Բացել գլխավոր ցանկը

Ենթավարպետ, միջին դարերում արհեստանոցի տիրոջ մոտ աշխատող վարձու արհեստավոր, համքարության անդամ։ Փոքր Ասիայում, Միջին Ասիայում և արևելյան մի շարք քաղաքներում կոչվել է խալֆա, Վրաստանում՝ քարգահ։ Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում ենթավարպետը բարձր է դասվել աշակերտից, եղել է տնտեսապես համեմատաբար բարվոք վիճակում, ստացել աշխատավարձ, ունեցել իր աշխատանքի ու աշխատավարձի վերաբերյալ վարպետի հետ գրավոր կամ բանավոր պայման կապելու իրավունք։ Նրան արգելվել է առանց վարպետի գիտության պատվեր ընդունել։ Այլ բնակավայր աշխատանքի տեղափոխվելիս ենթավարպետը պարտավոր էր արհեստին տիրապետելու և իր վարքի մասին տեղեկանք ներկայացնել՝ հաստատված նախկին վարպետի (երբեմն երկու վարպետի) կողմից։

Վարպետների խորհրդում քննվում էր ենթավարպետի աշխատանքը, եթե այն բարձրորակ էր, նրան տրվում էր վարպետի իրավունք, առանձին արհեստանոց բացելու արտոնություն։ Կանոնադրությունը խախտելու դեպքում Ենթավարպետը պատժվում էր։ Առավել տարածված պատժաձևերից էին կրպակը փակելը, բնամթերային կամ դրամական տուգանքը, բանադրանքը։ Եվրոպայում, մի քանի տարի աշխատելուց հետո, ենթավարպետ մեծ մասամբ դառնում էր վարպետ, սակայն սկսած 14-րդ դարից, և հատկապես 15-16 դարերի, կապված արհեստավորների մեջ սկսված շերտավորման և համքարություններում նոր անդամներ ընդգրկելու սահմանափակման հետ, վարպետ դառնալը խիստ դժվարացավ։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետ Ենթավարպետների մեծ մասը դարձավ վարձու բանվոր: Ֆրիդրիխ Էնգելսի արտահայտությամբ ամենուրեք ենթավարպետները մտնում էին նախապրոլետարիատի կազմի մեջ։ Հայաստանում ենթավարպետների խավը պահպանվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516 CC-BY-SA-icon-80x15.png