գլխավոր գործող անձինք խմբագրել

  • Ֆրից Շրամ, նկարիչ, կոմպոզիտոր, «երազանքների կացարանի» սեփականատերը
  • տիկին Ֆրիդհայմ, Ֆրիցը ծանոթուհին
  • Էլիզաբեթ Հայնդորֆ, տիկին Ֆրիդհայմի զարմուհին
  • Էռնստ Վինտեր, երիտասարդ կոմպոզիտոր, Ֆրիցի ընկերը
  • Ֆրիդ, Ֆրիցի ծանոթը
  • Փոհլեն, Ֆրիցի ծանոթուհին
  • Լանա Ռայներ, օպերային երգչուհի 
  • Օյգեն Հիլմեր, Էռնստի ընկերը 
  • իշխան Ռեզնիկով, միլիոնատեր, արդյունքում՝ Լանայի ամուսինը
  • Տրիկս Բերգեն, Էռնստ Վինտերի ծանոթուհին
  • Լուիզա (Լու), Ֆրիցի սիրեցյալը։ Մահացել է վեպում նկարագրվող իրադարձություններից առաջ։

Սյուժե խմբագրել

Տիկին Ֆրիդհայմը Ֆրիցին ծանոթացնում է իր զարմուհի Էլիզաբեթի հետ։ Ֆրիցը նրա մեջ տեսնում է այն քնքուշ կերպարը, որն ինքը երկար ժամանակ փնտրել է իր նկարն ավարտելու համար, և հրավիրեում է նրան իր տուն, որտեղ աղջիկը ռոյալ է նվագում։ Ֆրիցն իր սիրեցյալի՝ Լուիզայի մասին հիշողությունների գիրկն է ընկնում։ Լուիզան արդեն չկա, սակայն նրա մասին հիշողություններն արթուն են ինչպես Ֆրիցի մեջ, այնպես էլ՝ նրա բնակարանում, «Երազանքների կացարանում», Ֆրիցի կողմից արված փայլուն դիմանկարում, որը պատված է բազմաթիվ ծաղիկներով։ Էլիզաբեթը որոշում է մնալ քաղաքում, որ ավելի հաճախ այցելի Ֆրիցին, քանի որ վերջինս նրան սրտամոտ մարդ է։ Նա ծանոթանում է Ֆրիցի երիտասարդ ընկերների՝ Ֆրիդի և Պոլհենի հետ, որոնք հաճախ ծաղրում եմ միմյանց, սակայն, թվում է, թե համակրում են միմյանց։ Այնուհետև նրանք ծանոթանում են Ֆրիցի մեկ այլ ընկերոջ՝ Էռնստ Վինտերի հետ, որն սկսնակ երաժիշտ է։ Էռնստի ու Էլիզաբեթի միջև զգացմունք է առաջանում։ Նույն ժամանակ Ֆրիցը հանդիպում է իր հին ընկերուհու՝ Լանա Ռեյների հետ։ Վերջինս օպերային երգչուհի է, որը հետո մեծ դեր է խաղալու հերոսների կյանքում։

Էռնստը, չնայած Էլիզաբեթի հետ հարաբերություններին, որոշում է Լայպցիգ մեկնել, որպեսզի օպերային սեզոնի սկզբին փորձի աշխատանք գտնել։ Ֆրիցի կրտսեր ընկերն ուղեկցում է նրան ճանապարհին։ Լայպցիգում Էռնստը հանդիպում է Օյգեն Հիլմերի հետ, վերջինս նրան օգնում է տեղավորվել այնտեղ։ Էռնստը շատ է կարոտում իր ընկերներին, իր «Երազանքների կացարանը» և նամակներ է ստանում Էլիզաբեթից։ Սակայն երեկոներից մեկի ընթացքում նա հանդիպում է սևաչյա ու սևահեր, կրքոտ ժպիտ ունեցող Լանային, որն Էլիզաբեթի նուրբ ու հրեշտակային կերպարի ճիշտ հակապատկերն է։ Էռնստը, հմայվելով նրա դյութանքներով, սիրահարվում է նրան, և Լանան էլ պատասխանում է նրան։ Նա աղջկա համար երաժշտություն է գրում։ Բեռլինյան երգչախմբի ղեկավարը նրան լավ աշխատանք է առաջարկում, սակայն ինչ-որ բան Էռնստին հանգիստ չի տալիս։ Նա սկսում է գիտակցել, որ սխալ է արել, որ սկսել է հանդիպել Լանայի հետ։ Նրանք վիճում են։

Շուտով նա Էլիզաբեթից նամակ է ստանում, որտեղ վերջինս նրան հայտնում է Ֆրիցի մահվան մասին։ Ֆրիցը շատ բան է արել իր մտերիմների համար և ուզում էր, որ նրանք հոգ տանեն «Երազանքների կացարանի» համար։ Ֆրիցն իր բնակարանն Էռնստին է կտակել։ Էռնստը որոշում է տուն վերադառնալ։ Նույն ժամանակ Լանան սկսում է պատասխանել իշխան Ռեզնիկովի ուշադրությանը (ի վերջո նրանք ամուսնանում են)։ Էռնստը հասնում է Ֆրիցի թաղմանը։ Նա գերեզման է նետում Լուիզայի դիմանկարը, որը նկարչի լավագույն ստեղծագործությունն է եղել իր ողջ կյանքի ընթացքում։ Ֆրիցը մահացել է իր երազանքների կնոջ ծննդյան նախօրեին։ Դիակիզման ժամանակ Էռնստը երգեհոն է նվագում, նվագում է ոգեշնչված, այնպես, ինչպես նախկինում երբևէ չի նվագել։ Սակայն իր մտերիմ ընկերոջ մահը չափացանզ ծանր է ազդում Էռնստի վրա. Թաղումից հետո նա լուրջ հիվանդանում է։ Վեց շաբաթ պայքարում է կյանքի ու մահվան սահմանագծին, և այդ ամբողջ ընթացքում Էլիզաբեթը հոգ է տանում նրա համար։ Վերականգնվելով՝ ընկերները հավաքվում են «Երազանքների կացարանում», սակայն առանց Ֆրիցի այս վայրն արդեն նույնքան չքնաղ չի, ասես դրա հոգին կորսված լինի։ Էռնստն սկսում է այնտեղ ապրել և երաժշտություն ստեղծել։

Վեպի ավարտին Էռնստն ու Էլիզաբեթը միմյանց սեր են խոստովանում և միասին են ապրում «Երազանքների կացարանում»։

Գրքի առանձնահատկություններ խմբագրել

Ռեմարկի այս վաղ ստեղծագործությունը շատ է տարբերվում գրողի հայտնի գործերի մեծ մասին։ Այնտեղ որևէ խոսք չկա պատերազմի մասին, փոխարենը, գիրքը լիքն է գերմանացի դասականների բանաստեղծություններով և սիրո մասին մտորումներով, միևնույն ժամանակ՝ ոճը վերամբարձ է, և պաթոսը տեղ ունի դրանում.

«Թող մեր երջանկությունը հասնի աստղերին և արևին, և մենք երջանկությունից մեր ձեռքերը կհասցնենք երկինք, սակայն մի օր մեր ամբողջ երջանկությունն ու բոլոր երազանքները կավարտվեն, և կմնա նույնը. ողբը կորցրածի համար։ Մարդ լինելը ծանր բեռ է։ Միմյանք ձեռքերը միշտ բռնելու ցանկությունը և միմյանց կորցնելը իրար մշտապես փոխկապակցված են։ Ամբողջ կյանքում պայքարել, մենամարտել, տոնել, տառապել, և ի վերջո, ամեն ինչ կորցնել»։

Վեպն ընթերցողների ու քննադատների կողմից չի ընդունվել չափազանց «սենտիմենտալության» և «դրամատիզմի» պատճառով[2]։ Արդյունքում Ռեմարկն ինչ-որ չափով ամաչել է իր առաջին աշխատանքների, այդ թվում՝ «Երազանքների կացարանի» համար։

Թարգմանություններ խմբագրել

1930 թվականին հայտնվել են գրքի առաջին թարգմանությունները։ Ռիգայի «Գրամատու դրաուգս» հրատարակչատանը լույս են տեսել առաջին թարգմանությունները լատվիերենով և ռուսերենով([3])։ 1931 թվականին լույս է տեսել գրքի հոլանդերեն թարգմանությունը[4]։ Ռուսերեն երկրորդ թարգմանությունը լույս է տեսել միայն 60 տարի հետո, 1991 թվականին, «Մեդիկուս» հրատարակչատանը։ 2000 թվականին «Վագրիուս» հրատարակչատունը լույս է ընծայել գրքի նոր թարգմանությունը ռուսերենով՝ Ե. Միխելևիչի թարգմանությամբ[5]։ Վ. Միխայլովը, ռուսերեն թարգմանություններից 100 բառանոց երկու հատվածներ վերլուծելով և համեմատելով դրանց համապատասխան բնագրի հետ, եզրակացրել է, որ երկուսն էլ չեն փոխանցում բնագրի ողջ իմաստը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рут Мартон. Э. М. Ремарк: «Береги себя, мой ангел» [=Mein Freund Boni; 1993] / пер. А. Анваера. — М.: Арт-Флекс, 2001. — С. 66 (гл. III).
  2. Бабенко В. Ремарк становится Ремарком. // Ремарк Э. М. Приют грёз. Гэм. Станция на горизонте. М.: Вагриус, 2005 г. — С. 7.
  3. Абызов Ю. И. А издавалось это в Риге 1918—1944. — М.: Русский путь, 2006. — С. 230.
  4. Schneider T.F. Erich Maria Remarque, Die Traumbude, Station am Horizont: die unselbstständigen Publikationen (1916—1968); eine Bibliographie. — Osnabrück : Rasch, 1995. — S. 23.
  5. 5,0 5,1 В. Михалёва. «Лексика романа Э. М. Ремарка „Die Traumbude“ и его переводов на русский язык: сопоставительный анализ» Արխիվացված 2013-12-10 Wayback Machine