Եվրոպական Խորհրդարանը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) Եվրամիության օրենսդիր մարմինն է։ Ստեղծման գաղափարն սկիգբ է առել 1950-ական թթ. Եվրահամայնքի ձևավորման առաջին համաձայնագրերից։

Խորհրդակցությունների դահլիճ

Կառուցվածք խմբագրել

1979 թվականից կազմավորվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ, անդամ պետությունների ներկայացուցիչների ուղղակի ընտրությունների արդյունքում՝ անդամ երկրների բնակչության թվաքանակին համարժեք։ Ունի ներքին, արտաքին և ժամանակավոր հանձնաժողովներ։ Եվրախորհրդի հետ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, Եվրամիության կառույցների միջոցով իրականացնում ժողովրդավարական գործառնություններ, վերահսկում, ընդունում կամ մերժում Եվրամիության բյուջեն։ ԵԽ-ի նիստերը գումարվում են Ստրասբուրգում. հանձնաժողովների, քաղաքական խմբակների աշխատանքային հանդիպումները նաև Բրյուսելում։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմը խմբագրել

Հայկական հիմնախնդիրներին առաջին անգամ անդրադարձել է 1987 թվականի հուլիսի 18-ի որոշումով, որով Թուրքիային կոչ էր արվում հաշտվել իր պատմական անցյալի հետ և ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանության փաստը։ Առանձին հոդվածով Թուրքիային պարտավորեցվում էր հոգ տանել և պահպանել իր տարածքում գտնվող հայկական պատմաճարտարապետական հուշարձանները։ Ղարաբաղյան շարժման վերսկսման և Ադրբեջանի կողմից արցախահայությանը պարտադրած պատերազմի ընթացքում ԵԽ ընդունել է մեկ տասնյակ բանաձևեր։ 1988 թվականի մարտի 10-ին ընդունած առաջին բանաձևում արձանագրվել է Հայաստանում տեղի ունեցող բազմամարդ ցույցերի փաստը և Եվրոպական համայնքի անդամ երկրներին կոչ է արվել հայանպաստ միասնական դիրքորոշում ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Երկրորդ բանաձևը ընդունվել է նույն թվականի հուլիսի 7-ին. որում նշվում է. «... նկատի ունենալով Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորվելու պահանջը և Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակը որպես Հայաստանի մաս. ինչպես նաև 1988 թվականի փետրվարին Աումգայիթում սանձազերծած կոտորածները դատապարտել հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները և աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Ղսոսբաղը Հայաստանի հետ միավորելու պահանջին, ապահովել Ադրբեջանի հայ բնակչության անվտանգությունը, պատմել հայկական ջարդերն իրականացնողներին...»։ Բանաձևում, որպես հիմնախնդրի ժամանակավոր լուծում, առաջարկվել է ԼՂ-ի կառավարումը հանձնել կենտրոնական իշխանությանը։ 1989-1991 թվականներին ընդունած բանաձևերում մտահոգություններ են արտահայտված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների անօրինական ձերբակալության, Բաքվի հայկական ջարդեր, ՀՀ և ԼՂ շրջափակման, «Օղակ» գործողության ժամանակ խորհրդային բանակի և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականների կատարած բռնությունների և անօրինականությունների կապակցությամբ։ 1991-1994 թվականներին ընդունված բանաձևերն առանձնանում են հակամարտող կողմերի միջև որոշակի հաշվեկշիռ ապահովելու ձգտմամբ և փոփոխված դիրքորոշումներով։ 2002 թվականի փետրվարին և 2004 թվականի հունվարին խորհրդարանը պատգամավոր Պ. Գարթոնի ներկայացրած զեկույցների հիման վրա ընդունել երկու բանաձև, որոնցով կոչ է արվում հակամարտող կողմերին հիմնախնդիրը լուծել քաղաքական և ոչ առճակատման ճանապարհով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։